Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք սոպրանոները վերադարձան Հունաստանից

Դեկտեմբեր 24,2010 00:00

Ռոզա Հովսեփյանի, Գայանե եւ Լիլիթ Գրիգորյանների հերթական հյուրախաղը

\"\"
Ռ. Հովսեփյանը, Լ. եւ Գ. Գրիգորյանները:

Օպերային երգչուհիներ Ռոզա Հովսեփյանը, Գայանե եւ Լիլիթ Գրիգորյանները օրերս են վերադարձել Հունաստան կատարած համերգային շրջագայությունից: «Համազգայինի» նախաձեռնությամբ ու հրավերով երեք սոպրանոները Աթենքում եւ Սալոնիկում հանդես են եկել «Երազային մեղեդիներ» ծրագրով, նրանց նվագակցել է նախկին հայաստանցի դաշնակահար Նունե Դոնիկյանը: Աթենքում երգչուհիները ելույթ են ունեցել «Ֆիլիփոս Նաքաս» հայտնի սրահում, տեղի Սուրբ Հակոբ եկեղեցում մասնակցել են Եկմալյանի պատարագի կատարմանը, իսկ Սալոնիկի Սուրբ Աստվածածին եկեղեցում համերգ ունեցել:
Հայկական վոկալ դպրոցի հիշյալ ներկայացուցիչներին բարձր են գնահատում մասնագետները: Օպերային արվեստի սիրահարները հավանաբար կհիշեն Ազգային օպերային թատրոնի մեներգչուհիներ Ռոզա Հովսեփյանին եւ միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիթ Գրիգորյանին, առաջինին՝ Չուխաջյանի «Դավիթ- Բեկ», Բելինիի «Նորմա», երկրորդին՝ Տիգրանյանի «Անուշ», Վերդիի «Տրուբադուր», «Օթելլո», «Տրավիատա» եւ այլ օպերաներից:
Ռ. Հովսեփյանն աշխատել է ճանաչված ռեժիսորներ Վահագն Բագրատունու, Տիգրան Լեւոնյանի, Բորիս Հայրապետյանի, դիրիժորներ Ռաֆայել Մանգասարյանի, Արամ Քաթանյանի, Յուրի Դավթյանի, Կարեն Դուրգարյանի եւ այլոց հետ: Ժամանակին Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում Լեւոնյանի բեմադրած Պերգոլեզիի «Աղախինը՝ տիրուհի» ներկայացումում, որը Իսպանիայում կայացած օպերային ներկայացումների միջազգային փառատոնում մասնագետների կողմից արժանացավ բարձր գնահատականի, Ռոզան հանդես է եկել գլխավոր՝ Սերպինայի դերերգով: Լ. Գրիգորյանն էլ 2004թ. Ռումինիայի Միշկոլց քաղաքում Պոլինայի դերերգով է հանդես եկել Չայկովսկու «Պիկ թագուհին» ներկայացման մեջ՝ աշխարհահռչակ Ելենա Օբրազցովայի հետ: Լ. Գրիգորյանը բեմ է բարձրացել Կոնստանդին Օրբելյանի ղեկավարած Մոսկվայի պետական կամերային նվագախմբի եւ Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Վլադիմիր Ռիլովի ղեկավարությամբ: Արեւմտյան պարբերականները հաճախ են անդրադարձել թե Ռ. Հովսեփյանի եւ թե Լ. Գրիգորյանի մենահամերգներին, իսկ թե ինչու նրանց հաճախ չենք տեսնում Ազգային օպերային թատրոնի բեմում՝ պատճառն օբյեկտիվ է. բեմը մեկն է, իսկ վերջին տարիներին մեկը մյուսի ետեւից, թատրոնի խաղացանկը հարստացնելու նպատակով, նոր բեմադրություններ են պատրաստվում եւ հնարավորություն չի լինում խաղացանկում եղածները հաճախ ներկայացնել:
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Գայանե Գրիգորյանը բեմում հաճախ երեւալու խնդիր չունի. նա 1993-2008թթ. օպերային թատրոնի մեներգչուհի էր, հանդես է եկել Տիգրանյանի «Անուշում», Դոնիցետիի «Պողիկտոսում» եւ այլն, համերգային ակտիվ գործունեություն է ծավալել Զավեն Վարդանյանի, Արամ Ղարաբեկյանի ղեկավարած Կամերային եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Վերջերս Վիոտտիի անվան օպերային երգիչների 61-րդ միջազգային մրցույթում կոնսերվատորիայի նրա դասարանի ուսանողուհի Լուսինե Մկրտչյանն արժանացավ երկու դիպլոմի՝ «Լավագույն կանացի ձայն» եւ «Հանդիսատեսի համակրանք»: Ի դեպ, հիշյալ մրցույթում Գայանեն 1991թ. արժանացել էր երկրորդ մրցանակի:
Կեսկատակ-կեսլուրջ Լիլիթն ու Գայանեն իրենց ընկերուհուն՝ Ռոզային հանդիմանում են, թե չեն կարողանում նրա հետ հանգիստ շրջել քաղաքում, քանի որ նրան բոլորն են ճանաչում. Ռոզան «Yere 1» սերիալում մարմնավորում է տիկին Վիպոյանին: Երբ երգչուհիներից հարցրինք հունաստանյան տպավորությունների մասին, միաբերան ասացին, թե իրենց «Երազային մեղեդիներ» ծրագիրը երազի պես էլ եկավ ու անցավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել