Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՌՆԱՍՐՏՈՐԵՆ»

Փետրվար 02,2011 00:00 Share

\"\"Այսպես է վերաբերվում ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վահրամ Աթանեսյանը ԵԽԽՎ-ում  Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսմանը:

Հունվարի 28-ին Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստի ժամանակ որոշում ընդունվեց վերսկսել Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները: Ենթահանձնաժողովի նախագահ է նշանակվել իսպանացի պատգամավոր, «Եվրոպացի դեմոկրատների եւ լիբերալների դաշինք» խմբի անդամ Ժորդի Խուգլա ի Կոստան: Հիշեցնենք, որ ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման նախաձեռնությունը ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Մեւլութ Չավուշօղլուինն էր: Պաշտոնը ստանձնելուց ի վեր նա բազում ջանքեր գործադրեց, որ հանձնաժողովը «վերակենդանանա»: Քվեարկության ժամանակ հայաստանյան պատվիրակությունը «դեմ» էր արտահայտվել ենթահանձնաժողովի ստեղծմանը, սակայն անօգուտ: Բյուրոյի բոլոր անդամները, բացի մեր պատվիրակությունից, «կողմ» էին քվեարկել ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսմանը: Ենթադրվում է, որ հայաստանյան պատվիրակությունը կբոյկոտի նոր ենթահանձնաժողովի աշխատանքը: Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեության վերսկսումն արդեն մեկնաբանել են ընդդիմադիր եւ իշխանական ճամբարները ներկայացնող հայաստանյան քաղաքական գործիչներ, եւ նրանցից ոչ մեկը դա դրական չի համարում Հայաստանի համար: Իսկ ի՞նչ են մտածում այս առիթով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Երեկ պատասխանելով «Առավոտի» այս հարցին՝ ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Արցախի ժողովրդական կուսակցության անդամ Վահրամ Աթանեսյանն ասաց. «Եթե հակիրճ ասեմ՝ սառնասրտորեն: Բնականաբար, ոգեւորված չեմ, բայց չեմ էլ կարծում, թե դա ողբերգություն է»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է կարծում մեր զրուցակիցը, ինչի՞ կամ ո՞ւմ թերացման արդյունքն էր այդ որոշումը: Նա խնայեց իր հայաստանցի ու ղարաբաղցի գործընկերներին՝ ասելով. «Ոչ մեկի: Դա ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի նախաձեռնողականության արդյունքն է, որով, իմ տպավորությամբ, նա «եղբայրական» Ադրբեջանին ուզում է ասել, որ ինքն ինչ-որ բան կարող է անել»: Ի դեպ, որոշման մեջ նշվում է նաեւ ենթահանձնաժողովի աշխատանքներում ԼՂՀ ներկայացուցչի մասնակցության մասին: Ովքե՞ր պետք է ներկայացնեն ԼՂՀ-ն այդ ենթահանձնաժողովում եւ ի՞նչ դիրքերից պետք է հանդես գան՝ հարցին պարոն Աթանեսյանը պատասխանեց, որ ԼՂՀ խորհրդարանականները ԵԽԽՎ-ում աշխատանքի որոշ փորձ ունեն: Սակայն, ըստ նրա, խնդիրն այն է, թե արդյոք ադրբեջանական կողմը պատրա՞ստ է երկխոսության. «Ես նկատի չունեմ նրանց «ինքնիշխանական» հավակնությունները: Կարծում եմ, որ Սամադ Սեիդովի գլխավորած պատվիրակությունը, որտեղ հասկանալի պատճառներով «ծանր հրետանու» դերակատարություն վերապահված է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, ուղղակի ասելիք չի ունենա ԼՂՀ պատվիրակներին, բայց դա կփորձի քողարկել «լիազորությունների համարժեքության» չարչրկված «փաստարկով»:

Երեկ մամուլի ասուլիսում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր. «Այս մոտեցումը մեզ համար ընդունելի չէ: Մենք միշտ ասել ենք, որ ԼՂՀ-ն ինքնուրույն երրորդ կողմ է, եւ եթե դուք առաջարկում եք այդ երկու կողմերին՝ ԼՂՀ-ին եւ Ադրբեջանին, հրավիրել, ապա հրավիրեք նրանց եւ լսեք նրանց տեսակետը: Մենք չենք պատրաստվում մեզ վրա վերցնել պատասխանը՝ ԼՂՀ իշխանությունների անունից»: Վահրամ Աթանեսյանը լիովին կիսում է պարոն Հարությունյանի այդ տեսակետը: Ավելին, ասում է. «Դա նաեւ մեր դիրքորոշումն է»: Հետաքրքրվեցինք նաեւ, թե մեր զրուցակցի պատկերացմամբ՝ ի՞նչ քայլեր հիմա պետք է անեն ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն: «Կարծում եմ՝ Չավուշօղլուն, գուցե եւ ակամա, հասել է այն բանին, որպեսզի ԵԽԽՎ-ին հուզող խնդիրներն Ադրբեջանի եւ Արցախի Հանրապետության խորհրդարանական ներկայացուցիչների միջեւ ուղղակի քննարկման համար հարթակ ստեղծվի: ԼՂՀ-ն, իհարկե, ԵԽԽՎ-ի նախագահին անհարմար վիճակի մեջ թողնելու առիթը չի օգտագործի, այլ հնարավորությունն օգտագործելու միջոցներ եւ ձեւեր կգտնի»,- ասաց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել