Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԽԽՎ-ն իրեն խայտառակ արեց»

Փետրվար 02,2011 00:00 Share

ԵԽԽՎ-ում վերջին զարգացումները երեկ մեկնաբանեցին «Ժառանգության» եւ կոալիցիայի ներկայացուցիչները:

ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները «խորհրդարանական դիվանագիտության» հաղթանակ էին գնահատել հունվարի 27-ին ԵԽԽՎ 29 պատվիրակների ստորագրած հռչակագիրը, որում նշված է, թե «ԼՂՀ-ն կայացած պետություն է եւ արժանի է միջազգային ճանաչման»։ Երեկ «Հայացք» ակումբում «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Էդուարդ Շարմազանովից եւ Արամ Սաֆարյանից հեռակա շնորհակալություն հայտնելով այս գնահատականի համար՝ հավելեց. «Լավ կլիներ, որ իրենք նման դեպքերում մատնանշեն նախաձեռնության հեղինակներին, տվյալ դեպքում՝ «Ժառանգությանը» եւ Զարուհի Փոստանջյանին: Եվ երկրորդը՝ ուզում եմ հիշեցնել, որ հենց իշխող կոալիցիայի ջանքերով Զարուհի Փոստանջյանը զրկվեց պատվիրակության մշտական անդամի կարգավիճակից: Եվ այն ժամանակ, երբ առաջադրված էր Չավուշօղլուին ԵԽԽՎ նախագահ ընտրելու հարցը՝ Փոստանջյանի կողմից բազմաթիվ փորձեր եղան կանխել դա, բայց մեր պատվիրակության անդամները ոչ միայն չմիացան այդ նախաձեռնություններին, այլ հենց այդ շրջանում էին զբաղված Զարուհի Փոստանջյանի եւ «Ժառանգության» գործունեությունը ԵԽԽՎ-ում խափանելու մեթոդների փնտրտուքով: Եվ ես հարց պետք է հղեմ իշխող կոալիցիային. արդյոք այն մարտավարությունը, որ իրենք որդեգրել էին Չավուշօղլուի հետ կապված՝ որպես հավանական ապագա ԵԽԽՎ նախագահ հարաբերություններ չփչացնելու եւ այդ նպատակով իր դեմ որեւէ քայլ չձեռնարկելու, այս մեկ տարվա կտրվածքով իրենք արդարացվա՞ծ են համարում»:

Երեկ ԱԺ-ում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ասուլիսի ընթացքում «Առավոտը» Խուրշուդյանի այդ հարցն ուղղեց Դավիթ Հարությունյանին: Ի պատասխան՝ նա նախ նշեց. «Երբեւէ չեմ ասել, թե Չավուշօղլուի հետ հարաբերությունները չփչացնելու համար մենք չենք առարկելու նրա ընտրությանը: Մենք ասել ենք, եւ շարունակելու եմ ասել նույնը՝ ԵԽԽՎ-ում ձեւավորված է քաղաքական ավանդույթ, որն ամրագրված է քաղաքական խմբերի միջեւ առկա պայմանագրով: Այն նախատեսում է, թե ինչ հերթականությամբ եւ որ քաղաքական խումբն է զբաղեցնելու ԵԽԽՎ նախագահի պաշտոնը»: Մանրամասնելով, թե տվյալ խումբն է գաղտնի քվեարկությամբ որոշում ԵԽԽՎ նախագահի թեկնածուին՝ պրն Հարությունյանը հավելեց. «Այնպես որ՝ ասելը, թե ինչու չառարկեցին, չխոչընդոտեցին՝ նշանակում է ուղղակի չտիրապետել Վեհաժողովում առկա գործընթացներին»:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարին խնդրեցինք նաեւ անդրադառնալ Հովսեփ Խուրշուդյանի մեկ այլ դիտարկմանը. «Դավիթ Հարությունյանը 2 տարի եղել է ԵԽԽՎ բյուրոյի փոխնախագահ ու պետք է որ կապեր ունեցած լինի: Բայց նույնիսկ 1 դեմ չկարողացավ ապահովել ԵԽԽՎ բյուրոյի այն որոշմանը, որ վերստեղծվի Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ հանձնաժողովը: Եվ մենք, ամեն դեպքում, պարտություն կրեցինք»: Դավիթ Հարությունյանն այս կապակցությամբ մասնավորապես նշեց, որ բյուրոյի կազմը փոխվել է գրեթե ամբողջությամբ: Ավելի ուշ հիշեցրեց նաեւ, որ քվեարկություն չի եղել, այլապես կարող էին լինել նաեւ դեմ քվեարկողներ:

Նա ասուլիսում մանրամասներ պատմեց, թե Վեհաժողովի եւ Նախարարների կոմիտեի թուրք ղեկավարների պայմաններում ինչ մթնոլորտ է այժմ ԵԽԽՎ-ում, ինչ ընթացակարգային եւ այլ խախտումներ են կատարվում: Այս ամենից հետո «Երկիր մեդիա» հեռուստաընկերության թղթակիցը հետաքրքրվեց, թե նա հիասթափվա՞ծ է ԵԽԽՎ-ից: Հայաստանի պատվիրակության ղեկավարի պատասխանն էր. «Եթե խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մասին է, ապա՝ ոչ: Ընդհանուր առմամբ, ես այստեղ դեռ որոշակի պատրանքներ ունեմ: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը, ապա կարծում եմ, որ Վեհաժողովն իրեն խայտառակ արեց՝ ակնհայտ կողմնակալ գործելակերպով»: Եվ ամփոփեց. «Որոշ հարցերում՝ վեհաժողովի հետ կապված, որեւէ պատրանք այլեւս չունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել