Շաբաթ օրը կայացած ՀԵԿ համագումարից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի որեւէ քաղաքական ուժ ղեկավարելու հնարավորությանը եւ նշել՝ եթե Ռ. Քոչարյանը ցանկանար, ապա կդառնար ՀՀԿ-ի նախագահ կամ պատվավոր նախագահ: Դրան ի պատասխան, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը նշել էր. «Ես, որպես կուսակցության փոխնախագահ, պարզապես պարոն Ծառուկյանին խորհուրդ կտայի ենթադրություններ չանել, դուրս գալ ենթադրությունների դաշտից: Եվս մի քանի խորհուրդ կպահեմ ապագայի համար»: Մի շարք ՀՀԿ-ականների մեկնաբանությունների առնչությամբ ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել էր, թե իրենք հետեւում են բոլոր հայտարարություններին, սակայն Գագիկ Ծառուկյանին զեկուցում են միայն «հեղինակավոր լուրջ քաղաքական գործիչների հայտարարությունների մասին»: Դրան ի պատասխան, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Panorama.am-ի հետ զրույցում հիշեցրեց Չեռնոմիրդինի հայտնի խոսքերը. «Ուզում էին ավելի լավ, ստացվեց՝ ինչպես միշտ»: Իսկ ահա ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը նշեց. «ԲՀԿ խոսնակը քաղաքական դաշտում այնքան կայացած չէ, որ կարողանա որոշել, թե քաղաքական դաշտում որ գործիչն է կայացած, իսկ ով՝ ոչ: Եվ երկրորդ, երբ Զոհրաբյան Ռազմիկը կայացած էր, իրենք քաղաքական արենայում ընդհանրապես գոյություն չունեին: Եվ այսօր չգնահատել մարդկանց, ովքեր տասնյակ տարիներ պայքարել են անկախության համար, պետության կայացման համար՝ ցույց տալով, թե իրենք կայացած են, իսկ դիմացինները՝ ոչ, դա ընդամենը քաղաքական տհասության նշան է: Այդ երիտասարդները խոսելուց առաջ պետք է իմանան՝ ում մասին ինչ են ասում: Դա ուղղակի անպարկեշտության դրսեւորում է»:
ՀՀԿ-ի մեկ այլ արձագանք: «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի մտնում քաղաքական այն ուժերի ցանկի մեջ, որոնք ծնվել են ինչ-որ մեկի նախագծերի իրականացման արդյունքում»,- news.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկության դեպքում վաղուց կարող էր ղեկավարել ՀՀԿ-ն: Սահակյանն ընդգծեց, որ ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ն ունի ընտրված նախագահ եւ ոչ թե՝ «նշանակված գործադիր տնօրեն»:


















































