Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԾ-ն հրապարակեց տարեկան զեկույցը

Փետրվար 02,2011 00:00 Share

Երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակեց 2010թ. հունվար-դեկտեմբերի արդյունքները բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Համաձայն այդ տվյալների՝ 2010թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում թողարկվել է 824292,2 մլն դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 821435,4 մլն դրամի արտադրանք, որից ԱՊՀ երկրներում՝ 59362,8 մլն դրամի, այլ երկրներում՝ 226784,5 մլն դրամի արտադրանք: 2009թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ինդեքսը կազմել է 109,7%:

ՀՀ գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը 2010թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 649,0 մլրդ դրամ, որը 2009թ. համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշի մակարդակը զիջել է 13,4%-ով:

2010թ. hունվար-դեկտեմբերին առեւտրի շրջանառությունը կազմել է 1779444,5 մլն դրամ, որը 2009թ. համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշի նկատմամբ աճել է 4,2 %-ով: 2010թ. հունվար-դեկտեմբերին մանրածախ առեւտրի շրջանառությունը կազմել է 1159766,6 մլն դրամ՝ 2009թ. համապատասխան ցուցանիշի նկատմամբ աճել է 0,6%-ով:

Բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը 2010թ. դեկտեմբերի վերջին կազմել է 356325 մլն դրամ, 2009թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 64706 մլն դրամով կամ 22,2%-ով: Ընդ որում, բնակչությունից ներգրավված ժամկետային ավանդների մնացորդը կազմել է 265517 մլն դրամ եւ 2009թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել՝ 51519 միլիոնով կամ 24,1%-ով:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ամփոփ տեղեկատվության՝ 2010թ. ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանության պետական եւ տարածքային տեսչությունների կողմից ստուգվել է 385 օբյեկտ: Հայտնաբերվել է բնապահպանության օրենսդրության խախտումների 769 դեպք, որոնցից ոչ մեկը սահմանված ժամկետներում չի վերացվել:

ՀՀ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից ստացված տվյալների համաձայն՝ ժամանումների եւ մեկնումների քանակակազմերում գերակշռել են ՀՀ քաղաքացիները, համապատասխանաբար՝ 51,6% եւ 53,4%, Վրաստանի քաղաքացիները՝ 17,3% եւ 16,8%, ՌԴ քաղաքացիները՝ 15,8% եւ 15,1% մասնաբաժինները: Որոշակի մասնաբաժին են ունեցել նաեւ Իրանի քաղաքացիները, համապատասխանաբար՝ 6,9% եւ 6,6%: Ինչպես ժամանումների, այնպես էլ մեկնումների քանակակազմերում տղամարդիկ կազմել են 65%, կանայք՝ 35%:

2010թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրված բնակչության բնական հավելաճի եւ միգրացիայի մնացորդի ցուցանիշների ազդեցությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2010թ. տարեսկզբի նկատմամբ աճել է 12,7 հազար մարդով: 2010թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 44810 ծնված, որը 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 0,9%-ով: 2011թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ, կազմել է 3262,2 հազար մարդ, այդ թվում քաղաքայինը՝ 2088,1 հազար մարդ եւ գյուղականը՝ 1174,1 հազար մարդ:

Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների եւ հետազոտությունների արդյունքում ձեւավորված փորձագիտական գնահատումների, 2010թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ են ժամանել 683979 զբոսաշրջիկներ՝ 2009թ. նույն ժամանակաշրջանի 575281 զբոսաշրջիկների դիմաց, աճի տեմպը կազմել է 118,9%: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով ՀՀ-ից մեկնել է 640032 մարդ, 2009թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ աճի տեմպը կազմել է 121,6%:

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացված եւ հավաքագրված օպերատիվ տվյալների՝ ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2010թ. հունվար-դեկտեմբերին, ընթացիկ գներով, կազմել է 1786.1 մլրդ դրամ կամ $4794.3 մլն, այդ թվում՝ ապրանքների արտահանումը՝ 376.7 մլրդ դրամ, ներմուծումը՝ 1409.4 մլրդ դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել