Ինչքան որ հավաստագրերի ներդրումից ծննդաբերության համար «մաղարիչները» վերացան, այդպես էլ համավճարի ներդրումից կվերանա առհասարակ առողջապահության ստվերը:
Ծննդաբերության մաղարիչ՝ 20-30 հազար դրամ:
Ծննդատանը նորածնին պահելը 1 գիշերվա համար՝ 2000-5000 դրամ:
Փամփերս փոխելը՝ 1000 դրամ:
Բուժքրոջ հոգատարություն՝ օրը 1000 դրամ:
«Սանիտարկային» «նայել»՝ 500 դրամ:
Սա այն գնացուցակն է, որին ծանոթ է մեր երկրում ծննդաբերած ցանկացած կին: Մի բուժհիմնարկում գները մի քիչ ավելի են, մյուսում՝ մի քիչ պակաս, բայց այն, որ վճարում են՝ փաստ է: Թեեւ առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ Հայաստանում ծննդաբերությունն անվճար է, բայց, մեկ է, անօրինական վճարումները միշտ եղել են եւ կան: Նույնը երեխաների անվճար բուժսպասարկման դեպքում է: Անունն անվճար է, բայց մենք հո գիտենք, որ վճարում ենք: Հասարակ մի բան. պոլիկլինիկաներում նորածնին անվճար պետք է մերսեն, եթե բժշկի ցուցումը կա, բայց չգրված գնացուցակ կա՝ 1 օրվա մերսումը՝ 500-1000 դրամ: Այն ծնողները, որոնք բանից անտեղյակ ձեռքը չեն տանում իրենց գրպանը, մերսողները սկսում են երեխային, այսպես ասած, «իրար վրա գցել»՝ չուզենալով այդ «ձրի երեխային» սպասարկել: Պարզապես այնպես են հասկացնում, որ կարգ է, պիտի վճարես: Նույնը ակնաբույժի, լոր մասնագետի սենյակում է:
Հիմա այս ամենը մեզանից լավ իմանալով՝ առողջապահության նախարարությունն ուզում է առողջապահական համակարգում ստվերը կրճատելու եւ կոռուպցիան վերահսկելու համար կիրառել համավճար: Սա ենթադրում է, որ մարդը պետք է վճարումներ կատարի միայն նախօրոք հաստատված գնացուցակի համաձայն ու բժշկի խալաթի գրպանն էլ փող չդնի: «Լավ օրից չէ, որ բժիշկները փող են վերցնում: Նրանց աշխատավարձը շա՜տ ցածր է: Չեք պատկերացնի, թե համավճարի ներդրման համար բժիշկները որքան են ուրախացել, որովհետեւ էլ չեն նայի հիվանդի ձեռքին: Իսկապես, համավճարը շատ լավ բան է»,- Ծաղկաձորում կազմակերպած սեմինարի ժամանակ լրագրողներին համոզում էր «Մուրացան» կլինիկայի ղեկավար Կարմելա Պողոսյանը: Մեր դիտարկմանը, որ «լավ օրի» չլինելն արդարացում չէ «մաղարիչ» վերցնելու համար եւ որքան էլ բարձր աշխատավարձ ստանան՝ միեւնույն է, էլի նայելու են հիվանդի ձեռքին, տիկին Պողոսյանը պատասխանեց. «Կոնկրետ մեր հիվանդանոցի համար կարող եմ ասել, որ մեր բժիշկները փող չեն վերցնում, ստվերային գումարները վաղուց վերացած են, որովհետեւ դրամարկղեր են դրված: Հնարավոր չէ, որ վերցնեն՝ ես չիմանամ, որովհետեւ ես ստուգում եմ ու գիտեմ, որ հիվանդը վճար է մուծում, այդ գումարը չի կարող կորչել, մարդը վճարում է, նորմալ կտրոն են տալիս: Ինչո՞ւ պետք է հիվանդները բժշկի գրպանը փող դնեն, որովհետեւ նույն բժիշկներն արդեն իրենց հիվանդների կատարած վճարումներից աշխատավարձ են ստանում»: Այն, որ բժիշկներն ուրախացել են համավճարի համար, միանգամայն հասկանալի է. եթե առաջ նրանք միայն հիվանդի ձեռքին էին նայում, հիմա, այսպես ասած, երկու մոր կաթ կուտեն. ե՛ւ համավճարից բարձր աշխատավարձ կստանան, ե՛ւ հիվանդից կվերցնեն: Ոնց որ ժամանակին ասում էին՝ դատավորների աշխատավարձը բարձրացնենք, որ փող չվերցնեն՝ սա նույն «լոլոն» է, որովհետեւ ոչ դատավորները կթարգեն իրենց կաշառակերությունը, ոչ էլ բժիշկները՝ «մաղարիչ» վերցնելը: Նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը վստահեցնում էր, որ ինչ ծննդաբերությունն անվճար է դարձել, կնոջը չեն պարտադրում կատարել անօրինական վճարումներ: Տիկին Ավագյանը դա եզրակացրել էր՝ ելնելով նախարարության «թեժ գծի» բողոքներից. «Արդեն եզակի զանգեր են լինում՝ կապված այս կամ այն ծննդատանը գումար պահանջելու հետ, ընդ որում՝ մեծ մասը անհիմն: Կանայք կան, որ լյուքս պալատ են վերցրել, անհատական սպասարկումից են օգտվել ու վերջում, երբ հիվանդասենյակի փող են ուզել՝ զանգել են նախարարություն բողոքելու, թե ծննդաբերությունը անվճար է, ինձնից փող են ուզում: Ախր անհատական սպասարկումը չի մտնում անվճար բուժօգնության մեջ»: Պարզ է, որ նրանք, որոնք ծննդաբերել ու փող են տվել, չէին զանգի նախարարության «թեժ գծին» բողոքելու: Պատահական չէ, որ «թեժ գծին» զանգողների մեծ մասը չի ցանկանում ներկայանալ: Մարդիկ վախենում են, որովհետեւ հաջորդ անգամ եթե տվյալ հիվանդը մեռնի էլ՝ չի կարող այդ հիվանդանոցում բուժվել:
Այնուամենայնիվ, թե նախարարության գնահատմամբ՝ որքան է կազմում ներկայումս համակարգում ստվերը՝ ըստ առողջապահական գործակալության պետի տեղակալ Կառլեն Անտոնյանի՝ «Կար ժամանակ, որ ստվերը առողջապահությունում 91% էր, հիմա իջել է մինչեւ 21%, վճարովի ծառայությունների դեպքում իսկապես ստվերը զգալի կրճատվել է: Եթե մի երկիր ասի, որ իրենց մոտ այդ համակարգում ստվեր չկա՝ սուտ կասի, թող ոչ մեկը գլուխ չգովա, բոլոր երկրներում էլ ստվեր քիչ թե շատ կա: Հիմա մենք չենք կարող արամատախիլ անել այն, բայց կփորձենք կրճատել»:


















































