Մեր երկրում արդեն օրինաչափություն է դարձել՝ ամեն տարի, երբ առատ ձյուն է գալիս, առաջին օրը հանրապետությունով մեկ տրանսպորտը կաթվածահար է լինում: Երեկ մայրաքաղաքի շատ բնակիչներ մեծ դժվարություններով են տեղաշարժվել, հատկապես տուժել են Նորք-Մարաշի, Նոր Նորքի եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում ապրող քաղաքացիները: Այս համայնքներում, աշխարհագրական դիրքով պայմանավորված, մասնավորապես առավոտյան ժամերին, երթուղային տրանսպորտը, կարելի է ասել, ընդհանրապես չէր աշխատում: Օրինակ՝ Նորք-Մարաշ համայնքի բնակիչները վաղ առավոտից ոտքով ճանապարհ էին ընկել աշխատանքի, քանի որ գիծը սպասարկող թիվ 22 երթուղու միկրոավտոբուսները չէին կարողանում գիծ դուրս գալ: Պատճառը՝ միկրոավտոբուսների տեխնիկական վատ վիճակն էր, այս գծի շատ վարորդներ պարզապես վախեցել են ուղեւորների կյանքը վտանգի ենթարկել, քանի որ, բացի այն, որ մշտապես թիվ 22-ը երթեւեկում է գերբեռնված, այս օրերին անվադողերը եղանակային պայմաններին անհամապատասխան լինելու պատճառով, եթե սպասարկեին՝ մեծ վտանգի կենթարկվեին: Թեեւ Նորք-Մարաշում ձյան մաքրման աշխատանքները առավոտից էլ նորմալ կատարվում էին՝ կենտրոնական փողոցներում ավազը ցանված էր, երկրորդական փողոցներն էլ տրակտորը հեռացնում էր ձյան հաստ շերտը, այդուհանդերձ՝ հասարակական տրանսպորտն ու տաքսիները խուսափում էին սպասարկել:
Մեզ հետ զրույցում բնակիչներից մեկը պատմեց, որ ստիպված է եղել 9-րդ մասիվից մինչեւ կենտրոն 3 ժամ քայլել. «1 ժամից ավելի կանգառում տրանսպորտի էի սպասում: Ճանապարհները փակ էին, ու ձյուն մաքրող ոչ մի մեքենա չէր աշխատում: Կեսօրին մոտ նոր սկսել են աղ ցանել ճանապարհներին: Քաղաքապետարանը, ինչպես միշտ, պատրաստ չի լինում ձյանը ու ուշացումով է գործի անցնում»: Առատ ձյան պատճառով շատ վատ են աշխատել նաեւ թիվ 91, 51, 76, 16 երթուղայինները: Իսկ թիվ 45 երթուղային տաքսին, որը սպասարկում է Քանաքեռ-Էրեբունի համայնք գնացող երթուղագիծը, առավոտյան ժամերին ընդհանրապես ժամերով գիծ դուրս չի եկել: Նույն վիճակում հայտնվել է նաեւ Նորք-Մարաշից Դավիթաշեն գնացող թիվ 45 ավտոբուսը, որի վարորդները նույնպես խուսափել են երթեւեկելուց: «Բոգդան» ավտոբուսների վարորդները իրենց «գործադուլը» պատճառաբանում էին վտանգավոր իրավիճակով: Նրանց մեկնաբանմամբ՝ առատ ձյան պայմաններում իրենց մեքենաները Նորք-Մարաշի եւ Նորքի զանգվածների ճանապարհները չեն կարողանում հաղթահարել, այդ պատճառով էլ գերադասելի է չսպասարկելը:
Այս առնչությամբ, Երեւանի քաղաքապետարանից վստահեցրին, որ, ճիշտ է, առավոտյան եղել են դեպքեր, երբ որոշ երթուղային մեքենաներ դուրս չեն եկել կամ շեղումներով են աշխատել, սակայն ժամը 15.00-ի դրությամբ, ամեն ինչ արդեն կարգավորված է եղել եւ վերահսկվել է: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության վարչության պետ Արթուր Գեւորգյանի խոսքերով՝ «Երթուղային տաքսիների նորմալ աշխատանքին խոչընդոտել է ձյան մաքրման գործընթացը: Թիվ 91 եւ 51 երթուղայինները, որոնք Նորքի զանգված են գնում, մի փոքր թերացել են 9-րդ զանգված տանող ճանապարհին, քանի որ ճանապարհի զառիվայրը խցանում է առաջացրել, այդ պատճառով էլ մեքենաները ուշացումով են հասել տեղ: Իսկ թիվ 112 միկրոավտոբուսն ու թիվ 29 երթուղայինը որոշակի շեղումներով են աշխատել: Ինչ վերաբերում է «Բոգդան» ավտոբուսներին, ապա դա իրականությանը չի համապատասխանում: Այդ ավտոբուսներն այս պահի դրությամբ նորմալ աշխատում են, առատ ձյան դեպքում էլ տեխնիկապես ի վիճակի են աշխատել»:


















































