Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵ՞Լ Է, ԹԵ՝ ԳՆԱՑԵԼ ԵՆ

Փետրվար 02,2011 00:00 Share

Երեկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանում 2010 թ. վերջին մոտ 80 հազար մարդ էր գործազուրկ, այսինքն՝ տնտեսապես ակտիվ բնակչության 6,9 տոկոսը։ Մինչդեռ 2009 թ. վերջի դրությամբ՝ Հայաստանում գրանցված է եղել մոտ 85 հազար գործազուրկ։ Մեկ տարում մոտ 5 հազարով գործազուրկների թվի նվազումը տիկին Հարությունյանը պայմանավորել է տնտեսական իրավիճակի բարելավմամբ: Սակայն չի բացառվում, որ շատ գործազուրկներ վերջնականապես հույսները կտրելով, որ մեր երկրում կգտնեն որեւէ աշխատանք, պարզապես լքել են Հայաստանը եւ մեկնել արտագնա աշխատանքի, ինչի հաշվին էլ գործազուրկների թիվը նվազել է:

Գործակալության պետը հիշեցրել է, որ մինչեւ ճգնաժամի՝ մեր երկիր մուտք գործելը Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մոտ 75 հազար է եղել: Ս. Հարությունյանն էլ խոստովանել է, որ այդ թվերը դեռեւս չեն արտացոլում իրական գործազուրկների թիվը:

Տիկին Հարությունյանի տվյալներով, նախորդ տարի աշխատանք փնտրողների թիվը կազմել է 93 555 մարդ, որոնցից, սակայն, գործազուրկի կարգավիճակ են ստացել 79 500-ը։ Մեկ տարվա ընթացքում գրանցված գործազուրկներից աշխատանքի է անցել 11 315 մարդ: Ծառայության պետը վստահեցրել է, որ մայրաքաղաքում եւ մարզերում ժամանակ առ ժամանակ կազմակերպվող աշխատանքի տոնավաճառների արդյունքում 458 մարդ աշխատանքի է անցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել