Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ ՔՆՆԻՉԻ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵՑ

Փետրվար 02,2011 00:00 Share

\"\"Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, շարունակվեցին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության նախկին քննիչ Վլադիմիր Կոթոլյանի վերաքննիչ բողոքի լսումները: Տեղեկացնենք, որ 2010 թ. հունիսին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Վ. Կոթոլյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանում Կոթոլյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանները՝ Վաղինակ Գեւորգյանը, Կարեն Քամալյանը եւ Արթուր Աթաբեկյանը, պնդելով, որ դատավճիռն անհիմն է, դատարանում ներկայացնելով քրեական գործի նախապատմությունը, պնդեցին, որ առաջին ատյանի դատարանի կողմից թույլ են տրվել նյութական եւ դատավարական իրավունքի խախտումներ, որն էլ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

Ինչպես պաշտպանները ներկայացրին, Կենտրոնի դատարանն իր վճիռը կայացրել է՝ հիմք ընդունելով այն, որ Վ. Կոթոլյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, օգտագործելով իր պաշտոնական լիազորությունները, ընթացք է տվել ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումից ՀՀ քաղաքացիներ Մարիամ Ավետիսյանի եւ Հովհաննես Գեւորգյանի վերաբերյալ նյութերին, համաձայն որոնց՝ ՀՀ ԱԱԾ հատուկ ծառայությունները Թեհրան-Երեւան չվերթով ՀՀ ժամանելիս Մ. Ավետիսյանի մոտ «Զվարթնոց» օդանավակայանում կրկնակի զննմամբ հայտնաբերել են «ափիոն» տեսակի թմրամիջոց պատրաստելու նյութ հանդիսացող 0,5 միլիգրամ քացախաթթվի անհիդրիդ, իսկ Հ. Գեւորգյանի մոտ նյութերի ընթացքը լուծելիս նպաստավոր ելք ապահովելու նպատակով՝ Վ.Կոթոլյանը պահանջել է $4000 կաշառք եւ ստացել այդ գումարը մաս-մաս՝ Սայաթ-Նովայի փողոցում գտնվող «Մամա-Միա» սրճարանում: Նկատենք, որ Կոթոլյանն իրեն մեղսագրվող բոլոր մեղադրանքներից հրաժարվում է՝ գտնելով, որ իր գլխին գործ են սարքել: Ըստ պաշտպանական կողմի, սուտ զրպարտությունները Կոթոլյանի նկատմամբ նախաքննական մարմինը կատարել է «թմրամոլ, հոգեկան անհավասարակշռություն չունեցող, ստախոս համարվող» Հ. Գեւորգյանին օգտագործելով: Վերջինս էլ, համաձայն պաշտպանների, իր կաշին փրկելու համար սիրահոժար սուտ մեղադրանքներով ցուցմունքներ է տվել քննիչի դեմ, որոնք էլ դրվել են մեղադրանքի հիմքում:

Շուրջ 2 ժամ, պաշտպանները ներկայացնելով վերաքննիչ բողոքի հիմքերն ու փաստարկները, հայտարարեցին նաեւ, որ նախորդ ատյանի դատարանը ամբաստանյալի նկատմամբ խախտել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները, համաձայն որի՝ Վ. Կոթոլյանը զրկվել է արդար դատաքննության իրավունքից:

Ի մասնավորի՝ խոսքը վերաբերում է նրան, որ դատարանն անհիմն մերժել է պաշտպանների բոլոր միջնորդությունները եւ չի դատակոչել ու հարցաքննել ՀՀ ԱԱԾ ՀՀԳՎ 8-րդ բաժնի ավագ օպերլիազոր, վկա Հակոբ Հակոբյանին, որի ցուցմունքն էական նշանակություն կունենար Վ. Կոթոլյանի անմեղությունն ապացուցելու համար:

Պաշտպանները վերաքննիչ դատարանում միջնորդեցին, որպեսզի դատակոչվի Հակոբ Հակոբյանը, Հ. Գեւորգյանի նկատմամբ նշանակվի դատահոգեբուժական, դատահոգեբանական, դատանարկոլոգիական համալիր փորձաքննություն եւ բեկանվի Վ. Կոթոլյանի դեմ կայացրած ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Միաժամանակ հայտարարեցին, որ «ինչ-որ հանցակազմ» գտնելու դեպքում էլ վճիռը կայացնելիս հաշվի առնեն, որ երիտասարդ քննիչը նախկինում դատված չի եղել, երիտասարդ լինելը՝ որպես մեղմացուցիչ հանգամանք: Դատարանը պահանջեց հստակեցնել «ինչ-որ» հանգամանքը: Պաշտպանները հայտարարեցին, որ այդ «ինչ-որը» կճշտեն իրենց պաշտպանյալի հետ: Վաղինակ Գեւորգյանը նկատեց, որ Հ. Գեւորգյանին դատակոչելու դեպքում ճշմարտությունը կբացահայտվի: Հիշեցնենք, որ Հ. Գեւորգյանը դատապարտվել է ազատազրկման 9 տարի ժամկետով: Այս քրեական գործում մեղադրող դատախազներից երեկ ներկա էր Աշոտ Նադոյանը, իսկ Կորյուն Փիլոյանը չներկայացավ: Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 10-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել