Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների եւ միջազգային հետախուզության բաժնի հատուկ կարեւոր գործերով ավագ օպերլիազոր Տ. Քալանթարյանի կողմից վրաերթ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Տ. Քալանթարյանը 2010թ. նոյեմբերի 7-ին վրաերթի է ենթարկել երթեւեկելի մասից դուրս գտնվող 4 անձանց:
Մասնավորապես՝ Տ. Քալանթարյանը «ՎԱԶ 21093» մակնիշի 68 ՍՍ 104 պետհամարանիշի ավտոմեքենան Երեւանի Պռոշյան փողոցով վարելով տվյալ պայմանների համար սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցող մոտ 90 կմ/ժ արագությամբ եւ իրականացնելով իր վարած ավտոմեքենայի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում, այն է՝ փորձելով վազանց կատարել հոծ գծի հարեւանությամբ գտնվող միեւնույն շարքով՝ իր առջեւով մոտ 70-80 կմ/ժ արագությամբ շարժվող «Ջիպ» թափքով ավտոմեքենային, մտել է երթեւեկելի գոտու մյուս շարք եւ վրաերթի ենթարկել երթեւեկելի մասից դուրս գտնվող հետիոտներ Ծ. Մարգարյանին, Ս. Շահբազյանին, Գ. Ավանեսովային եւ Լ. Ջավախյանին: Վրաերթի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջին 2-ը, գիտակցության չգալով, ժամեր անց մահացել են, իսկ Ծովինար Մարգարյանի եւ Սեդա Շահբազյանի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է համապատասխանաբար ծանր եւ միջին ծանրության վնասներ:
Տ. Քալանթարյանի դեմ հարուցված քրգործն ուղարկվել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:


















































