«Առավոտի» «Հոգեկան հիվանդ դարձած» հրապարակումից (հունվարի 26) հետո ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ Վովա Գասպարյանը խոստացել էր ընթացք տալ 3-րդ կարգի հաշմանդամ դարձած, նախկին զինծառայող, 21-ամյա Դավիթ Թադեւոսյանի գործին: Մենք տեղեկացրել էինք, որ Դավիթ Թադեւոսյանը 2007-2009թթ. ծառայել է Մեղրու տարածաշրջանի Ագարակ գյուղում տեղակայված ՊՆ զորամիավորման մոտոհրաձգային գումարտակում: Զորացրվելուց հետո նա հայտնվել է բուժհաստատություններում, հոգեբուժարանում, սթրես-կենտրոններում, իսկ վերջերս սթրես-կենտրոնն ընդհանրապես հրաժարվեց, ասելով, որ Դավիթն այլես իր հիվանդը չէ:
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացրին, որ հրապարակումն ընդունվել է հաղորդում հանցագործության մասին եւ ՊՆ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար: Հայտնի է անգամ քննիչի անունը՝ հատկապես կարեւորագույն գործերով քննիչ Տիգրան Համբարյան:


















































