Լրահոս
Օրվա լրահոսը

ՁՅՈՒՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է

Փետրվար 02,2011 00:00 Share

Երեկ մի շարք ճանապարհներ փակ են եղել

Վանաձոր համայնքի ավագանու այս տարվա առաջին նիստի օրակարգում ընդգրկված հինգ հարցերից ոչ մեկը չէր առնչվում 5 օր շարունակ տեղացող ձյանը: Տպավորություն էր ստեղծվում, թե քաղաքապետարանում տիրող «տաք եղանակը» չի թողնում տեսնել ու զգալ, թե ինչ եղանակ է դրսում: Թեեւ անդադար տեղացող ձյունը խցանումներ էր ստեղծում փողոցում եւ վթարներ էին լինում, ինչի մասին երեկ արդեն տեղեկացրել ենք, իրենց անձնական կամ ծառայողական մեքենաներով շրջող Վանաձորի ավագանու նիստին ներկաները այս մասին չխոսեցին եւ քննարկեցին «Վանաձորի բազմաբնակարան շենքեր եւ բակեր» հիմնադրամին տարածք հանձնելու հարցը, Տիգրան Մեծի պողոտայի 20 հասցեում գտնվող ավտոբուսի կանգառի վարձակալության հարցը, քաղաքի 2011 թվականի բյուջեում փոփոխությունները՝ չհիշելով, թե գուցե ձմռան աշխատանքների համար նախատեսած 5 միլիոնն էլ փոփոխության կարիք ունենա:

Լոռու մարզի «Ճանշին» ԲԲԸ-ի 5 տարածաշրջանների ղեկավարները պնդում են, որ այս պահին մարզի բոլոր ճանապարհները բաց են, սպասարկող անձնակազմը բողոքում է, որ անընդհատ տեղացող ձյունը դժվարացնում է աշխատանքը. «Մաքրում ենք, հետ ենք գալիս, ոնց որ ոչ մի բան արած չլինենք»: Ըստ «Ճանշին» ընկերության, ամենադժվարը Ալավերդի ու Մոտկոր տանող ճանապարհն է, քանի որ Ջիլիզա, Սանահին, Օձուն, Արեւածագ, Դսեղ, Աթան գյուղեր տանող ճանապարհները բարձրադիր շրջաններում են, ձյունն այնտեղ շուտ է սառչում: «Նույնիսկ աշնանն ու գարնանը Ալավերդի տանող ճանապարհը գետի պատճառով մերկասառույցով է պատվում»,- ասում է Թումանյանի տարածաշրջանի «Ճանշին» ընկերության տնօրեն Սամվել Տիտանյանը:

Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ բաժինը տեղեկացնում է, որ աղացան ու ձնահավաք մեքենաները շուրջօրյա ռեժիմով են աշխատում: Վանաձորի փողոցներում ձյուն մաքրող մեքենա կար, սակայն ձյունը ինչպես հալչել, այնպես էլ մնացել էր՝ դառնալով ցեխանման զանգված եւ ավելի դժվարացրել անցորդների երթեւեկը: Մաքրող մեքենայի վարորդը այդպես էլ չպատասխանեց, թե ինչու չի մաքրում հալված ձյունը, փոխարենը քթի տակ մրթմրթաց՝ «աշխատանքը մերն է, մենք գիտենք»: Վանաձորի քաղաքապետարանի առեւտրի եւ տրանսպորտի բաժինն էլ հավաստիացնում է, որ քաղաքի բոլոր երթուղիներն անխոչընդոտ աշխատում են: Իսկ Վանաձոր քաղաքի 19 երթուղիների 162 վարորդները իրենց աշխատանքից գոհ չեն, ձյան պատճառով քաղաքային տրանսպորտից օգտվողները քիչ են. «Էս ճամփեքը տեսնելով՝ բա մարդ դուրս կգա՞ տնից: Հալված ձյունը շուտ է սառչում, վրան էլ ձյուն է գալիս, շատ վտանգավոր է էս պայմաններում»:

Բոլոր պատկան մարմինները միաբերան պնդում են, որ ճանապարհներին խոչընդոտ չկա, սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, խոչընդոտ կա՝ սառույցը: Ճանապարհային ոստիկանության տեսուչներն էլ ժեստերով կամ բարձրախոսներով զգուշացնում են՝ «դանդաղ քշեք, սառած է»:

Երեկ Վանաձորում 2 վթար է գրանցվել, իսկ Վանաձորի հիվանդանոցային համալիր վերջին 3 օրում ձնից ու սառույցից տուժած, կոտրվածքներով բազմաթիվ քաղաքացիներ են դիմել:

Հ. Գ. Այլ մարզերում էլ տեղումների արդյունքում պաշտոնյաների խոսքը տեղ-տեղ հեռու է իրականությունից: Օրինակ՝ Շիրակում դժվարանցանելի են Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ճանապարհները, իսկ Գյումրու փողոցները մինչեւ կեսօր պատված են եղել մերկասառույցով:

Արագածոտնի լեռնային տարածաշրջաններում՝ Արագածում, Թալինում եւ հատկապես Ապարանում կան դժվարանցանելի ճանապարհահատվածներ: Առավոտից փակ էին Սելիմի լեռնանցքը, Երեւան-Սեւան, Եղվարդ-Աշտարակ ճանապարհները, Ապարանի եւ Արմավիրի ճանապարհներին մառախուղ էր, Բերդ-Ճամբարակ ճանապարհին՝ մերկասառույց: Սյունիքում դժվարանցանելի էր Թասի լեռնանցքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել