Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐՔԵՐԻ ԱՆՀԱՐԿԻ ՇԻԿԱՑՈՒՄ

Փետրվար 02,2011 00:00 Share

Բազմաթիվ խախտումներ թույլ տված հատուկ դպրոցը չի ուզում համակերպվել կառավարության որոշման հետ

Երեւանի թիվ 18 հատուկ դպրոցի լուծարման հարցին մամուլը վերջին շրջանում շատ է անդրադարձել: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հայաստանի մանկական ասոցիացիան, World Vision Armenia-ն բաց նամակ էին հղել Հայաստանի վարչապետին, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարին, ԿԳ նախարարին՝ պահանջելով մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբը վերջնական լուծում տալ Երեւանի թիվ 18 հատուկ դպրոցի լուծարման հարցին:

«18 հատուկ դպրոցի երեխաները՝ ՀՀ կառավարության անգործության պատա՞նդ» վերնագրով նամակում էլ ներկայացվում էր իրավիճակը:

Անցյալ տարվա մարտին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստին քննարկվել էր թիվ 18 հատուկ դպրոցի լուծարման հարցը ու փաստվել, որ այն չի ծառայում իր նպատակին, որովհետեւ այնտեղ սովորում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ, մինչդեռ կրթօջախում պիտի սովորեին հատուկ կարիքներ ունեցող եւ իրավախախտ երեխաները:

Անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին կառավարության որոշմամբ թիվ 18 դպրոցը լուծարվեց եւ միացավ «Փոքր Մհեր» կրթահամալիրին, ինչը ցավագին ընդունվեց հատուկ դպրոցի տնօրեն Ծովինար Գեւորգյանի եւ կոլեկտիվի կողմից: «Դեռեւս 2005թ. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի «Երեխաների համար կրթության առանձնահատուկ պայմաններ ապահովելու գործընթացում թույլ տրված իրավախախտումների պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները վերացնելու մասին» միջնորդագրության մեջ նշված է, որ Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոց ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե տվյալ ուսումնական հաստատությունը թեեւ նախատեսված է միայն հակասոցիալական վարք դրսեւորած երեխաների համար, սակայն դպրոցի աշակերտների անձնական գործերից պարզվել է, որ այնտեղ սովորում են ինչպես վարքային խնդիր չունեցող, այնպես էլ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: Դատախազության միջնորդագրում նշված է, որ նման սոցիալական ուղղվածության եւ ախտորոշմամբ երեխաների՝ միեւնույն դպրոցում սովորելը հանդիսանում է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտում, ինչն ակնհայտ վտանգավոր է: ՀՀ դատախազի տեղակալի միջնորդագրից անցել է 4 տարի, սակայն պատկերը դպրոցում չի փոխվել. 2008-2009թթ. դպրոցում սովորել է 58 աշակերտ, որից ընդամենը 9-ն է իրավախախտում կատարած երեխա»,- ասված է ԿԳ նախարարության տեղեկանք-հիմնավորման մեջ:

Զարմանալի է, որ չնայած այս ամենին, կրքերը դեռ շարունակվում են բորբոքված մնալ: Պատահական չէ, որ երեկ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը հանդիպել է դպրոցի կոլեկտիվի հետ:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն էլ «Առավոտին» հեռախոսով փոխանցեց. «Հանդիպելով դպրոցի մանկավարժական խորհրդի հետ՝ պարոն Մկրտչյանը նորից ներկայացրել է կառավարության որոշումը եւ ասել, որ ամեն ինչ մնում է նույնը»: Իսկ ինչպե՞ս են ընդունել փոխնախարարին: «Կարծում եմ՝ նորմալ է անցել ամեն ինչ, քանի որ պարոն Մկրտչյանը բացատրել է, որ կառավարության որոշումը պետք է իրականացվի»,- հավելեց տիկին Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել