Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-Ն ՍԱՏԱՐՈՒՄ Է ԵԳԻՊՏՈՍԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Փետրվար 02,2011 00:00 Share

\"\"Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհուրդը հայտարարություն է տարածել, որով Եվրամիությունը Եգիպտոսի ժողովրդին սատարելու պատրաստակամություն է հայտնել: ԵՄ ԱԳ նախարարները կողմերին կոչ են արել զերծ մնալ բռնություններից, խորհուրդը նաեւ հորդորել է վերացնել լրատվամիջոցների գործունեության եւ ինտերնետի սահմանափակումները Եգիպտոսում: Միաժամանակ հաղորդումներ են ստացվում Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆրենկ Ուիզների՝ Կահիրեում բանակցություններ վարելու վերաբերյալ: Այդ տեղեկությունը փոխանցել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Բանակցությունների նպատակը, սակայն, տակավին հայտնի չէ: Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին է դիմել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: BBC-ի մատուցմամբ, վերջինս Մուբարաքին կոչ է արել ականջալուր լինել մարդկանց պահանջներին՝ հավելելով, թե Եգիպտոսում ճգնաժամի հաղթահարումը հնարավոր է միայն ընտրությունների միջոցով:

Իսկ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկության պահանջով երկրում արդեն ավելի քան մեկ շաբաթ շարունակվող եւ արդեն շուրջօրյա դարձած բողոքի զանգվածային ակցիաները կլանել են նաեւ երկրի մյուս քաղաքները: Եգիպտոսի թվով երկրորդ խոշոր քաղաքում՝ Ալեքսանդրիայում եւս բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի պաշտպանություն մայրաքաղաքում ընթացող ցույցերի: Քաղաքի փողոցներում իրավապահ մարմինների աշխատակիցներ չեն մնացել, իսկ հասարակական կարգն ու խաչմերուկներին ճանապարհային երթեւեկությունը կարգավորում են կամավորները:

Նախօրեին հայտարարությամբ հանդես եկած երկրի բանակի հրամանատարությունը հակակառավարական բողոքի ակցիաների պահանջները որակել էր որպես օրինական եւ խոստացել էր ցուցարարների դեմ ուժ չկիրառել:

Ընդսմին, Եգիպտոսի պաշտոնական անձինք Կահիրեի օդանավակայանում բռնագրավում են երկիր այցելած օտարերկրյա լրագրողների ռադիոհեռարձակող սարքերը: Երկրի իշխանություններն արդեն մի քանի օր է, ինչ արգելափակել են ինտերնետն ու լրատվական եւ սոցիալական կայքերի հասանելիությունը: Փոխարենը Google-ը իր աջակցությունն է հայտնել ապստամբ եգիպտացիներին, որոնք կարող են Twitter մտնել առանց ինտերնետի: Կորպորացիան Եգիպտոսի բնակիչներին տրամադրել է միկրոբլոգային ցանցին միանալու շրջանցող ճանապարհ: Հիմա Twitter մուտք գործելու համար բավարար է, որ եգիպտացիները ձայնային հաղորդագրություն ուղարկեն նշված երեք միջազգային համարներից մեկին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել