Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՐԵԿԻ «ՆՎԱԳԱԿՑՈՂԸ»

Փետրվար 02,2011 00:00

Մոնոներկայացում՝ ըստ Մարսել Միտուայի

«Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը ավարտելուց հետո (ավարտել է Ալեքսանդր Քոչարյանի արվեստանոցը) երեք տարի է՝ աշխատում եմ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ որպես առաջին կարգի դերասան»,- «Առավոտի» հետ զրույցում իր մասին պատմեց Նարեկ Ներսիսյանն ու հավելեց, որ վերոնշյալ թատրոնում զբաղված է յոթ ներկայացման մեջ, որոնցից երկուսի (Վ. Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» եւ «Արեգնազան») երաժշտության հեղինակը եւ ձեւավորողն է: Նարեկը հայտնեց նաեւ, որ 2010-ի դեկտեմբերին Հայաստանի թատերական գործիչների միության բեմում (ՀԹԳՄ) հանդես է եկել «Լյուսիեն Լյուկ»՝ ըստ Մարսել Միտուայի «Նվագակցողը» պիեսի մոնոներկայացումով: Փետրվարի կեսերին այն կարճատեւ դադարից հետո վերստին բեմում կլինի: Դերակատարը նշեց, որ Միտուայի պիեսը հայտնի գործ է, սակայն տեղական բեմադրիչներն անտեսել են այն: Ըստ Նարեկի, ուսանողական տարիներին Մ. Միտուայի «Նվագակցողը» պիեսին միայն Նարինե Մալյանն է անդրադարձել, իսկ Լյուսիեն Լյուկի դերում հանդես է եկել դերասան Դավիթ Հակոբյանը:

Խոսելով ներկայացման մասին, Նարեկը մանրամասնեց, որ «Նվագակցողը» մի արվեստագետի պատմություն է, ով ստիպված է աշխատել ուրիշի ստվերում, որի արդյունքում չի «կիսում» ոչ հանդիսականի ծափերը, ոչ հոնորարը, ոչ էլ փառքը… Հերոսը ստիպված է լինում հանդուրժել երգչի քմահաճույքներն ու նվաստացուցիչ վիրավորանքները: «Պիեսի բեմադրիչը Գոռ Մանուկյանն է»,- շարունակում է նոր ներկայացման մասին պատմել Նարեկը: Գոռի հետ ծանոթ է եղել դեռ թատերականում ուսանելու տարիներին՝ ընկերներ են:

Մեր զրուցակիցն ասում է, որ Միտուայի պիեսում որոշակի փոփոխություններ են արել բեմադրիչի հետ համատեղ, ինչը, ըստ զրուցակցի, գեղարվեստական առումով էլ ավելի է թեժացրել պիեսում առկա կրքերը: «Փորձերի ընթացքում եկանք այն համոզման, որ կերպարի անցյալը ավելի հասուն դարձնելու համար պետք են եւս երկու գործող անձինք: Սրա հետ մեկտեղ, մենք չենք խախտել մոնոներկայացումներում ընդունված սկզբունքը: Տաթեւ Էլբակյանի եւ Շուշան Մարգարյանի հերոսուհիները ներկայացման մեջ հանդես են գալիս լոկ հիշողության, ստվերի տեսքով, առանց բառերի»,- ասաց դերասանը: Նարեկը պատմեց նաեւ, որ հատուկ այս ներկայացման համար ստիպված է եղել վերհիշել երաժշտական դպրոցում ստացած գիտելիքները: Նա ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, երգել է Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Փոքրիկ երգիչներ» երգչախմբում:

«Ներկայացումից հաստատ չեք ձանձրանա, թեեւ մտավախություն կա, որ գուցե ոմանց թեման չհետաքրքրի: Հատկապես ժամանցային ներկայացում սիրող հանդիսականին է խոսքս վերաբերում: Մանավանդ՝ սա մտածելու տեղիք տվող եւ մարդու ներքին աշխարհը բացահայտող ներկայացում է»,- ասում է Ն. Ներսիսյանը: Նա ցավում է, որ այսօր անճաշակ ներկայացումներն ու սերիալները այնքան սիրելի են հանրության կողմից. «Ես բազմիցս հրավերներ եմ ունեցել սերիալում նկարահանվելու, սակայն միշտ մերժել եմ, քանի որ չեմ կարող ինձ համոզել, օրինակ, սերիալային ինտոնացիաներով խոսել… Արագության եւ անորակության հետ էլ չեմ համակերպվում, թեպետ եւ ֆինանսապես տուժում եմ: Գաղտնիք չէ, որ թատրոնի աշխատավարձով հնարավոր չէ ապրել ըստ պահանջի»,- ասում է դերասանն ու իր առաջիկա ծրագրերի մասին համառոտ ներկայացնում:

Հավելենք, որ Ն. Ներսիսյանը առաջիկայում կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Բեռլինի կինոփառատոնին: 2009թ.-ին նա նկարահանվել է ռեժիսոր Բրեյդն Քինգի (ԱՄՆ) «Այստեղ» ֆիլմում, որը եւ այս տարի մասնակցում է այդ փառատոնին: Նարեկը նկարահանվել է նաեւ «Զատիկի ոտքից բռնած» եւ «Անառակ որդու վերադարձը» ֆիլմերում: Վերջինում նա հանդես է եկել անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել