Այս տարի Էջմիածին քաղաքում կտեղադրվեն Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված արեւմտահայ մտավորականների գործերը՝ մեկ քանդակախմբում: Ըստ panorama.am-ի, երեկ այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը, ով քանդակախմբի հեղինակն է:
Լեւոն Թոքմաջյանը նշել է, որ քանդակն անվանակոչել է «Տագնապ», որտեղ ընդգրկել է Կոմիտասի, Գ. Զոհրապի, Սիամանթոյի, Դ. Վարուժանի, Երուխանի, Ռ. Սեւակի եւ այլոց քանդակները: «Տագնապում» ընդգրկել եմ նաեւ Սիամանթոյի մորը եւ մեկ երեխայի, ում ներկայացնում եմ որպես Հայոց եղեռնի ականատես: Երեխայի ձեռքին քանդակել եմ այբբենարան՝ ցանկանալով ներկայացնել, որ ամենաթանկ բանը երեխան փորձում է փրկել: Իսկ քանդակի պատվանդանից մի քիչ ներքեւ տեղադրվելու է, որպես ապագա սերնդի սիմվոլ՝ իմ քանդակը, ով ծաղկեպսակ է դնում հայոց մեծերի հուշարձանին»,- ասել է քանդակագործը:
Լ. Թոքմաջյանը հայտնել է, որ այս քանդակի նախաձեռնությունն իրենն է. «2005 թվականին, երբ նշվում էր Մեծ եղեռնի 90-ամյա տարելիցը, ես դիմեցի այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ իմ այս մտահղացումը իրականացնելու համար: Վարչապետը մեծ ուրախությամբ ընդունեց առաջարկս, իսկ ՀՀ մշակույթի նախարարությունը ֆինանսավորեց»:
Լ. Թոքմաջյանի խոսքով, «Տագնապը» տեղադրվելու է Էջմիածնի Կոմիտասի անվան ակումբի դիմաց՝ 70 սմ բարձրության պատվանդանի վրա: «Տագնապը» բազալտ քարից է:


















































