Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԻՐԱԿԸ» ՆՈՐ ՄԱՐԶԱՀԱԳՈՒՍՏՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ

Փետրվար 02,2011 00:00

\"\"Ֆուտբոլային տարվա այս շրջանում Հայաստանում այնքան էլ ընդունված չէ ասուլիսներով ներկայանալ. նախորդ մրցաշրջանի ամփոփման համար արդեն ուշ է, նախապատրաստական փուլն էլ իր եռուն ընթացքում է: Ձեւավորված ավանդույթից, սակայն, ետ կանգնեց Գյումրիի «Շիրակը»՝ լրագրողների հետ հանդիպում կազմակերպելով:

Թիմի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը փաստեց, որ «Շիրակը» բավական մեծ է տարիքով, ու գլխավոր նպատակներից մեկը երիտասարդ ֆուտբոլիստներով համալրվելն է՝ ավելացնելով, որ ֆուտբոլիստներից Ֆելիքս Խոջոյանն արդեն անցել է մարզչական աշխատանքի, իսկ թիմի ավագ, 41-ամյա Հովհաննես Թահմազյանը դեռ թիմում է, սակայն շուտով նույնպես հնարավոր է միանա իր նախկին խաղընկերոջը: Ավելին՝ «Շիրակի» համար լեգենդար մարզիչ Անդրանիկ Ադամյանը նույնպես թիմում է. «Ինչպես իմ կարգավիճակն է, այնպես էլ իրենը: Գլխավոր մարզիչ կամ խորհրդատու՝ ի՞նչ տարբերություն»,- նկատեց Պետրոսյանը:

Բազմափորձ մարզիչը նաեւ նշեց, որ որեւէ ֆուտբոլիստից դժգոհ չէ, ավելին՝ իր 26-ամյա մարզչական գործունեության ընթացքում «Շիրակը» առաջին թիմն է, որտեղ ինքը չի գոռում: «Բոլորը հասկանում են, թե ինչ է ստեղծվել եւ ինչի պետք է հասնել»,- ասաց Պետրոսյանը: Մարզիչը նշեց նաեւ, որ թիմը առաջիկա մրցաշրջանում պայքարելու է քառյակում տեղ զբաղեցնելու համար, միեւնույն ժամանակ ընդգծելով, որ խոսքը չի գնում չորրորդ հորիզոնականի մասին: Իսկ դրան հասնելու համար թիմը ինտենսիվորեն մարզվում է: Նախապատրաստական փուլը հակիրճ ներկայացրեց ակումբի գործադիր տնօրեն Գեորգի Մաթեւոսյանը՝ նշելով, որ մարզումները սկսվել են դեկտեմբերի վերջին, ու թիմն արդեն հասցրել է երկու հավաք անցկացնել Ավանում ու Ծաղկաձորում: Փետրվարի 7-ին արդեն «Շիրակը» կմեկնի Բելեք, փետրվարի 10-ին, 13-ին, 16-ին, 19-ին կամ 20-ին էլ ստուգողական հանդիպումներ կանցկացնի: Սակայն մրցակիցների անունները դեռ հայտնի չեն: Հավաքի ընթացքում թիմին կմիանան երկու ֆուտբոլիստներ Բելգիայից, իսկ այժմ «Շիրակում» փորձաշրջան է անցնում բելառուս դարպասապահ Իգոր Լոգինովը: Տեղի կադրերով համալրումը եւս ընթացքի մեջ է:

Ինչ վերաբերում է «Շիրակի»՝ վերանորոգման փուլում գտնվող մարզադաշտին, ապա, ըստ Մաթեւոսյանի՝ նախատեսված էր մայիսից վերսկսել ելույթները Գյումրիում, սակայն ժամանակ է հարկավոր խոտածածկի համար: «Հնարավոր է հասցնենք ընդմիջումից հետո, բայց դա էլ կասկածելի է»,- փաստեց գործադիր տնօրենը:

Ի դեպ, ի թիվս այլ նորությունների՝ Գեորգի Մաթեւոսյանը տեղեկացրեց, որ ակումբը մեկ տարվա համագործակցության պայմանագիր է կնքել իտալական «Kappa» ընկերության հետ, որի մարզահագուստով են հանդես գալիս իտալական «Սամպդորիան» ու «Ռոման», իսպանական «Վալենսիան», գերմանական «Վերդերն» ու «Բորուսիան»: Ասուլիսին ներկա՝ Հայաստանում «Kappa»–ի պաշտոնական ներկայացուցիչ «Մեգասպորտ» ընկերության տնօրեն Արտաշես Մելքումյանն էլ նկատեց, որ «ընկերությունն առաջին անգամ է Հայաստանում համագործակցության պայմանագիր կնքում հարուստ պատմություն ունեցող ակումբներից մեկի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել