Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ՝ ամուսնացողներին

Փետրվար 02,2011 00:00

Հռոմի Բենեդիկտոս XVI պապը հայտնել է ամուսնացող շատ կաթոլիկների անբավարար պատրաստվածության մասին: Հովվապետը կոչ է արել խստացնել փեսացուի եւ հարսնացուի համար նախապատրաստական միջոցառումները եւ նրանց քննումը: Պապի կարծիքով՝ դա պետք է կրճատի ամուսնալուծությունների թիվը:

Պապը կոչ է արել ընդհատել արատավոր շրջանը, որի սկիզբը «թույլատրելն է ամուսնությունը՝ առանց պատշաճ նախապատրաստության եւ քննության»:

Ըստ կաթոլիկ եկեղեցու տեսության՝ ամուսնությունն անխախտելի խորհուրդ է: Այն դադարում է միայն ամուսիններից մեկի մահվան դեպքում: Եկեղեցական հատուկ տրիբունալները քննում են միայն ամուսնությունը չեղյալ ճանաչելու դիմումները, ինչը, ի տարբերություն անցյալ դարաշրջանների, այսօր տեղի է ունենում շատ հաճախ: Ամուսնության անլուծարելիությունը բացառում է երկրորդ ամուսնությունը: Միեւնույն ժամանակ, թույլատրվում է զույգի առանձնացումն այն դեպքերում, երբ համատեղ կյանքն անհնարին է դառնում:

Ըստ կաթոլիկ եկեղեցու ավանդույթի՝ նրանք, ովքեր որոշել են ամուսնանալ, պետք է արարողությունից 3 ամիս առաջ գան եկեղեցի: Այդ ընթացքում տեղի է ունենում յուրօրինակ ուսուցում. հոգեւորականը երիտասարդներին պատմում է ամուսնության խորհրդի, քրիստոնեական ընտանիքի, զավակների դաստիարակության մասին:

Ըստ Ընտանեկան քաղաքականության եվրոպական ինստիտուտի տվյալների՝ Եվրոպայում յուրաքանչյուր 30 վայրկյանում ընտանիք է քայքայվում, ամեն տարի՝ միլիոնից ավելի: Ամուսնության միջին տեւողությունը կազմում է 13,9 տարի: Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում միջին հաշվով քայքայվում է երկու ընտանիքներից մեկը: Ամուսնալուծությունների գծով չեմպիոնը Բելգիան է, որտեղ 3 զույգից 2-ը դիմում է ամուսնալուծության համար: Բելգիային զիջում են Իսպանիան եւ Հունգարիան: Ամենից հազվադեպ ամուսնալուծություններ տեղի են ունենում Իտալիայում (19%), Հունաստանում, Ռումինիայում եւ Լեհաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել