Լրահոս
Օրվա լրահոսը

Մահապատիժ՝ պոռնոկայքերի պատճառով

Փետրվար 02,2011 00:00

Իրանական մարդու իրավունքների HRANA լրատու կայքի հաղորդմամբ, Թեհրանի դատախազ Աբաս Ջաֆարի Դոլաթաբադին հայտարարել է, որ պոռնոկայքեր պատրաստելու մեղադրանքով մահապատժի դատապարտված երկու դատապարտյալների թղթածրարը հաստատվելու նպատակով ուղարկվել է Գերագույն դատական ատյան:

Թեհրանի դատախազը հրաժարվել է նշել հիշյալ երկու դատապարտյալների անունը, բայց, շրջանառվող լուրերի համաձայն, նրանց անուններն են Սայիդ Մալեքփուր եւ Վահիդ Ասղարի:

Հարկ է նշել, որ Մալեքփուրի մահապատժի վճիռն արդեն տրվել է Թեհրանի հեղափոխական դատարանի 28-րդ դատաբաժնի դատավորի կողմից:

Նա մեղադրվել է պոռնոկայքերի միջոցով իսլամական համակարգի տապալման օգտին աշխատանք ծավալելու, Աստծո եւ կրոնական սրբությունների դեմ մեղանչելու, երկրի առաջնորդին ու նախագահին անպատվելու, իսլամական համակարգի ընդդիմադիրների հետ կապ պահպանելու մեղադրանքներով:

Հունվարի 30-ին, Մալեքփուրի կինը՝ Ֆաթեմե Էֆթեխարին, BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ իր ամուսնու դատը տեւել է ընդամենը 15 րոպե, ինչն անարդարացի է, մինչդեռ համակարգչային մասնագետի օգնությամբ հնարավոր կլիներ ապացուցել, որ իր ամուսինը ոչ մի կապ չի ունեցել պոռնոկայքերի ձեւավորման հետ:

Էֆթեխարիի հաղորդմամբ, ամուսինը իրեն վերագրած մեղադրանքներն ընդունել է խոշտանգումների արդյունքում:

Սայիդ Մալեքփուրը նաեւ Կանադայի քաղաքացի է, այնտեղ զբաղվում էր կայքերի ծրագրավորմամբ: Երբ 2009-ին մեկնել էր Իրան, ձերբակալվել էր Իրանի անվտանգության ծառայությունների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել