Լրահոս
Օրվա լրահոսը

335-ամյա Սեբաստացի եւ նոր տեխնոլոգիաներ

Փետրվար 12,2011 00:00

Միջոցառումների պատասխանատուն կրթահամալիրի երեխաներն են

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, արդեն երրորդ տարին անընդմեջ, կազմակերպվում է «Մխիթարյան օրեր» միջոցառումների շարք՝ նվիրված հայագետ գիտնական, մշակութային եւ եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացուն: Օրերս կայացած միջոցառումը նվիրված էր Մ. Սեբաստացու ծննդյան 335-ամյակին: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նախընտրեց, որ միջոցառման մասին պատմեն հենց աշակերտները: «Մխիթարյան օրերի» այս տարվա պատասխանատու էին նշանակվել իններորդ դասարանցիները՝ գրադարանի ղեկավար Մարի Գաբանյանի գլխավորությամբ:
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաեւ Մխիթարյանների CD-ի շնորհանդեսը, որն ընդգրկում էր Մխիթար Սեբաստացու եւ Մխիթարյանների մասին պատմող աշակերտների պատրաստած 10 լավագույն նյութերը, «Մխիթար եւ միաբանություն» թեմայով վարպետության դաս անցկացրին Ամերիկյան համալսարանի թվանշային գրադարանի ղեկավարներ Մերուժան Կարապետյանը եւ Հովհաննես Կիզոգյանը, ներկայացվեց կրթահամալիրի գրադարանի նորացված կայքը, որը եւս պատրաստվել էր աշակերտների ակտիվ մասնակցությամբ: Մ. Գաբանյանը ընդգծեց, թե կայքը նորացվել է նաեւ այն պատճառով, որ ամենաշատ պահանջարկ ունեցող գրքերի էլեկտրոնային տարբերակների կարիքը կար, քանի որ կրթահամալիրի գրադարանը սպասարկում է ամբողջ Մալաթիա-Սեբաստիա համայնքին: Գրադարանի ղեկավար Մարի Գաբանյանը նշեց նաեւ, որ գրադարանը կապեր է հաստատել Արգենտինայի Մխիթարյանների դպրոցի հետ:
«Մխիթարյան օրերը» եզրափակել է «Գիտակների մրցույթ» խաղը, որին մասնակցում էին կրթահամալիրի 8, 9 եւ 10-րդ դասարանցիները:
Փետրվարի 11-ին միջազգային երրորդ ստուգատեսի ամփոփումն էր, լավագույն աշխատանքները պարգեւատրվեցին:
Կրթահամալիրի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մանե Գեւորգյանը ավելացրեց, որ ամեն տարի փորձում են իրենց միջոցառումները ավելի հագեցնել նոր տեխնոլոգիաներով, իսկ Ա. Բլեյանը խոստացավ, որ Սեբաստացուն նվիրված միջոցառումները շարունակական են լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել