Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՆ Է՞Լ Ի ՀԱՅՏ ԿԳԱՆ

Փետրվար 22,2011 00:00 Share

Լոս Անջելեսի «Վարագույր» հեռուստաժամի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանն «Առավոտի» հետ զրույցում հավելյալ մանրամասներ պատմեց Կալիֆոռնիայում վնասազերծված «Armenian Power» ավազակախմբին առնչվող իրադարձությունների մասին. «Այստեղ հանցավոր աշխարհի «անունով» ներկայացուցիչներին բոլորին նորից հավաքել են: Հատուկ ծառայությունները նշում են, որ այս հանցագործ խմբի ղեկավարները, «ուղեղը» հայերն են: Խումբը մոտավորապես 200 հոգի է, եւ ոչ միայն Կալիֆոռնիայից են, այլեւ Դենվերից ու Մայամիից: Եվ ամեն ինչ գնում է նրան, որ Նյու Յորք էլ կհասնեն: Սրա տակից կարող է շատ բան դուրս գալ: Եվ հիմնականն այն է, որ փողը այստեղից գնացել է Հայաստան, այսինքն՝ նորից Հայաստանի իշխանավորների կամ նրանց հարազատների, բարեկամների մատը, անուններն անպայման խառնված են լինելու այս գործին: Սա հաստատ է, քանի որ այն անուններն են տալիս, որոնց հետ հանդիպում էին այդ մարդիկ՝ այստեղ այցելելիս»:
Ռուդիկ Հովսեփյանը նաեւ իր դիտարկումները հայտնեց. «Այն գավառականությունը, այն մթնոլորտը, որ կա այսօր Հայաստանում՝ տեղափոխվել է նաեւ այստեղ, եւ Սփյուռքի երիտասարդներն էլ են ապրում այն չափանիշներով, որոնք տեսնում են հայկական եթերում՝ սերիալներ, ռաբիսա-մաֆիոզական ժարգոն, այդ մտածողությունը, մտքերն ու գաղափարները: Եվ դա բերել է նրան, որ Սփյուռքի հայությունն այսօր շատ է համապատասխանում հենց այն վիճակին, ինչն այսօր Հայաստանում է: Մոռանանք այն տարիները, երբ հայերը ամենադաստիարակված ազգի տպավորություն էին թողնում Սիրիայում, Ֆրանսիայում եւ այլուր, եւ ոչ մի անգամ չէին ասի, թե մենք հանցագործ ենք: Իսկ այսօր մենք որտեղ ապրում ենք՝ խնդիրներ ենք ունենում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել