Լրահոս
Օրվա լրահոսը

Երկխոսություն դեռ չկա

Մայիս 05,2011 00:00 Share

Եթե լիներ՝ դա ձեռնտու կլիներ միայն իշխանությանը

«Ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ որեւէ այլ կողմի միջնորդությամբ Հայ ազգային կոնգրեսի եւ  իշխանության միջեւ գաղտնի բանակցություններ չեն ընթանում»,- երեկ Կոնգրեսի գրասենյակում հրավիրած իր ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ հերքելով մամուլում երկխոսության մասին շրջանառվող լուրերը:
Նա հիշեցրել է իշխանությունների հետ բանակցություններ վարելու նախապայմանը՝  քաղբանտարկյալների ազատ արձակում, ու հավելել, որ եթե ՀԱԿ-ի այդ պահանջը բավարարվի, միայն այդ դեպքում Կոնգրեսը կարող է իշխանությունների հետ բանակցել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ. «Երկու կողմից կնշանակվեն պատվիրակներ, որոնք կքննարկեն ազատ եւ արդար ընտրությունների անցկացման  եւ Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձեւավորելու շուրջ հարցեր»,- news.am-ի մատուցմամբ, հայտարարել է Զուրաբյանը: Նա միաժամանակ հավելել է, որ եթե ՀԱԿ-ը զգա, որ իշխանություններն իրականում բանակցությունների իմիտացիայով են զբաղվում, եւ նրանց նպատակը լեգիտիմ իշխանությունների ձեւավորումը չէ, ապա այդ ժամանակ կրկին կդիմեն ժողովրդի աջակցությանը եւ կշարունակեն պայքարը հանուն Հայաստանում ժողովրդի քվեի վրա հիմնված իշխանության ձեւավորման: «ՀԱԿ-ի նպատակն է երկրում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններով ավազակապետության կազմաքանդումն ու հաշվետու իշխանության ձեւավորումը»,- շեշտել է ՀԱԿ համակարգողը:
News.am-ի հարցին, թե՝ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման պարագայում ո՞վ է լինելու ՀԱԿ-ի թեկնածուն, Զուրաբյանը մատնանշել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը. «Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի անվիճարկելի թեկնածուն է»: Անդրադառնալով խոսակցություններին, թե ԱԺ ընտրությունների արդյունքում Տեր-Պետրոսյանը հնարավո՞ր է դառնա ԱԺ խոսնակ, ՀԱԿ համակարգողն  արձագանքել է. «Ո՞նց եք պատկերացնում, որ առաջին նախագահը, անցնելով էս ճանապարհը, նվաճելով Հայաստանի անկախությունը եւ հաղթանակելով այս պայքարում՝  համաձայնի կամ գնա նման առաքելության»:
Ինչ վերաբերում է մայիսի 31-ի հանրահավաքին, ապա, «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, Զուրաբյանն ասել է, որ «եթե մինչեւ մայիսի վերջը ազատ չարձակվեն անազատության մեջ գտնվող բոլոր ընդդիմադիրները», ապա ընդդիմության հանրահավաքների մասնակիցներին այլեւս զերծ չեն պահելու Ազատության հրապարակում նստացույց անելուց: «Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, նստացույց չի լինի, որովհետեւ վստահ եմ, որ քաղաքական գործընթացները այնպես են գնում, որ այդ օրը՝ 31-ին, Նիկոլ Փաշինյանն էլ, Սասուն Միքայելյանն էլ ելույթ կունենան: Բայց եթե ոչ՝ ինձ որեւէ այլ ելք չի մնալու, քան միանալ նստացույցին»,- հայտարարել է Զուրաբյանը:
Դիտարկմանը, թե իշխանությունները բացառում են արտահերթ ընտրությունների անցկացումը, Զուրաբյանն արձագանքել է. «Բա ի՞նչ պիտի անեն… Կողմերը միշտ էլ այդպես են վարվում. բանակցություններից առաջ իրենց կոշտ դիրքորոշումները արձանագրում են: Դա ոչինչ չի նշանակում, դրան հանգիստ վերաբերվեք»: Երկխոսությունը, ըստ նրա, ներկա իրավիճակում ձեռնտու է նախեւառաջ իշխանությանը. «Երկխոսությունը, այնուամենայնիվ, ինչ-որ չափով կկապի մեր ձեռքերը: Դա հնարավորություն կտա իշխանություններին ինչ-որ չափով կայուն պահել իրավիճակը որոշ ժամանակ: Իրենց է պետք, որ հարցերը լուծվեն երկխոսությամբ»:
Լ. Զուրաբյանը համոզմունք է հայտնել, որ ՀԱԿ-ը հասնելու է իշխանափոխության. «Մեր ջանքերի պակասը չի լինելու: Մենք կոչ ենք անում ամբողջ հասարակությանը եւ ժողովրդին գիտակցել, որ համաժողովրդական շարժման հաջողությունները ամրապնդելու եւ զարգացնելու միակ հնարավորությունը անվերապահ նվիրվածությունն է երկրում ժողովրդավարության հաստատման պայքարին եւ հարյուր հազարավոր մարդկանց ներգրավվածությունը այս խոստումնալից քաղաքական գործընթացների մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել