«Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագիրը Արմավիրի մարզում 10 միլիոն դոլարի ներդրում է արել՝ ոռոգման ենթակառուցվածքների, ֆերմերների վերապատրաստման եւ ագրոբիզնեսին աջակցելու ոլորտներում: Մարզում ներդրած 10 միլիոնի հետքերով էր «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհանեսի այցը Արմավիր: Գործադիր տնօրենը եկել էր անձամբ համոզվելու՝ նպատակայի՞ն էին ծախսվել, արդյոք, գումարները: Շրջայցից հետո նկատեց, որ աշխատանքները բավականին թափանցիկ են ընթացել, որեւէ դիտողություն, առավել եւս՝ թերություն չի տեսնում: Իսկ հարցին, թե ամիսներ անց՝ հոկտեմբերին դադարող ծրագիրը հնարավո՞ր է, որ կրկին մեկնարկի, դիվանագիտորեն շրջանցեց եւ հստակ պատասխան չտվեց. «Մենք ամեն տարի ընտրում ենք երկրներ, որոնք անցնում են մրցակցային գործընթացներով: 22 երկրների հետ ենք աշխատում: Դրանք այն երկրներն են, որոնք տնտեսության ազատականացման կողմնակիցներն են»: Հիշեցնենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան Հայաստանին տրամադրվելիք 238 միլիոնը կրճատեց մոտ 80 միլիոնով՝ մարտի 1-ից եւ դրան հաջորդած զարգացումներից հետո:


















































