Հայաստանի կոմունիստական կուսակցությանը խիստ վրդովեցրել է այն, որ Մինասի որմնանկարները հայրենի Գյումրիից տեղափոխվում են: Վրդովմունքի պատճառը կուսակցության տարածքային կազմակերպությունից ստացած ահազանգն է առ այն, որ գյումրեցիները համաձայն չեն այդ ինքնագործունեության հետ: Այդ առիթով երեկ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն «Առավոտի» միջոցով պատկան մարմիններին դիմեց. «Մենք գտնում ենք, որ Մինասը եւ իր ստեղծագործությունները Գյումրու հարստությունն են, եւ երբ հայտարարություններ ենք անում, որ Գյումրին արվեստների եւ արհեստների մայրաքաղաքն է ու այնտեղից հանում ենք այդ հարստությունները՝ դա վանդալիզմի տիպիկ օրինակ է: Առանց տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների, տեղի բնակչության կարծիքի հետ հաշվի չնստելով, ըստ կամայականության եւ քմահաճույքների տեղաշարժել Մինասի որմնանկարները՝ չի համապատասխանում այն պահանջներին, որ ներկայացնում ենք Հայաստանից դուրս մշակութային կոթողների նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարեհաճ վերաբերմունքի առիթով: Օգտագործելով Մինասի հեղինակությունն ու նրա ստեղծագործությունները՝ Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելու փոխարեն՝ արմատախիլ են անում այդ հնարավորությունը եւս: Բացի Էռնեկյանից՝ ո՞վ է «Զվարթնոց» օդանավակայանում նկար նայելու ու հիանալու: Ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ օտարներին մեր մշակույթը սեփական շահին ծառայեցնել»:


















































