Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական Բաքվին մեղադրում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ձգձգելու եւ ռազմական
գործողությունները վերսկսելու առիթ որոնելու մեջ:
«Ցավոք սրտի, Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը կրկնվող եւ քաղաքակիրթ երկխոսության չափանիշներին չհամապատասխանող հայտարարություններով, որոնք լրջորեն հարվածում են բանակցային գործընթացին»,- տարածաշրջանային այցով Երեւան ժամանած Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ համատեղ ճեպազրույցում այսօր հայտարարեց Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, Ադրբեջանը որպես մարտավարություն ընտրել է ձգձգման քաղաքականությունը:
«Ըստ էության, Ադրբեջանը հարմար առիթի է սպասում, որպեսզի նոր ռազմական ավանտյուրա սկսի»,- հավելեց Հայաստանի նախագահը:
Հայաստանը, ըստ Սերժ Սարգսյանի, դրական է գնահատում ներկայում ԵԱՀԿ-ում նախագահող Լիտվայի ցանկությունը՝ սատարել գործընթացին, ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների եւ անձամբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ջանքերը: «Մենք պատրաստ ենք բանակցելու, պատրաստ ենք եւ անհրաժեշտ ենք համարում որոնել փոխզիջումներ, բայց լուծման համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը եւս ունենա նույն ցանկությունը»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Լիտվային՝ այդ երկրի Սեյմի կողմից դեռեւս 2005 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունելու համար, ինչը, ըստ Հայաստանի նախագահի, եւս մեկ վկայությունն է այդ ժողովրդի բարձր բարոյական նկարագրի եւ համամարդկային արժեքները այսրոպեական շահերից վեր դասելու գիտակցման:
Իր հերթին Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարեց, թե Հայաստանը կարող է կայունացնող գործոն դառնալ տարածաշրջանում եւ լուծել բոլոր խնդիրները խաղաղ ճանապարհով: Լիտվայի նախագահը, ով մինչ Երեւան ժամանելը այցելել է Բաքու եւ Թբիլիսի, ընդգծեց. «Ոչ մի երկիր, ոչ մի կազմակերպություն չի աջակցի ղարաբաղյան խնդրի ռազմական կարգավորմանը: Այդ ուղերձը ես փոխանցել եմ երեք երկրների ղեկավարներին, որտեղ եղել եմ այս օրերին»:
Երեւանում Լիտվայի նախագահի բանակցությունների առանցքում եղել է Եվրոպային մտահոգող եւս մեկ խնդիր: Մարտին տեղի ունեցած հուժկու երկրաշարժից եւ ցունամիից հետո Ճապոնիայի «Ֆուկուշիմա» ատոմակայանի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակից հետո ողջ Եվրոպան եւ նույնիսկ ամբողջ աշխարհը ձգտում է միջուկային անվտանգության ավելի բարձր չափորոշիչներ ապահովել: «Եվրամիությունը սկսում է իրականացնել Եվրոպայում գործող բոլոր միջուկային ռեակտորների սթրես-թեստավորումը, եւ իրենց անվտանգությունը ապահովելու համար նույնը կխնդրենք անել նաեւ բոլոր հարեւաններին: Ընդ որում, դա արվում է ոչ միայն անվտանգության, այլեւ հրապարակայնորեն տեղեկատվություն ապահովելու միջոցով ազգերի միջեւ վստահությունը ամրապնդելու նպատակով: Որքան հասկացա այսօրվա բանակցություններից, Հայաստանը պատրաստ է նման համագործակցության»,- եզրափակեց Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:


















































