Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղուները կուշտ են, տերերն են սոված

Մայիս 05,2011 00:00 Share

\"\"Մեղվապահությունը որպես բիզնես այսպես են բնութագրում շիրակցի մեղվապահները

Երեկ շիրակցի մեղվապահները հավաքվել էին Ախուրյանի գյուղապետարանի շենքում՝ հյուրընկալելով ՀՀ մեղվապահների ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծաոուկյանին: Մինչ տիկին Ծառուկյանը խոսում էր Հայաստանում մեղվաբուծության զարգացման ընթացքի մասին՝ նշելով, որ մեղվաընտանիքներն ավելացել են՝ 77000-ից դառնալով մոտ 550000, մեղվապահները հերթով ներկայացնում էին իրենց բողոքները: Այս հանդիպումից պարզ դարձավ, որ մեղվապահությունը այնքան էլ եկամտաբեր բիզնես չէ մեր երկրում, մեղվապահները խեղդված են պրոբլեմների մեջ. մեղուներին համապատասխան դեղորայքով, շաքարավազով ապահովելու, ինչպես նաեւ մեղրը սպառելու խնդիր ունեն: Մեղվապահներից մեկը քննադատեց նորանշանակ գյուղնախարար Սերգո Կարապետյանին, ով, ըստ նրա, «ծիրան ու դեղձ է գովերգում»՝ այս ոլորտին ընդհանրապես ուշադրություն չդարձնելով: «Իմ մեղուն հիմա սոված չէ, ես եմ սոված, այլեւս չեմ ուզում տեսնել մեղուների երեսը, հիասթափվել եմ, գյուղնախարարը թող մտածի, թե մեղրը ինչպես իրացնենք, թե չէ՝ ծիրան, դեղձ առել ու անցել է, միայն սրանց մասին է մտածում»,- նեղսրտեց մեղվապահը: Մեղվապահների մի խումբ էլ դժգոհեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանի արտադրանքից: Ռոզա Ծառուկյանի հարցին, թե որտեղի՞ց են գնում եւ ի՞նչ շաքարավազով են կերակրում մեղուներին, մեղվապահներից մեկը զայրացած պատասխանեց. «Տեղական շաքարավազը չի լուծվում ջրի մեջ, գույնը սեւանում է, մեղուները չեն քաշում շաքարավազը, զզվում են, երբ բրազիլականն էինք տալիս՝ նման խնդիր չկար»: Մյուսներն էլ կողքից հաստատեցին իրենց գործընկերոջ ասածը: Տիկին Ծառուկյանը իր հերթին գովեց բելառուսական «մաքուր ճակնդեղի» շաքարավազը՝ ասելով, որ իրենք հնարավորություն են ստեղծել հատուկ մեղվապահների համար այն ինքնարժեքով ձեռք բերելու: «Թող շաքար բերողները չասեն, թե Ծառուկյանի մայրն եկել է, շաքարի բիզնեսին է խփում, ես ձեր մասին եմ մտածում»:
Մեղվապահները դժգոհ էին նաեւ մոմաթերթերից, դրանք դարձել են բարակ ու անորակ: Ամենահետաքրքիրն այն է, որ նրանք դժգոհեցին նաեւ տիկին Ծառուկյանի բարեգործական հիմունքներով բաժանած դեղամիջոցից՝ բիպինից, որը տալիս են մեղուներին տիզերի դեմ պայքարելու նպատակով: Մասնակիցներից մեկն ասաց. «Բիպինն անորակ է, գարունը 3 անգամ տվել եմ մեղուներին, սակայն օգուտ չի տվել, երեսը սալյառկի պես կանգնում է»: Տիկին Ծառուկյանն անակնկալի եկավ՝ հարցնելով. «Անձամբ ինձանի՞ց եք ստացել բիպինը, բոլոր մարզերում բաժանել եմ, բայց առաջին անգամ ձեզանից եմ լսում, որ իմ ձեռքով տված բիպինը մեղուներին սատկացնում է։ Իմ դեղերը ես Մոսկվայի ակադեմիային կից գործարանից եմ բերում, հատուկ հանձնաժողովն է ընդունում, տալիս եմ անասնապահական տեսչությանը, միգուցե իմ տվածը պահել են, իրենց բռակը ձե՞զ են բաժանել, եթե տարան պահել եք, բերեք՝ բացահայտենք»: Տիկին Ծառուկյանին օգնության հասան Այգաբացի անասնաբույժն ու Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետը։ Այգաբացի անասնաբույժի ասելով, իրենց գյուղում նման խնդիր չի առաջացել, իրենց մեղվապահները շատ գոհ են Ծառուկյանի բաժանած բիպինից: Գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանն էլ անհարմար դրությունը փրկելու համար ստիպված եղավ բացատրել դեղորայքի՝ մեղվապահին հասնելու գործընթացը: «Դրսից բերված դեղորայքը մինչեւ մաքսային հսկողություն չանցնի, հնարավոր չէ մուտքագրել, բացի այդ՝ դեղորայքը տիրոջն է հասնում տեղի անասնաբույժների միջոցով»,- պարզաբանեց գյուղվարչության պետը:
Ավելի ուշ, առանց հյուրի ներկայության, հանդիպման մասնակիցներից երկուսը գյուղապետարանի միջանցքում մեզ դժգոհեցին, որ բիպինի պատճառով իրենք ֆինանսական հսկա կորուստներ են ունեցել, նրանցից մեկը հինգ մեղվաընտանիք է կորցրել, որոնցից յուրաքանչյուրը, նրա հաշվարկներով՝ 30000 դրամ արժե: «Առավոտի» հետ ունեցած զրույցում նույնը փաստեց նաեւ Կարմրաքարի գյուղապետ, մեղվաբույծ Գագիկ Վարադյանը։ Նրա ասելով, ինքը, որպես մեղվաբույծ, անձամբ է վերցրել այդ բիպինից եւ 50%-ով կորցրել է մեղվաընտանիքը: Նույնը կատարվել է նաեւ եղբոր մեղուների հետ: «Մենք ընտանիքով պապական պրոֆեսիոնալ մեղվաբույծներ ենք, քանի որ միակ լաբորատորիան պատկանում է Ծառուկյաններին, անիմաստ ենք համարում տանել ու հետազոտման ենթարկել»,- ասաց գյուղապետը:
Մեղվապահների հետ ունեցած հանդիպումից հետո մեկ անգամ եւս տիկին Ծառուկյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է կատարվում: «Անցած տարի, երբ որ մենք բիպին ենք բերել եւ հանձնել ենք անասնաբուժական տեսչությանը՝ պետական հանձնաժողովի հետ մեկտեղ, անասնաբուժական տեսչությունը դեղորայքը տվել է մարզի գյուղապետերին։ Գյուղապետերը բերել են այն դեղամիջոցը, որը հանձնաժողովի ձեռքով ընդունվել է բերողի ձեռքից, նրանք փոխել են, իրանց մոտ ժամկետանց, անորակի հետ, որը ներկրվում է Վրաստանից կամ Ռուսաստանից՝ բարեկամներն են ուղարկում, եւ առաջացել է այն մարդու ասածը, որ բիպինը մեղուներին տվել ենք, բայց չի օգնել: Անկում են արձանագրել, բայց դա ինձ չի վերաբերում, որովհետեւ իմ բերած դեղը իմ ձեռքից վերցրել է հանձնաժողովի նվազագույնը ինը անդամ: Յուրաքանչյուր գյուղ ունի եւ անասնաբուժական ապտեկա, եւ առողջապահության ապտեկա, բերում են, փոխում են, ես բացարձակապես կապ չունեմ եւ կարող եմ ապացուցել»,- ասաց տիկին Ծառուկյանը:
Ինչպես ներկայացրեցին մարզպետարանի գյուղվարչության մասնագետները, տիզերի դեմ պայքարում մեղվապահներին դեղորայք է հատկացվել պետպատվերի շրջանակում, որը շահել է տիկին Ծառուկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել