Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԽԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ, nԲԱՅՑ ՕԳՏՎԵԼ Է

Մայիս 05,2011 00:00 Share

Երեկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, Նվարդ Տավարացյանի նախագահությամբ, լսեց Մասիսի շրջանի Նոր Խարբերդ գյուղի Մորենիկի փողոցի բնակիչ, մանկուց 2-րդ կարգի հաշմանդամ Սուրեն Թարվերդյանի բողոքը:
Մինչ այդ վերաքննիչ դատարանում Սուրենը բացարկ էր հայտնել դատավոր Կարինե Հակոբյանին, որը ընդունվել էր ապրիլի 30-ին:
Երեկ դատարան էր ներկայացել միայն Սուրենի մայրը՝ Կարինե Հարությունյանը, իսկ տեղի կադաստրի ներկայացուցիչը, նոտարը եւ Սուրենի հորաքույրը՝ Հասմիկ Թարվերդյանը դատարանի կողմից պատշաճ ծանուցված լինելով՝ չէին ներկայացել բողոքի քննությանը:
Սակայն դա չխանգարեց, որպեսզի նախագահողը հրապարակի բողոքը:
Մանկուց հաշմանդամ Սուրեն Թարվերդյանը հորը՝ Գեւորգ Թարվերդյանին  1993թ.-ին կորցնելուց հետո փաստացի բնակվել է նշյալ տանը, մոր՝ Կարինեի եւ խորթ տատիկի հետ: Խորթ տատի մահվանից հետո պարզվել է, որ նա տունը 1993թ.-ին «վաճառել» է Սուրենի հորաքրոջը՝ Հասմիկին, որն էլ տունը «նվիրել» է իր աղջկան եւ վտարման պահանջ ներկայացրել հանգուցյալ եղբոր ընտանիքին:
Դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Սուրենը միակ ժառանգն է եւ խախտելով ժառանգություն ստանալու իրավունքը, կայացրել են վտարման վճիռ: Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանից Կարինե Հարությունյանը պահանջում էր անվավեր ճանաչել սեփականության իրավունքի վկայագրերը, նվիրատվության պայմանագիրը, եւ ժառանգության ընդունման փաստով ճանաչել Սուրեն Թարվերդյանի սեփականության եւ ժառանգության իրավունքը Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Մորենիկի փողոցի թիվ 8 տան նկատմամբ:
Կարինե Հարությունյանը դատարանին զուգահեռ դիմել էր նաեւ ՀՀ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունք, որպեսզի քրեական գործ հարուցվի փաստաթղթերի կեղծմամբ միակ ժառանգին տնից զրկելու փաստի առթիվ: Ոստիկանությունը «ոչինչ» չի նկատել:
Ի դեպ, հաշվի չի առնվել նաեւ այն հանգամանքը, որ համաձայն գյուղի ծխամատյանի, նշյալ հասցեում ծխի անդամներ են համարվել Սուրենի պապը (մահացել է), մայրը, հայրը եւ ինքը:
Դատարան ներկայացված վճարման անդորրագրերով ապացուցվում է, որ Սուրենը փաստացի բնակվել է նշված տանը, տիրապետել եւ կառավարել է հոր ժառանգական գույքը, կատարել է ժառանգության պահպանման ծախսեր:
Իսկ կեղծ փաստաթղթերի մասին մայր եւ որդի Թարվերդյանները տեղեկացել են 2009թ.-ից հետո:
Գործում առկա է Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի ղեկավարի 09.03.2009թ. տեղեկանքն այն մասին, որ Կարինե Հարությունյանը մշտական գրանցմամբ բնակվում է Մորենիկի 8 հասցեում:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 563-րդ հոդվածի, «Կոլտնտեսային (մենատնտես գյուղացիական) ծխի անդամի մահվան դեպքում ծխի գույքի միջեւ ժառանգություն չի բացվում»: Հետեւաբար, քանի որ Սուրենի խորթ տատը ծխամատյանում չի եղել, ծխի անդամ չի համարվել, նա չէր կարող ձեռք բերել զուգընկերոջ մահվանից հետո վիճելի գույքը: Ու ոչ միայն ձեռք բերել, այլեւ՝ տնօրինել, վաճառել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել