Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարգարիտա Խաչատրյանը:
Նա դատի է տվել Գրականության ինստիտուտին եւ պահանջում է, որպեսզի պատասխանող ինստիտուտից հօգուտ իրեն բռնագանձվի 450 000 ՀՀ դրամ՝ որպես կատարված աշխատանքի դիմաց վճարում, ինչպես նաեւ դատական ծախսերը:
Մ. Խաչատրյանը պահանջում է, որպեսզի դատարանը ինստիտուտին պարտավորեցնի վճարել 14.07.2010թ.-ին «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ի հետ կնքած պայմանագրով սահմանված գումարը՝ 450 000 ՀՀ դրամը:
Մ. Խաչատրյանը հայցադիմումում հայտնել էր, որ ինստիտուտն իրեն հանձնարարել է պատրաստել եւ հրատարակել «Արամ Հայկազ. մոռացված էջեր» հատոր Ա գիրքը: Այն պետք է լույս տեսներ 500 օրինակով, որից 150 օրինակը նախատեսվում էր տրամադրել ՀՀ սփյուռքի նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը տվել է իր համաձայնությունը: Ըստ հայցվորի, Ա հատորի համար նախատեսվել է 900 000 ՀՀ դրամ:
«Տիգրան Մեծի» հետ Գրականության ինստիտուտը կնքել է պայմանագիր, նախարարությունը փոխանցել է 450 000 դրամը:
Հետագայում ինստիտուտը բացասական կարծիք է հայտնել Ա հատորի մասին:
Լույս է տեսնում Ա հատորը, այն տարվում է ԱՄՆ, տրվում 150 օրինակը սփյուռքի նախարարությանը: Մնացյալ գումարը չի փոխանցվում տպարանին, եւ Մ. Խաչատրյանը մնում է պարտք:
Մ. Խաչատրյանի ներկայացուցիչն է փաստաբան Վահագն Գրիգորյանը, իսկ Գրականության ինստիտուտի ներկայացուցիչը՝ Վահե Հովհաննիսյանը:
Ինստիտուտը դատարանին է ուղարկել իր առարկությունները, գտնելով, որ հայցվորի պահանջը իրավազուրկ եւ անհիմն է:
Պատասխանողը գտնում է, որ «Հայցվորը պարտավոր էր դատարան ներկայացնել պարտավորության առաջացման ստույգ փաստեր»:
Ավելին, պատասխանողի կարծիքով. «Հայցապահանջի երկրորդ մասը նույնիսկ չի վերաբերում հայցվորին»:
Երեկվա դրությամբ դատական նիստի օրը հայտնի չէր:


















































