Կամ դրանց մեկնաբանությունները՝ ըստ ՀՀ վարչապետի
Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հյուրընկալվել էր ԵՊՀ ուսանողներին:
Նա համալսարանականների հետ քննարկեց կրթական տարաբնույթ խնդիրներին վերաբերող հարցեր, փաստեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող լինել արդյունավետ, եթե հասարակությունը հաշտվում է դրա դրսեւորումների հետ. «Օրինակ, եթե բուհում գոյություն ունի կոռուպցիա, դա նշանակում է, որ դրանում ներքաշված են նաեւ ուսանողները, որոնք պատրաստ են վճարել գնահատականի համար՝ չունենալով գիտելիք: Արդյո՞ք ձեր շրջանում կան այնպիսիք, ովքեր հանդուրժում են նման իրադրությունը», – ուսանողներին է դիմել վարչապետը: Նա ընդգծեց հասարակության մտածողության նշանակությունը. «Կոռուպցիայի մասին խոսելիս շատ կարեւոր է գնահատել, թե ինչպիսի՞ն է ժամանակակից աշխարհը՝ ինչպես է այն զարգանում եւ այդ տեսակետից մեր երկրում ինչպիսի՞ հարաբերություններ պիտի ձեւակերպենք: Կոռուպցիոն ինչպիսի՞ ռիսկեր, վտանգներ կան մեր երկրում… Հայաստանի ապագան պայմանավորված է նաեւ նրանով, թե այս լսարանում, օրինակ, ի՞նչ մտածողություն է տիրում: Օրինակ, եթե հիմա ասենք՝ կոռուպցիան մեծագույն չարիք է եւ դա լինի բոլորիս համոզմունքը, համախոհներ դառնալով, մենք կկարողանանք հաղթահարել չարիքը»:
ՀՀ վարչապետի ձեւակերպմամբ, ՀՀ ԿԳ նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի իր ծրագիրն արդեն ներկայացրել է կառավարությանը. «Այստեղ եմ՝ լսելու նաեւ ձեր կարծիքներն ու առաջարկները»:
Վարչապետն առաջարկեց կրթական եւ պետական կառույցներում բարդացնել աշխատանքի ընդունվելու հարցը. «Եթե մարդը վատ է սովորել համալսարանում, իրավունք չպետք է ունենա նույն համալսարանում կամ մեկ այլ նման կառույցում աշխատել: Սա պետք է գերիշխի բոլոր ոլորտներում: Գիտելիք ունես՝ աշխատանքի կընդունենք, գիտելիք չունես, չենք ընդունի: Պաշտոնների ձգտումը հիմնականում այն մարդկանց մոտ է, ովքեր գիտելիքներ չունեն: Գալիս- ասում են՝ ինչպես ասեք, այնպես էլ կանենք, պարոն վարչապետ, խոստանում ենք լինել կատարյալ հավատարիմ եւ հնազանդ՝ ձեր յուրաքանչյուր խոսքին…»:
ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը ներկայացրեց, իր պատկերացմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներ: Ըստ նրա, կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել կադրային ճիշտ քաղաքականությունից: Հենց այդ պահին վարչապետն անմիջապես միջամտեց Ց. Ակոպյանին. «Երբ մենք նոր էինք եկել իշխանության եւ պիտի խորհրդային կաշառակերներին փոխարինեինք նոր, երիտասարդ, անկաշառ մասնագետներով, մեզ ՀՀՇ-ն ուղարկում էր բազմաթիվ դիմումներ, թե նշանակեք այս կամ այն մասնագետին, նա երբեք կաշառք չի վերցրել: Հարցնում էինք՝ որտե՞ղ է աշխատել: Ասում էին, ասենք, Մերգելյան ինստիտուտում. էնտեղ ո՞վ պիտի կաշառք առաջարկեր: Ինչեւէ, այդպիսի բազմաթիվ նշանակումներ արեցինք, բայց հետո պարզվեց, որ լավ էլ կաշառք էին վերցնում»:
Ուսխորհրդի ներկայացուցիչը շարունակեց իր ընդհատված խոսքը եւ որպես կոռուպցիայի պայքարի միջոց՝ վարչապետին առաջարկեց ստեղծել ուսանողական օմբուդսմանի ինստիտուտ:
ԵՊՀ տնտեսագիտություն ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Հարություն Ազգալդյանի բնութագրմամբ, որքան շատ է խոսվում կոռուպցիայի մասին, այնքան կոռուպցիան շատանում է. «Միայն քաղաքական կամք ցուցաբերելու դեպքում կոռուպցիայի դեմ կկարողանանք պայքարել»: Ի պատասխան դրան՝ վարչապետը նշեց. «Բազմիցս տարբեր ոլորտների խնդիրների լուծումների համար կրկնում են այդ նախադասությունը՝ ցուցաբերենք քաղաքական կամք: Իսկ ի՞նչ բան է քաղաքական կամքը: Մինչեւ քաղաքական կամքի դրսեւորման հասնելը՝ պետք է այդ կամքը փորձարկվի մտերիմների շրջանակում»: Տ. Սարգսյանը Ազգալդյանին հարցրեց. «Դու որեւէ ոլորտում կամք դրսեւորե՞լ ես»: Ուսանողն էլ պատասխանեց. «Այո, սոցիոլոգիական հարցում եմ անցկացրել եւ հրապարակելու եմ տվյալները՝ դառնալով թիրախային խումբ այն մարդկանց համար, ում մասին հրապարակել եմ»:


















































