Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

ԿՈԼՈՐԱԴՑԻՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԻՐԵՆ ՎՃԱՐԵԼ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ «ԳԼԽԱԳԻՆԸ»

Մայիս 05,2011 00:00

\"\"Կոլորադոյի բնակիչ Գերի Ֆոլքները (նկարում), որը Պակիստանում Օսամա բեն Լադենին «որսալու» անհաջող փորձեր էր արել, ամերիկյան իշխանություններից պահանջել է իրեն վճարել «թիվ մեկ ահաբեկչի» գլխի համար խոստացված պարգեւի մի մասը: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Fox news-ը:
Ֆոլքները, որը մի քանի անգամ Պակիստան էր մեկնել «Ալ-Քաիդայի» առաջնորդին գտնելու ու սպանելու մտադրությամբ, 2011թ. մայիսի 2-ի գիշերը բեն Լադենի ֆիզիկական չեզոքացումը համարում է նաեւ իր ջանքերի արդյունքը: Կոլորադցու կարծիքով, ինքն իր գործողություններով բեն Լադենին տառացիորեն ափսեի մեջ հանձնել է ուժայիններին: «Ես դրանում իմ ներդրումն եմ ունեցել եւ մեծ դեր եմ խաղացել այդ հրաշալիքում: Չէ՞ որ ես ստիպել եմ նրան սարից իջնել»,- իր դիրքորոշումն այսպես է բացատրել Ֆոլքները: Ամերիկացու պնդմամբ, իրեն հաջողվել է ահաբեկչին իր որջից դուրս հանել. «Նա՝ բեն Լադենը, դուրս հանեց գլուխն ու անմիջապես էլ զրկվեց դրանից»,- ասել է կոլորադցին՝ հավելելով, թե հպարտ է ամերիկյան զինվորականների համար, որոնք չեզոքացրել են «թիվ մեկ ահաբեկչին»:
Այդուհանդերձ, լրագրողների հետ զրույցում Ֆոլքներն ակամա խոստովանել է, որ ինքը բեն Լադենին Պակիստանում փնտրելիս առաջնորդվել է ետին նպատակներով՝ հույս ունենալով, որ իր ջանքերը որոշակիորեն կփոխհատուցվեն: «Ես վաճառել եմ ամեն ինչ, ինչ ունեի, եւ վտանգել եմ կյանքս»,- հայտարարել է անհաջողակը:
Գերի Ֆոլքները ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռ 2010թ. հունիսին, երբ Պակիստանում ձերբակալել էին թրով ու ատրճանակով զինված կասկածելի ամերիկացու: Պարզվել էր, որ ձերբակալվածը հենց Ֆոլքներն է, որը հայտարարել էր, թե «որսում» է բեն Լադենին եւ մտադիր է, որպես՝ պատիժ, գլխատել նրան 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության համար: Դեռ այդ ժամանակ նա ստացել էր «բեն Լադենի որսորդ» մականունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները բեն Լադենի գտնվելու վայրի մասին տեղեկության համար խոստացել էին 27 մլն դոլար: Բեն Լադենի սպանությունից հետո ամերիկյան որոշ թերթեր սկսել էին հետաքրքրվել, թե ո՞ւմ է բաժին հասնելու ԱՄՆ պետդեպի կողմից խոստացված պատկառելի պարգեւը: Պետդեպը, սակայն, հրաժարվում է այդ հարցի առնչությամբ մեկնաբանություններ անել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել