Լրահոս
Օրվա լրահոսը

Մինսկը փակում է անկախ թերթերը

Մայիս 05,2011 00:00 Share

\"\"Բելառուսի տեղեկատվության նախարարությունը նախաձեռնել է երկու խոշոր ոչ պետական հասարակական-քաղաքական թերթերի՝ «Նաշա Նիվա»-ի ու «Նարոդնայա վոլյա»-ի փակման գործընթաց: Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ հիշյալ թերթերը սպառել են պաշտոնական զգուշացումների լիմիտն ու ենթակա են լիկվիդացման՝ համաձայն ԶԼՄ-ների մասին համապատասխան օրենքի:
Բելառուսի տնտեսական գերագույն դատարանը բելառուսական նախարարության հայցի հիման վրա այդ գործով դատաքննությունը կսկսի մայիսի 11-ին: Թերթերի խմբագիրները այս օրերին զբաղված են իրավաբանների հետ խորհրդակցություններով, իսկ Բելառուսի հայտնի ու շարքային քաղաքացիները, հասարակական կազմակերպությունները ի պաշտպանություն հիշյալ թերթերի՝ նամակներ են գրում:
«Մեզ ուզում են զրկել մեր հայրենիքում եւ նրա սահմաններից դուրս տեղի ունեցող օբյեկտիվ տեղեկություններից»,- իր բաց նամակում հայտարարել է պատերազմի ու աշխատանքի վետերանների մի խումբ՝ հավելելով, թե տեղի ունեցողը ահաբեկչություն է՝ ճշմարտությունը լռեցնելու համար: Բելառուսի լրագրողների ընկերակցության կոչով ընթերցասերները նամակներ են ուղարկում տեղեկատվության նախարարությանը՝ պահանջելով դատարանից ետ կանչել թերթերի դեմ ներկայացված հայցը:
Չորեքշաբթի օրը մի քանի տասնյակ թղթակիցներ ու թերթ ընթերցողներ «ԶԼՄ-ները՝ Բելառուսում» ցուցահանդեսի պաշտոնական բացման ժամանակ ցուցադրաբար հանել ու սկսել են կարդալ «Նաշա Նիվա» եւ «Նարոդնայա վոլյա» թերթերը՝ հենց այն պահին, երբ ճառով հանդես է եկել տեղեկատվության նախարար Օլեգ Պրոլեսկովսկին: Այդ ցուցահանդեսում, ի դեպ, երկրի անկախ թերթերը ներկայացված չեն եղել:
Հիշեցնենք, որ իր տարեկան զեկույցում, որն օրերս հրապարակել է Freedom House-ը, ի թիվս այլ երկրների, Բելառուսը հայտնվել էր ամենավատ ցուցանիշներն ունեցողների շարքում, որտեղ «ԶԼՄ-ներ կամ գոյություն չունեն, կամ չեն կարող աշխատել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել