«Մենք ոչնչի չենք հասնի նրանց հետ, ովքեր փորձում են պառակտել մեր երկիրը»,- news.am-ի փոխանցմամբ, այդ մասին Մուշում նախընտրական ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ հերքելով քրդական հարցի գոյությունը եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանն անվանելով խաբեբաներ: «Մենք ժողովրդի հետ միասին հանդես կգանք նրանց դեմ, ովքեր խաբում են մեր քուրդ եղբայրներին ու քույրերին: Մենք արժանի պատասխան կտանք նրանց մեր քվեներով: Մենք ոչնչի չենք հասնի նրանց հետ, ովքեր փորձում են եղբորը եղբոր դեմ հանել, պառակտել երկիրը: Մենք մեր երկիրը չենք դնի Քրդական բանվորական կուսակցության (PKK) ոտքերի տակ: Մենք ոչնչի չենք հասնի նրանց հետ, ովքեր փորձում են ձախողել ժողովրդի կամարտահայտության ժողովրդավարական իրավունքը»,- հայտարարել է Էրդողանը: «Սա մեր երկիրն է, մեր հայրենիքը: Այստեղ տեղ չունեն խտրականությունն ու անջատողականությունը: Մենք միասնական ենք, մենք միասին ենք: Մենք միասին կլինենք, մեծ ու ուժեղ կլինենք: Մենք ընկերներ ու բարեկամներ չենք, մենք հավերժ եղբայրներ ենք: Մենք եղբայրներ ենք, ինչպես Եփրատն ու Տիգրիսը, ինչպես Սիփանն ու Արարատը: Մենք անբաժանելի ենք, ինչպես երկինքն ու երկիրը: Մենք պետք է իմանանք, որ նա, ով ասում է հակառակը, հերքում է պատմությունը, սպանում է ճշմարտությունը եւ հերքում ինքն իրեն: Մեր երկրում այլեւս չկա քրդական հարց: Կան խնդիրներ իմ քուրդ եղբայրների համար, բայց քրդական հարց չկա: Թայիփ Էրդողանը տեր չէ, այլ ձեր ծառան»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:


















































