Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԱՂՄՈՒԿ, ԲԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԻ

Մայիս 05,2011 00:00 Share

Կոնսերվատորիական նախաձեռնությունները շարունակվում են

\"\"

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան երկրի մշակութային կյանքում մեծ ներդրումներ ունի, որոնք արտացոլվում են նաեւ մրցույթներով, փառատոներով: Սակայն, չգիտես ինչու, ոչ բոլոր նախաձեռնություններն են արժանանում հրապարակային ուշադրության: Թերեւս սա կարելի է վերագրել կազմակերպչի «անաղմուկ» գործունեությանն ու համեստությանը: Օրինակ, վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում, մասնագետների բնորոշմամբ, ներկայանալի ելույթ ունեցավ կոնսերվատորիայի ուսանողական սիմֆոնիկ նվագախումբը (ղեկավար՝ Ռ. Ասատրյան), օրերս էլ ավարտվեց Գ. Սարաջեւի անվան դաշնակահարների 7-րդ հանրապետական մրցույթը, որին մասնակցեցին շուրջ 50 երաժիշտներ Երեւանից, մարզերից եւ Արցախից: «Առավոտի» հետաքրքրությանը, թե հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել հիշյալ մրցույթի նախկին դափնեկիրները, մրցույթի ժյուրիի անդամ, կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Իգոր Յավրյանը բերեց ընդամենը երկու օրինակ. նախորդ տարիների դափնեկիր Սոնա Բարսեղյանը (պրոֆեսոր Ս. Սարաջյանի դասարան) ներկայումս ուսանում է Գերմանիայում, իսկ իր դասարանից Հրանտ Բագրամազյանը ուսումը շարունակում է ԱՄՆ-ի Քլիվլենդի համալսարանում, պրոֆեսոր Սերգեյ Բաբայանի ղեկավարությամբ: «Ի դեպ, Բաբայանը ժամանակին ուսանել է անվանի մանկավարժ Գեորգի Սարաջյանի մոտ: Եզակի այս օրինակը վկայությունն է հայկական դաշնամուրային դպրոցի շարունակական ձեռքբերումների»,- հավելեց պարոն Յավրյանը:
Այսօր էլ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» երրորդ միջազգային մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացումը: Կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեւանի կոնսերվատորիան եւ Գյումրիի մասնաճյուղը: 2007թ. սկիզբ առած փառատոնը արդեն երրորդ տարին է, որ ունենում է միջազգային հնչեղություն:
«Առավոտի» հետ զրույցում Երեւանի կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանն ասաց, որ անցյալ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված Մշակույթների մերձեցման միջազգային տարվա շրջանակներում անցկացված մրցույթ-փառատոնին մասնակցել են շուրջ 1000 երաժիշտ-կատարողներ՝ Ռուսաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից, Լատվիայից, Լիտվայից, Վրաստանից, Կիպրոսից, Ուկրաինայից եւ այլն: Իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկված են եղել երաժիշտներ՝ նշված երկրներից: «Այս տարի 7 մասնագիտությունների գծով տարիքային տարբեր խմբերում (8-26 եւ բարձր) կմրցեն 1200 երաժիշտ-կատարողներ՝ արդեն 22 երկրից: Հանձնախմբի աշխատանքներին էլ, մեր արվեստի ճանաչված գործիչների հետ, կմասնակցեն երաժիշտներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Իսպանիայից, Հունաստանից, Վրաստանից, Լատվիայից, Լիտվայից եւ այլ երկրներից»,- տեղեկացրեց տիկին Ավդալյանը, հավելելով, որ փառատոնի շրջանակներում անցկացվելու են հանդիպումներ, «կլոր սեղաններ», վարպետության դասեր եւ 5-րդ՝ «Համաշխարհային մշակույթը եւ Հայաստանը» խորագրով գիտաժողովը: Ասաց նաեւ, որ մինչեւ մայիսի 13-ը շարունակվող փառատոնային յուրաքանչյուր օր նվիրվելու է որեւէ նշանավոր իրադարձության, օրինակ՝ կոմպոզիտոր Էդ. Միրզոյանի ծննդյան 90-ամյակին, Շուշիի ազատագրմանը եւ այլն: «Մեր նպատակը եղել եւ մնում է մեկը. որ այս երաժշտական ֆորումը վերածվի դասական արվեստի յուրօրինակ տոնախմբության՝ խթանելով դասական երաժշտության պրոպագանդումը, տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների միջեւ նոր ստեղծագործական ու բարեկամական կապերի ստեղծումը՝ մերձեցնելով այլազգի արվեստագետներին հայ մշակույթին»,- նշեց Կ. Ավդալյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել