Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՊԱՀՊԱՆԱԿԸ ՇՈՒՏ ՉՊԱՏՌՎԻ…

Մայիս 05,2011 00:00

Հայ երգչուհիներից ոմանք պատրաստ են իրենց լուսանկարը դաջել պահպանակների տուփերին՝ պայմանով, որ այն որակյալ լինի

\"\"Պահպանակ արտադրողները նորանոր միջոցների են դիմում՝ իրենց արտադրանքի վաճառքը խթանելու համար: Դրանցից ամենատարածվածը շոու-բիզնեսի որեւէ աստղի նկարը պահպանակի վրա զետեղելն է, որը ձեռնտու է ինչպես իր սեքսուալությունը, էրոտիզմը PR անող աստղին, այնպես էլ բիզնեսմեններին: Օրինակ, երբ սովորական չինական պահպանակների վրա մարդիկ տեսան հայտնի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի նկարը, այն միանգամից գրավեց սպառողների ուշադրությունը եւ վաճառքի ծավալները կտրուկ մեծացան: Ընդհանրապես, վերջին շրջանում շատ են այս կամ այն աստղի նկարը պահպանակների վրա տպում, ընդ որում՝ բանը հասել է նրան, որ սպառողները կարող են արտադրողներին պատվիրել իրենց լուսանկարով կամ իրենց զուգընկերուհու պատկերով պահպանակներ ու ավելի հաճույքով այն օգտագործել:
Այս առնչությամբ, չնայած Հայաստանում առայժմ պահպանակների արտադրություն չկա, այնուամենայնիվ, մենք մեր շոու-բիզնեսի աստղերից հետաքրքրվեցինք, թե կուզենայի՞ն իրենց լուսանկարը տեսնել որեւէ ներկրվող պահպանակի տուփի վրա եւ որքա՞ն գումար կպահանջեին դրա համար: Հաշվի առնելով, որ մեր շոու-բիզնեսի շատ աստղեր պահպանակի անունը լսելուն պես կսկսեն սուրբ ձեւանալ եւ մի բան էլ նեղվել, որ իրենց այդ թեմայով հարցեր ենք ուղղում, մենք զրուցեցինք ավելի ազատ մտածողություն ունեցող մի քանի երգչուհիների հետ: Արմինկայի խոսքերով՝ «Ես այստեղ երբեք չէի անի նման բան: Հայաստանում, ի տարբերություն Արեւմուտքի, դա վուլգար կնայվի ու բացարձակ չի հասկացվի: \"\"Լինելով ՀՀ քաղաքացի, ես ձեռնպահ կմնայի այդ քայլից, թեեւ հաշվի առնելով, որ շատ աստղեր դրան մասնակցում են՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակներում, ինքս դրան շատ լավ եմ վերաբերվում: Դա, իրոք, շատ լավ ակցիա է, բայց, միեւնույն է, Հայաստանում չէի համաձայնի իմ նկարը տեղադրել պահպանակների վրա»: Մեր հարցին՝ գուցե դու արդեն մայր ես, եւ նաեւ դրա համա՞ր ես դեմ նման բաների՝ Արմինկան պատասխանեց. «Ոչ, ես հավատացնում եմ, որ մինչեւ մայր դառնալն էլ չէի անի դա եւ նույն բանը կասեի: Խնդիրը Հայաստանի եւ հայ հասարակության վերաբերմունքի մեջ է»:
Ի տարբերություն Արմինկայի, Juice-ը պահպանակի վրա նկար տեղադրելու մեջ ոչ մի վուլգար բան չի տեսնում, բայց նա այդ հարցում իր պայմաններն ու դիրքորոշումն ունի. «Ես կհամաձայնեի նկարս լիներ միայն որակյալ պահպանակների վրա, թե չէ՝ էն անորակ պահպանակները, որոնք շուտ պատռվում են… պատկերացնո՞ւմ եք, մարդիկ գնեն իրենց սիրած հայտնի մարդու նկարով պահպանակ ու օգտագործելիս այն շուտ պատռվի, միանգամից էդ հայտնի մարդուն կմեղադրեն ու աչքից կգցեն: Էնպես որ, ես կհամաձայնեմ, ինչո՞ւ ոչ, բայց՝ որ դա լինի իսկապես որակյալ եւ լավ պահպանակ»: Մենք փորձեցինք ճշտել երգչուհուց, թե այդ դեպքում ի՞նքն է փորձարկելու առաջարկվող պահպանակն ու անձամբ ստուգելու դրանց որակը՝ Juice-ը պատասխանեց. «Թող այդ ընկերությունը մի քանի ամիս վաճառի իր ապրանքը, արձագանքները կլսենք, կիմանանք՝ մարդիկ ինչ կարծիք ունեն իրենց արտադրանքի մասին, նոր միայն, կախված նրանից, թե ինչքան կվճարեն, իմ լուսանկարը թող դնեն պահպանակի տուփի վրա: Ի վերջո, դա նաեւ ՁԻԱՀ-ի դեմ քայլ է, որը ողջունելի է»: Juice-ը զրույցի ընթացքում չկողմնորոշվեց, թե մոտավորապես ինչ գումարի դիմաց նման ծառայություններ կմատուցի, նշելով. «թող առաջարկեն՝ կմտածեմ-կասեմ», այնուամենայնիվ, ակնհայտ էր, որ երգչուհին իր անունը պահպանակների պատճառով չարատավորելու համար պատրաստվում էր բիզնեսմենից պահանջել մի տրցակ հավաստագրեր, որ տվյալ պահպանակը համապատասխանում է միջազգային չափանիշներին, ունի ISO (Ստանդարտացման միջազգային կազմակերպություն), CE \"\"(Եվրամիության չափանիշներ) կամ OMS (Առողջապահության միջազգային կազմակերպության չափանիշներ) տարբերանշաններից որեւէ մեկը, նաեւ ունի «strong» կամ «ultra-strong» ցուցումները:
Իսկ ընդհանրապես, բացի պահպանակներից, այլ արտադրանքների վրա Juice-ը նույնպես դեմ չէ, որ հայտնվի իր նկարը: Իհարկե, խոսքը այս դեպքում ալյուրի կամ նման ապրանքի մասին չէ, որովհետեւ, երգչուհու խոսքերով՝ «Ես ալյուրի հետ չեմ համապատասխանի, փոխարենը կուզենայի ներքնազգեստի բիզնես ունենալ ու իմ նկարը այնտեղ օգտագործել կամ, ասենք՝ հյութերի վրա հայտնվել»:
Հայ շոու-բիզնեսի ամենաազատ երգչուհիներից է նաեւ Rippi-ն: Նա մեզ հետ զրույցում նույնպես դեմ չէր, որ իր նկարը հայտնվի որեւէ պահպանակի տուփի վրա: Բայց նրա խոսքերով՝ «Դա շատ թանկ հաճույք է, ես բավականին մեծ գումարով եմ նկարահանվում գովազդներում կամ իմ լուսանկարը թույլ տալիս կոմերցիոն նպատակներով օգտագործել: Կարծում եմ՝ եթե որեւէ ընկերություն իրեն թույլ տա նման գումարից բաժանվել ու ինձ հետ գովազդում նկարահանվելու պայմանագիր ձեռք բերել, հաստատ դա շատ լուրջ ընկերություն կլինի եւ անորակ արտադրանք չի տա: Իսկ, ընդհանրապես, ոչ մի վատ բան չեմ տեսնում պահպանակի կամ դրա վրա երեւալու մեջ, նորմալ ա, դաժե կայֆ ա, որ լինի»: Մեր հարցին՝ ուրիշ ի՞նչ ապրանքների վրա կուզեիր երեւալ կամ գովազդել դրանք՝ նա պատասխանեց. «Դե, երեւի մազերի հետ կապված միջոցների, շամպունների կամ կոսմետիկայի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել