Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՂԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՀՍԿՎԵՆ

Մայիս 19,2011 00:00

Գլենդելի քաղաքապետը պնդում է, որ Կապանի հիվանդանոցը պետք է հասարակությանը պատկանի

\"\"

Առողջապահական եւ բարեգործական ծրագրեր իրականացնելու նպատակով Երեւանում են Գլենդելի (ԱՄՆ ) քաղաքապետ Արա Նաջարյանը, «Գլենդել մեմորիալ հոսպիտալի» տնօրեն Մեթ Գերլաչը, հոսպիտալի խորհրդի անդամ Պերճ Ջամբազյանը եւ բժիշկ Վիգեն Սեֆիլյանը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պերճ Ջամբազյանը հայտարարեց, որ, ի նշան հայրենիքի ցավերով հետաքրքրվածության, որոշել են Երեւանում բժշկական կենտրոն բացել՝ «Գլենդել մեմորիալ հոսպիտալի» մասնաճյուղ:
«Գլենդել մեմորիալ հոսպիտալը» ԱՄՆ-ում 50 ամենալավ հիվանդանոցներից մեկն է: Հոսպիտալի խորհրդի անդամի փոխանցմամբ՝ թեեւ հիվանդանոցի գլխավոր մասնաճյուղը մայրաքաղաքում կլինի, սակայն մարզերում եւս հետազոտական կենտրոններ կբացվեն: Քաղաքապետ Արա Նաջարյանն էլ նշեց, որ համագործակցության առաջին քայլերն արված են, եղել են հանդիպումներ ՀՀ առողջապահության նախարարի հետ, քննարկվել են ծրագրի մանրամասները: Բժիշկ Վիգեն Սեֆիլյանն էլ հավելեց, որ պետք է փորձեն Հայաստանում պայմաններ ստեղծել առավել վտանգավոր հիվանդությունների՝ քաղցկեղի, սրտանոթային եւ շաքարախտի բուժման համար:
Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանն ասաց, որ իր նպատակը նոր բիզնեսներ եւ դրամ Հայաստան բերելն է: Հիշեցնենք, որ «Առավոտ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է Գլենդելի քույր քաղաք Կապանի հիվանդանոցի խնդրին: Գլենդելի մեր հայրենակիցները 250 հազար ԱՄՆ դոլար են հանգանակել, որը, սակայն, պատրաստ են Կապանի հիվանդանոցին տալ, եթե Հայաստանի կառավարիչները հիվանդանոցը հանեն պետգույքի մասնավորեցման ցուցակից եւ հանձնեն Կապան համայնքին: Մերոնք չեն շտապում նման բան անել: Այս առթիվ Գլենդելի քաղաքապետը «Առավոտին» ասաց. «Մենք խոստացել ենք Կապանի ծննդատան շենքն ամբողջությամբ վերանորոգել եւ արդեն սկսել ենք անհրաժեշտ ապրանքները հավաքել, մենք ուզում ենք Կապանում ամենալավ եւ ամենահարմար համակարգով ծննդատունը լինի, որպեսզի կապանցի մայրերը հենց տեղում ծննդաբերեն: Երբ Կապանի քաղաքապետը 2 ամիս առաջ այցելել էր Գլենդել, նա շատ բաներ է տեսել ոստիկանների, հրշեջների աշխատանքում, թե մեզ մոտ ինչպես են աշխատում: Ես կարծում եմ, որ քաղաքապետի աշխատանքը մշտապես պետք է ուղղված լինի քաղաքացիների կյանքը դյուրին դարձնելուն: Հավաքված գումարը պետք է վերահսկվի, որ մենք տեսնենք՝ բոլոր ծախսերն արդարացված են, ու այդպես քայլ-քայլ պետք է շարունակենք ոչ թե միայն ուղարկել, այլեւ պատասխանատվություն կրել, որովհետեւ գլենդելահայերն ու Լոս Անջելեսի հայերը կուզեն իմանալ, թե իրենց հավաքած 50-100 -200 դոլարը որտեղ գնաց: Այդ հիվանդանոցը պետք է հասարակությանը պատկանի: Որեւէ մեկը չպետք է շահի այս գումարներով: Արդեն օգոստոսից կսկսվեն աշխատանքները: Ընդ որում, մեր մասնագետները կամավորության սկզբունքով պարբերաբար կգան Կապան, իսկ հիմնական աշխատողները կլինեն հայաստանցի բժիշկները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել