Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցուղին սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է ասֆալտը

Մայիս 19,2011 00:00

Մոտ 16 տարի առաջ Ռուսաստանում առաջին անգամ համախմբվելով՝ ավտոէքստրիմի սիրահարները կազմակերպեցին «Off-road»-ի անդրանիկ մրցարշավը: Այն արագ մասսայականություն վայելեց՝ դառնալով սիրված եւ սպասված առաջնություն:
Մարզաձեւն ավելի քան պարզ է. ընտրվում է քարքարոտ ու անտառապատ տարածք, կազմվում տարածքի քարտեզը, որտեղ ֆիքսվում են որոշակի կետեր: Ավտոմեքենայում լինել թույլատրվում է երկու հոգու. մեկը պետք է վարի մեքենան, մյուսը՝ հետեւի քարտեզի վրա նշված կետերին: Անձնակազմի նպատակն է՝ հնարավորինս շատ նպատակակետերի հասնել, դիպչել դրանց, լուսանկարվել: Այնուհետեւ մրցավարները մեկ շաբաթ վերլուծում են լուսանկարները եւ հայտարարում միավորները: Ի դեպ, մրցարշավը տեւում է 8-9 ժամ: Ուշացող անձնակազմը դուրս է մնում մրցապայքարից:
Այս մարզաձեւից մրցումներ կազմակերպվում են նաեւ Հայաստանում, իսկ մեր ավտոարշավորդները մասնակցում են միջազգային մրցումների եւ արդեն հաղթանակներ տոնում: Հայաստանում գործում է «4×4 off-road» ակումբը, որի նախագահ Արտաշես Ստեփանյանը մեզ պատմեց մարզաձեւի առանձնահատկությունների եւ նրբությունների մասին.
«2009-ին իմ նախաձեռնությամբ ստեղծվեց «4×4 off-road ակումբը»: Համախոհներ շուտ գտա: Օգնում ենք միմյանց՝ ինչով կարողանում ենք: Միայն միասնությունը կարող է արդյունքի բերել: Այնպես որ, միասնությունը մեր կարգախոսն է: Ակումբի անունը որոշվել է ի սկզբանե. «4×4»-ը լիաքարշակ մեքենաների ֆորմուլան է: «Օff-road» նշանակում է արտաճանապարհային: Ի տարբերություն մյուս ավտոմոբիլային մարզաձեւերի, մեզ մրցուղի պետք չէ: Մեր մրցուղին սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է ասֆալտը:
Ակումբի անդամ ամեն ոք չի կարող դառնալ՝ համարձակություն, եռանդ, առողջություն է պահանջում: Բացի այդ, անմիջականություն էլ պետք է ունենաս, որ շուտ «մերվես» ակումբի մյուս անդամների հետ: Կարեւոր է ընկերասեր լինելը: Եթե մարդիկ միմյանց չեն վստահում, ապա մրցումների ժամանակ իրար չեն հասկանա: Համախմբվածության հասնելու համար փոխադարձ վստահություն պիտի լինի: Ավտոմոբիլային արտաճանապարհային մարզաձեւերում սեռային տարբերակում էլ չկա: Բայց պարտադիր պետք է 22 տարին բոլորած լինես: Տղաներ ունենք՝ Դավիթ Մարտիրոսյան, Վլադիմիր Մխիթարյան, Լյուդվիգ Երմաշյան, Արտակ Ղազարյան, որոնք արդեն միջազգային ասպարեզում կարողանում են իրենց խոսքն ասել: Երկու աղջիկ էլ ունեինք՝ Աննա եւ Արմինա Քարամյանները, որոնք, ցավոք, վաճառեցին իրենց մեքենաները եւ այլեւս չեն մասնակցում մրցումներին:
Երկու տարվա գործունեության ընթացքում մի շարք հաջողություններ ենք ունեցել, իհարկե՝ ձախողումներ էլ եղել են: Տարեկան մի քանի անգամ մասնակցում ենք միջազգային մրցարշավների, այլ ակումբների եւ ֆեդերացիաների կազմակերպած միջոցառումներին, ակցիաներին: Ավանդույթ ենք դարձրել՝ ամեն դեկտեմբեր եւ մայիս ամիսներին այցելել մանկատներ, նվերներ տանել նրանց: Մեծ եղեռնի զոհերի հիշատակության օրը, մեռելոցներին, ինչպես նաեւ եկեղեցական տոներին ակումբակիցներով գնում ենք քաղաքից շատ հեռու, դժվարհասանելի որեւէ սրբավայր՝ մոմ վառում, աղոթում:
Մեր մարզաձեւը, ինչ խոսք, էքստրեմալ է: Հեշտ չէ առօրյա օգտագործման մեքենայով սար բարձրանալ, ծառեր, թփեր, քարեր շրջանցել, գետեր անցնել: Բայց, իմ համոզմամբ, հարթ ասֆալտի վրա մեծ արագությամբ մեքենա վարելն ավելի էքստրեմալ է, վտանգավոր՝ ոչ այնքան մեքենան վարողի, որքան այդ պահին այդ տարածքում գտնվող անմեղ մարդկանց համար»:
«Առավոտի» հարցին, թե մայիսի 1-ին Թբիլիսիում անցկացված «Գեոէքստրիմ. կողմնորոշում» ամենամյա մրցարշավում մեկնարկի ելած մոտ 55 ավտոմեքենաների մրցապայքարում ի՞նչ արդյունք գրանցվեց, Արտաշես Ստեփանյանը պատասխանեց. «Մասնակցում էին Թուրքիայից, Վրաստանից, Ադրբեջանից, Իրանից եւ Հայաստանից՝ 50-55 անձնակազմ: Մեկնարկը տրվեց առավոտյան ժամը 10-ին ու, անկախ արդյունքներից, ժամը 18-19-ը մեքենաները պետք է հասնեին վերջնակետ: Մեր ակումբը ներկայացնող հինգ անձնակազմից Դավիթ Մարտիրոսյան- Վլադիմիր Մխիթարյան զույգը վերջնակետին հասավ ժամը 14:49-ին: Նման կարճ ժամանակահատվածում այդպիսի բարդագույն ճանապարհը սահմանված ժամկետում հաղթահարելը չտեսնված երեւույթ էր: Մենք ուրախությունից արդեն երգում էինք: Իմիջիայլոց, «Գոհար» երգչախմբի եւ հայ աստղերի «Կիլիկիա» երգն էինք երգում: Ասեմ, որ այս զույգը մրցում էր ամենաբարձր՝ երրորդ բացարձակ կատեգորիայում, այն էլ՝ երկրորդ դասի մեքենայով: Ու այն պարզապես հաղթահարելն արդեն իսկ անհավատալի էր: Երկու տարի առաջ, երբ առաջին անգամ էինք միջազգային մրցարշավի մասնակցում, բոլորը մեզ հեգնանքով էին վերաբերվում: Իսկ այստեղ մի քանի տասնյակ մեքենաներից միայն երկուսը վերջնակետ հասավ՝ մերը եւ վրացիներինը: Վերջին մրցարշավում հաղթելու համար պաշտոնապես շնորհավորեցին մեզ, բայց մեդալներն ու պատվոգրերը շնորհեցին վրացիներին: Մեկ շաբաթվա ուսումնասիրություններից հետո երկու չնչին վրիպումներ էին նկատել, որոնք, սովորաբար, չեն էլ հաշվում: Բայց վրացական կողմը դրանք հաշվի առավ՝ հօգուտ իրենց մարզիկների եւ մեզ հռչակեց ընդամենը բացարձակ դասի ոչ պաշտոնական հաղթող: Այդուհանդերձ, հունիսի 26-ին Թբիլիսիում մասնակցելու ենք «Off-road» հերթական առաջնությանը, իսկ հուլիսին Հայաստանում անցկացնելու ենք միջազգային մրցարշավ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել