Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՆԸ ՀՂԻ Է, ԱՄՈՒՍԻՆՆ ԷԼ «ԼԵՎԻ» Է ԳՆՈՒՄ

Մայիս 19,2011 00:00

\"\"Մասնագետները վստահեցնում են՝ հղիության ընթացքում էլ կարելի է հաճույք ստանալ հենց սեփական կնոջ հետ

Ծննդաբերությունը կնոջ եւ տղամարդու վրա կարող է եւ դրական, եւ բացասական ազդեցություն թողնել: Շատ հաճախ, երեխա ունենալուց հետո, ամուսինների սեռական հարաբերության ցանկությունը նվազում է, լինում են ամուսիններ, որ ընդհանրապես ցանկություն չեն ունենում: Հիմնականում հղիության վերջին շրջանում տղամարդիկ գերադասում են իրենց սեռական ցանկությունները բավարարել ոչ իրենց կնոջ հետ, պատճառաբանելով՝ իբր այդ ժամանակ սեքսը վտանգավոր է կնոջ համար: Սակայն դա ամենեւին չի մխիթարում կանանց եւ նրանք բոլորովին համաձայն չեն՝ հանուն իրենց եւ երեխայի առողջության՝ ամուսինների «լեւի» գնալու հետ: Հատկապես որ բժիշկները անգամ բարդ հղիության դեպքում անվտանգ սեքսի տարբերակ են առաջարկում:
 Մասնագետները սեռական ցանկության նվազման մի քանի պատճառներ են նշում: Օրինակ՝ երեխա ունենալուց հետո կինը դեպրեսիվ վիճակում է հայտնվում կամ ամուսնու համար կնոջ նոր կերպարն այնքան անսովոր է դառնում, որ տղամարդու մեջ սեռական ցանկություն չի առաջացնում: Կամ, ասենք, ծննդաբերությունից հետո կնոջ մարմինն այնպես է ձեւափոխվում, որ ամուսինը չի ուզում նույնիսկ «մատով կպնել»: Ոմանց մոտ ծննդաբերությունից հետո սեռական լիբիդոյի նվազումը մի քանի ամիս է տեւում, որոշների մոտ էլ՝ բավականին երկարատեւ շրջան է լինում եւ սեռական կյանքի վրա լուրջ հետեւանքներ թողնում:
Բժիշկները սեռական լիբիդոյի նվազման առաջին պատճառը կնոջ օրգանիզմի հորմոնալ փոփոխությունն են համարում, երկրորդը՝ երեխայի խնամքով տարված հոգնածությունն ու լարվածությունը, որի հետեւանքով կինը սեքսի հավես չի ունենում: Մեկ այլ պատճառ էլ ծննդաբերությունից հետո կնոջ օրգանիզմի ֆիզիկական ձեւափոխությունն է:
Մեզ հետ զրույցում բժիշկ գինեկոլոգ Իննա Պերսոյանը հաստատեց, որ ծննդաբերությունից հետո շատ կանանց մոտ դեպրեսիա է սկսվում. «Դրա համար մեծ դեր են խաղում ամուսինը եւ ընտանիքի մյուս անդամները, որոնք պետք է հասկանան նրան եւ օգնեն նման իրավիճակներում: Եթե կինը առավոտից երեկո խնամում է երեխային եւ ժամանակ չունի հանգստանալու, բնական է, որ սեքսի ցանկություն էլ չի լինի: Հորմոնալ փոփոխությունն էլ որոշ չափով սառեցնում է նրա լիբիդոն»:
Ըստ բժշկի, սկզբնական շրջանում սեռական ցանկության նվազումը լինում է հատկապես այն կանանց մոտ, ովքեր բարդ ծննդաբերություն են ունեցել՝ պատռվածքներ են եղել, որից հետո կարեր են դրվել. «Այս դեպքում շատ հաճախ կանայք ընդհանրապես սեքսից հրաժարվում են, քանի որ պետք է որոշ ժամանակ անցնի՝ մինչեւ վերքերը լավանան, բացի այդ, նման դեպքում կնոջ համար սեքսը բավականին ցավոտ է լինում: Ծննդաբերությունից հետո սեքսի ընթացքում ցավեր ունենալը շատ զույգեր նորմալ են համարում եւ մտածում են, թե ստից բան է, շուտով կանցնի, բայց իրականում շատ լուրջ խնդիրներ են լինում: Եթե այդ ցավերը երկար ժամանակ չեն անցնում, ապա կինը խնդիր ունի, եւ պետք է անհապաղ դիմել բժշկի: Ես գիտեմ կին, որի կարերը երկար ժամանակ չէին ներծծվել: Այսինքն, այն թելը, որով կարեր են դրվում, այնպիսի նյութից է, որը պետք է մաշկի հետ միաձուլվի, ներծծվի եւ անցնի: Իսկ այդ կնոջ մոտ կարերը չէին ներծծվել, եւ հանգույցները երկար ժամանակ այդպես ցցված էին մնացել: Սեքսի ժամանակ ոչ միայն կինն էր ցավեր զգում, այլեւ ամուսինը»: Ըստ մասնագետի, շատ ամուսիններ սեռական հարաբերության ժամանակ անգամ ուժեղ ցավեր զգալու դեպքում ամաչում են դիմել բժշկի: Մինչդեռ դա կարող է լուրջ խնդիր լինել եւ հետագայում բարդ վիրահատությունների պատճառ դառնալ: Մասնագետի խոսքերով՝ զույգերը, եթե նույնիսկ ամաչում են բարձրաձայնել, որ սեքսը ցավոտ է, ապա գոնե սովորական կոնսուլտացիա անցնեն գինեկոլոգի մոտ, ընդ որում քչերը գիտեն, որ հետծննդյան բժշկական ծառայությունը 40 օր եւս անվճար է:
Եթե ծննդաբերությունից հետո ամուսնու համար կնոջ կերպարն անընդունելի է, ապա այս դեպքում խնդիրը բժիշկները չէ, որ պետք է շտկեն: Մասնագետները խորհուրդ են տալիս կանանց, որպեսզի չկորցնեն ամուսինների սեռական հետաքրքրությունն իրենց նկատմամբ, պարզապես չմոռանան, որ թեեւ իրենք մայր են դարձել, բայց նաեւ կին են իրենց ամուսինների համար: Ուստի անգամ օրգանիզմի ֆիզիկական փոփոխությունները հաշվի չպետք է առնել եւ տարատեսակ սեքսուալ հնարքներ գտնել իրենց ամուսիններին բավարարելու համար:
Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի կարծիքով, եթե հետծննդյան ընթացքում սեռական հարաբերությունը ցավոտ է լինում, ապա լավագույն միջոցը պեդինգով զբաղվելն է, այսինքն՝ շոյանքներն ու փաղաքշանքները: Բայց շոյանքները պետք է լինեն երկկողմանի: «Խորհուրդ ենք տալիս օգտագործել սեռական կյանքին փոխարինող մեկ այլ ձեւ, որը պեդինգն է. երկուսն էլ ստանում են սեքսուալ բավարարություն՝ առանց սեռական օրգանների կոնտակների»: Ծննդաբերությունից հետո կնոջ օրգանիզմը 2-3 ամիս դեռ հորմոնալ փոփոխության ազդեցության տակ է, եւ կնոջ լիբիդոյի նվազմանը տղամարդիկ, այսպես ասած, պետք է ըմբռնումով մոտենան. ոչ թե «լեւի» գնան:
Մեր այն դիտարկմանը, որ հայ տղամարդիկ գերադասում են ոչ թե պեդինգը, այլ «լեւի» գնալը, սեքսապաթոլոգն ասաց. «Խնդիրը երեւույթի նկատմամբ ոչ ճիշտ մոտեցումն է: Բոլոր ազգերի մոտ կա այս խնդիրը: Պարզապես, եթե կինը եւ տղամարդը մի քիչ տեղյակ լինեն պեդինգից, ապա խնդիր չի լինի: Բնականաբար, փորձ չունեցող տղամարդու համար դա խորթ է, եւ եթե մի օր ասեն՝ դու պիտի անցնես պեդինգի, նա կընդունի ավելի հեշտ տարբերակը՝ սիրուհուն կամ այլ ճանապարհներ: Շատ կարեւոր է, որ մինչեւ ամուսնանալն էլ իրենց հարաբերությունները քննարկած լինեն, պատրաստ լինեն պեդինգին, կամ մինչեւ ամուսնանալը պեդինգ արած լինեին: Եվ հղիության վերջին շրջանում, հետծննդյան շրջանում մակերեսային պեդինգից սկսելով, անցնելով խորը պեդինգի, իրենց սեռական հարաբերությունները աստիճանաբար կվերականգնվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել