Լրահոս
Օրվա լրահոսը

Ավեդիքյանը կմարմնավորի Փարաջանովին

Մայիս 19,2011 00:00

\"\"Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2010 թ. ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, միանում է «Ինտերֆիլմ պրոդաքշն» ստուդիայի «Փարաջանով. գեղեցիկի սիրահարը» նոր խաղարկային ֆիլմի համատեղ արտադրությանը: Կաննի կինոշուկայի ուկրաինական տաղավարում երեկ կայացած հանդիպան ժամանակ կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը եւ ֆիլմի ծրագրի պրոդյուսեր Օլենա Ֆետիսովան պայմանավորվեցին ստորագրել համատեղ արտադրության համաձայնագիր: Ըստ նախնական պայմանավորվածության, Հայաստանում ֆիլմի նկարահանման աշխատանքների ամբողջ գումարը կտրամադրի Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Տիկին Ֆետիսովան նշեց, որ ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմում է 1 մլն 900 հազար եվրո, որի 50 %-ը տրամադրում է ուկրաինական կողմը: Այս ծրագրին իրենց ֆինանսական ներդրումները կբերեն նաեւ ֆրանսիական, շվեդական եւ վրացական կողմերը նույնպես: 100 րոպե տեւողությամբ խաղարկային ֆիլմի ծրագիրը յուրօրինակ վերաբերմունք է 20-րդ դարի մեծագույն ռեժիսորի հիշատակին եւ նրա թողած անգնահատելի ժառանգությանը: Սերգեյ Փարաջանովի կերպարը կմարմնավորի ֆրանսահայ դերասան, Կաննի 2010թ. մրցանակակիր Սերժ Ավեդիքյանը: Ըստ կինոկենտրոնի լրատվականի, օրերս նաեւ Հայաստանի կինոպատմության մեջ առաջին անգամ կնքվել է Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» խաղարկային ֆիլմի համաշխարհային դիստրիբուցիոն պայմանագիրը (հինգ տարի ժամկետով)՝ ֆրանսիական «Ինսոմնիա վորլդսեյլզ» ընկերության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել