Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Կարայանի նորույթ հատորյակը

Մայիս 20,2011 00:00

Թե ինչն էր բուն պատճառը, որ ազգային զարթոնքին հետեւեց գրքի եւ ընթերցանության նկատմամբ հետաքրքրության գահավիժումը, հավանաբար կդառնա ապագա ուսումնասիրողների քննության առարկա: Ակնհայտ է, սակայն, որ գրականություն արարողների դասալիքներ չեղան կամ համարյա չեղան, թեեւ ստեղծագործությունը թեկուզ շատ փոքրաթիվ սպառողներին (որոնց նախկին սովորույթով շարունակում ենք ընթերցող անվանել) հասցնելը բացառիկ դժվար գործ է դարձել: Ե՛վ ստեղծագործությունները, ե՛ւ գրատպագրության դժվարին ճանապարհը կտրողները նվիրողներ են, որոնք անում են այն, ինչ չեն կարող չանել: Մեզանում այդ դժվար, թվում է անհեռանկար ճանապարհով իր ընթացքն անտրտունջ շարունակողներից է արձակագիր, հրապարակախոս Ռոբերտ Կարայանը, որը մեր ընթերցասեր հասարակությանը ծանոթ է իր սքանչելի «Փրկություն» պատմավեպով: Սարդարապատի ճակատամարտին առնչվող պատմական լայնաշունչ վեպի ռուսերեն թարգմանության լուրը նոր էր հասել հայ ընթերցողին, որ Կարայանն իր ընթերցողների ուշադրությանը ներկայացրեց «Մարդազարդի տոն արարենք» վերտառությամբ ծավալուն ստեղծագործությունը, որի ժանրային բնորոշումն այնքան էլ դյուրին չէ՝ վեպ, վիպակ, առականի, առածանի, դիտարկումներ… Ծանոթությունն այս ծավալուն ստեղծագործության հետ ինքնին մերժում է ժանրային բնորոշման պարագան եւ դրա փոխարեն հաստատում մեկ այլ ժանրի արտադրանք՝ բարոյական հասկացությունների եւ սահմանումների անհրաժեշտությունը մեր գիտակցականում, որից սկիզբ են առնում հասարակության միավորների կյանքը, կեցվածքը՝ որպես քաղաքացիներ: Հենց այս վերջինն է, որ օդի պես անհրաժեշտ է մեզ՝ հայերիս, որ անցնելով պատմության անհարթ ճանապարհով՝ այսօր արդեն վերջնականապես դեմ առ դեմ ենք կանգնել ազգային մեկ ամբողջական միավոր դառնալու համահայկականի առաջ: Ակնհայտ է, որ այդ ամբողջական միավորը չի կարող մարմնավորվել տարածքային մեկ միավորի վրա հայտնվելու դրսեւորումով: Հետեւաբար հոգեւոր ամբողջական միավորի տիրույթում հայտնվելը դառնում է կենսական հրամայական: Ահա, հենց այդ հոգեւոր միասնականության շինարարությանն է միտված Կարայանի «Մարդազարդի տոն արարենք» հատորը:
Բարձրյալը մեզ նախ արարել է որպես մարդ, ապա միայն մեզ օժտել ազգային պատկանելությամբ: ՄԱՐԴ լինելը բնության բարձրագույն եւ առաջնային հատկանիշն է, որից սկիզբ է առնում մեր ազգային բնորոշիչ՝ Հայ լինելը:
«Մարդազարդի տոն արարելը» հրամայական է, որին ընդառաջ չգնալու դեպքում կկորցնենք մեր գոյության եւ կեցության իմաստն ու նշանակությունը:
Այս գիրքը նոր մտածողության, նոր սկիզբ ազդարարող առաջաքայլ է եւ մեծապես անհրաժեշտ մեզ՝ նորովի վեր հառնելու համար բնության պարտադրանքի առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել