Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ հաջորդ նախագահը զոլավոր պիտի լինի

Մայիս 21,2011 00:00

Ասել է ընդդիմադիր գործիչ Կարապետ Ռուբինյանը

Երեկ «Ընտրություն» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀՇ եւ Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ, «Առցանց Ազատականների Ալյանսի» նախաձեռնող Կարապետ Ռուբինյանն ասել է, թե ՀԱԿ-ի քաղաքական կուրսն այս տարվա մարտի 1-ից սկսած՝ լճացել է, կորցրել է սրությունն ու համարձակությունը: Այդ մասին փոխանցում է news.am-ը:
Ըստ բանախոսի, ինչ-որ փոփոխություններ տեղի ունեցան ՀԱԿ-ի մարտավարության մեջ, ու նա հայտարարեց, թե ընտրել է քաղաքական գործընթացների խաղաղ, անցնցում ճանապարհը: ԱԺ նախկին փոխխոսնակը նաեւ արձանագրել է, որ այդ փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ երկրում տիրող տնտեսական անկումն ու սոցիալական վիճակի խորացող վատթարացումը համընկան արաբական հեղափոխությունների հետ, որոնք մեծ ոգեւորություն մտցրին ժողովրդի մեջ: Կ. Ռուբինյանի ասելով, ժողովուրդը ցույց տվեց, որ պատրաստ է կանգնելու ու մինչեւ վերջ պայքարելու իր իրավունքների համար: Իսկ հիմա, ստեղծված իրավիճակում, ՀԱԿ-իշխանություն սկսված երկխոսությունը միայն միկրո հաջողություններ է արձանագրելու: «Լավ է, որ չենք ունենալու քաղբանտարկյալներ: Հայտարարվում է, որ դա էապես կլիցքաթափի իրավիճակը: Սակայն էապես լիցքաթափված իրավիճակում ինչո՞ւ պետք է ռեժիմը սկսի բանակցել իր հրաժարականի շուրջ»,- նկատել է Ռուբինյանը:
Հարցին, թե՝ գուցե ՀԱԿ-ի կեցվածքի պատճառն այն է, որ նա այսպիսով լուծում է ապագա խորհրդարանում իր մանդատների խնդի՞րը, ԱԺ նախկին փոխխոսնակն արձագանքել է. «Կարող է իրենք հաշվարկել են, որ կոնֆրոնտացիոն ճանապարհը իրենց որեւէ հեռանկար չի խոստանում:
Ենթադրենք՝ խորհրդարանում ՀԱԿ-ը ինչ-որ տեղեր ունի, դա կարելի՞ է ինչ-որ հաջողություն համարել: Հաստատ գիտեմ, որ հիմարներ եւ սրիկաներ չեն գնա խորհրդարան. նորմալ մարդիկ կգնան: Կարելի է ասել, որ խորհրդարանի մակարդակը ինչ-որ չափով կբարձրանա: Բայց մեր երկրին դա՞ է պետք»: Ռուբինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանին պետք են խորը, ռադիկալ բարեփոխումներ՝ բոլոր ոլորտներում, ինչը, սակայն, ընթացող զարգացումները չեն խոստանում:
Նա, ի պատասխան լրագրողների հարցին, չի թաքցրել, որ մասնակցում է ընդդիմադիրների տարբեր ձեւաչափի հանդիպումների, ու չի բացառել ապագայում որեւէ կուսակցության անդամագրվելու հնարավորությունը. «Ասել, որ ինչ-որ մեկի հետ համախոհ եմ կամ համախոհ չեմ, կամ համատեղ պլաններ ունենք արդեն գծած՝ այդպես չէ, նման բան չկա»:
Հարցին, թե ո՞ւմ հետ է հանդիպել, Ռուբինյանն արձագանքել է. «Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, «Ժառանգության» այլ անդամների հետ, մի անգամ խմել ենք դաշնակների հետ»:
Արձագանքելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիտարկմանը, թե ՀՀ հաջորդ նախագահը պետք է «այլ գույն ունենա», ԱԺ նախկին փոխնախագահը կեսկատակ-կեսլուրջ հայտարարել է. «Կտրականապես դեմ եմ, որ հաջորդ նախագահը այլ գույն ունենա, նա պետք է լինի զոլավոր: Զեբրի ու վագրի խառնուրդ»: Քիչ անց նա, այնուամենայնիվ, ավելի լուրջ պատասխան է տվել լրագրողների հարցին, ասելով, թե Հայաստանը պետք է անցում կատարի խորհրդարանական կառավարման համակարգի. «Կուզենայի, որ հաջորդ նախագահ կամ չլիներ, կամ էլ լիներ այնպիսի մի ծրագրով նախագահ, որը կհայտարարեր, որ գալիս է իշխանության՝ երկու տարում սահմանադրական ռեֆորմներ անելու եւ դեպի խորհրդարանական հանրապետություն անցում կատարելու համար: Ահա այդպիսի մի թեկնածուի ես լիովին կպաշտպանեի»: News.am-ի դիտարկմանը, թե գուցե ի՞նքն առաջադրվի որպես նախագահի թեկնածու եւ ի կատար ածի իր պատկերացումները, Ռուբինյանն արձագանքել է թե՝ կքննարկի այդ առաջարկը՝ միաժամանակ հավելելով, որ ՀՀ հաջորդ նախագահը պետք է լինի նախկին եւ ներկա երեք նախագահների եռանկյունուց դուրս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել