Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-Ն ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՄԻՆՍԿԻ ԱՌԱՋ ՊԱՅՄԱՆ Է ԴՐԵԼ

Մայիս 21,2011 00:00

Ռուսաստանը չի շտապում ֆինանսական ճգնաժամ ապրող Բելառուսին տրամադրել խոստացված ֆինանսական աջակցությունը՝ պնդելով, որ Բելառուսն անցնի ձեռնարկությունների մասնավորեցմանը: Բելառուսական ակտիվների վաճառքի անհրաժեշտության մասին հինգշաբթի երեկոյան բարձրաձայնել է ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը՝ Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ գագաթաժողովից հետո, որին, ի դեպ, մասնակցում էր նաեւ ԵԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Կուդրինի ասելով, մարտի կեսերից արժույթի սուր դեֆիցիտ ունեցող Բելառուսը սեփականաշնորհումից երեք տարվա ընթացքում կարող է ստանալ 7,5-9 մլրդ դոլար:
«Բելառուսում վարկային ծրագիրը համալրելու համար արժույթի ծավալների անհրաժեշտ եւ բավարար ռեսուրսներ կան: Մեր պայմանն այն է, որ երեք տարվա ընթացքում Բելառուսում պետք է ձեռնարկությունների սեփականաշնորհման գործընթաց լինի»,- ասել է Կուդրինը՝ հավելելով, որ ձեռնարկությունների սեփականաշնորհումից ստացված գումարը պետք է կազմի ոչ պակաս, քան՝ 7,5 մլրդ դոլար:
Նախարարն ասել է, թե Մոսկվան չի քննարկում սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների ցանկը, բայցեւ խոստովանել է, որ բանակցություններ են վարվում «Բելտրասգազի» վաճառքի շուրջ: Հիշեցնենք, որ այս ձեռնարկության կեսն արդեն պատկանում է «Գազպրոմին», իսկ մյուս կեսը Մինսկը գնահատել է 2,5 մլրդ դոլար:
Գագաթաժողովից հետո Պուտինը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ այդ երկրին վարկ տրամադրելու վերջնական պայմանները քննարկելու համար: Հանդիպումն անցել է առանց ԶԼՄ-ների:
Հիշեցնենք, որ Մինսկը բազմիցս է հայտարարել, որ ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու հիմնական հույսը կապում է Ռուսաստանից վարկ ստանալու հետ: Չորեքշաբթի օրը Լուկաշենկոն հայտարարել էր, թե Բելառուսը Ռուսաստանից կարող է ստանալ 6 մլրդ դոլար, ինչը հնարավորություն կտա լուծել արժույթի հետ կապված խնդիրները, նաեւ համալրել Ազգային բանկի ոսկու եւ արժույթի պահուստները: Սակայն ռուս նախարարը հայտարարել էր, թե այդպիսի հույսեր փայփայել չարժեր, եւ որ խոսքը կարող է գնալ բացառապես ԵվրԱզԷՍ հիմնադրամի հակաճգնաժամային ֆոնդի կողմից վարկի տրամադրման մասին, որի համար ՌԴ-ն կարող է միջորդել, եւ որը՝ 3-3,5 մլրդ դոլար, Մինսկը կարող է ստանալ երեք մասով՝ երեք տարիների ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել