Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ մեռնել

Մայիս 21,2011 00:00

\"\"Հուսով եմ, որ այս բանավեճը Ձեզ չի հոգնեցնի ու կթույլատրեք, որ պատասխանեմ՝ Հայաստանում էֆթանազիայի հիմնադիր հայր-ներմուծող կոչվելու ցանկություն ունեցող Հարություն Խաչատրյանին, որը Ձեր թերթի մայիսի 12-ի համարում ինձ պատասխան է ուղարկել, որով որոշ չափով բացահայտել է իրեն, ինչպես քննիչի մոտ նստած վկան:

Այժմ իմ պատասխանը ներկայացնեմ:
Հարություն Խաչատրյան, քեզնից ոչ ոք չի վախենում քո անունը նշելուց, թե՞ դու քեզ արդեն բեն Լադեն ես պատկերացնում: Չէի նշել, քանի որ դու քո բարձրացրած հարցով ավելի լավ է անհայտ մնայիր, քանի որ այդ հարցը անհամատեղելի է քո անվան՝ Հարությունի հետ ու ծիծաղելի է, որ քո տեսակետը ներկայացնում ես հակասելով քեզ՝ քո գրած տողերում: Հատկապես ես՝ որպես մարտական եւ ռազմական արվեստների ներկայացուցիչ, որ շատ լավ տիրապետում եմ թե կյանք պարգեւելու, թե կյանքից զրկելու արվեստին ու մեր երկրում տիրող քրեաիրավական վիճակին, բացասական եմ ընդունում քո գաղափարը եւ լավ հասկանում ես, որ մենք վախեցող չենք, այլ ուղղակի մեր ժողովրդին ներայացնում եմ այդ «մեռնելու իրավունքի» բացասական հետեւանքների մասին, թե ուր կտանի այն, հատկապես հիմա, երբ «շահի» արժեքն է տիրում: Դու հասկացար իմ ասածի-պատասխանի իմաստը: Ինչ օրենքի մասին է խոսքը, երբ բազմաթիվ օրինապահ-ոստիկան-դատախազ-դատավոր-պաշտոնյաներ թքած ունեն օրենքների վրա եւ ինչպես իրենք են ասում՝ «լավ ենք անում»: Ես՝ որպես նաեւ դետեկտիվային ծառայության ղեկավար, բազմիցս խնդիրներ եմ ունեցել տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, որոնք հանուն շահի պատրաստ են քծնելու, կեղծիքներ անելու, խարդախության դիմելու, փաստաթղթեր կեղծելու: Ու երբ օրենքը երկրում գերակայող ուժ կունենա, այն ժամանակ էլ համաժողովրդական հարցում կարվի… Սա քեզ պատասխան՝ օրենքի մասով:
Դու պնդում ես, որ խոսում ես իրավունքի մասին, այլ ոչ թե պարտականության, որը իբր մենք ենք խեղաթյուրում, սակայն հոդվածիդ նույն տողերիդ ներքեւում օրինակներ ես բերում, նշելով, որ «տարիներով գամված են անկողնուն ու պարզապես բեռ են դարձել հարազատների ու հասարակության համար: Իսկ եթե ժառանգներ չունե՞ն: Ապա թունավորում են, օրինակ, եղբոր թոռների կյանքը, ուզում ես, որ միջամտի պետությունը»: Սրանք քո տողերն են: Փաստորեն, դու մասնավոր մի քանի օրինակներից, երեւի, ուզում ես, որ պետությունը անձին ասի՝ գիտես, արի քեզ մեռցնեմ, քանի որ դու բեռ ես հասարակության համար կամ թունավորում ես ուրիշների կյանքը: Սա՞ է քո ուզածը: Ի դեպ, առանց պետության միջամտության, վերջերս շատացել են ինքնասպանությունները: Սա էլ քո էֆթանազիայի արդյունքը:
Ինչ վերաբերում է մարտական գործողությունների ընթացքում մարտի դաշտում հանուն հայրենիքի կյանքը զոհողներին՝ դա ոչ մի կապ չունի էֆթանազիայի (մեռնելու իրավունքի) հետ, քանի որ եթե գոնե մեկ անգամ մարտական գործողությունների մասնակցեիր, կհասկանայիր, որ մարտի դաշտում մարդը չի գնում զոհվելու, այլ մարտական առաջադրանքը կատարելու, հաղթելու եւ հաղթանակի բերկրանքը վայելելու: Իսկ զոհվում են՝ կախված իրավիճակից, ոչ թե ցանկությունից եւ դրանք տարբեր հասկացություններ են: Ու եթե քո կարծիքին համամիտ զինվոր, սպա ունենանք, ապա դա ողբերգություն կլինի մեր ազգի համար: Գոնե միտքդ գրելուց առաջ փորձիր վերլուծել այն:
Շեշտում ես, որ այն կուժեղացնի պետությունը, ու ինչով՝ կասե՞ս, գերեզմանոցներո՞վ, թե՞ նոր քիմիական թույներով, թե՞ նոր մեթոդներով, որոնք կկիրառվեն կյանքից զրկելու համար: Դա աբսուրդ է եւ ուղղակի միջոց կդառնա՝ ցանկացած իրավիճակում մարդկանցից ազատվելու համար, իսկ թե որ երկրում ինչ օրենք կա, դա մեզ հետ կապ չունի: Ու եթե դա քո գաղափարն է ու շատ ես ուզում, որ քեզ պատասխանողը գրի քո անուն-ազգանունը՝ Հարություն Խաչատրյան, ապա դա այլ երանգ է տալիս քո հոդվածի իմաստին, այսինքն՝ ուզում ես, որ հայոց նորագույն պատմության մեջ հիշատակվես որպես էֆթանազիայի գաղափարը ներմուծող հա՞յր:
Հոլանդիայի ու Շվեյցարիայի օրինակները նշելուց առաջ պիտի ուսումնասիրեիր այդ երկրների ողջ իրավական կառուցվածքը, օրենքի իմաստը եւ նպատակը, կիրառման, վերահսկման տարատեսակները եւ ծառայությունները, հրապարակայնությունը:
Շնորհակալ եմ, որ ինձ երկար կյանք ես ցանկանում, այո, ես երիտասարդ եմ ու առույգ, քանի որ չեմ մտածում էֆթանազիայի օրենքի մասին, այլ ընդհակառակը, պայքարել եմ դրա դեմ, իսկ իմ կյանքի մեծ մասը նվիրել եմ սպորտին: Որպես օրինակ նշում ես Իսրայելը, որ իբր ժողովրդավարական պետություն է եւ իբր տարին 2-4 միլիարդ դոլար է ստանում: Իսրայելը չի կարող լինել ժողովրդավարական, քանի որ նա ռազմականացված, գերակա շահ հետապնդող պետություն է ու իր ամեն մի քաղաքացի իրեն զգում է զինվոր, պետության հենարան: Իսկ եթե ուսումնասիրած լինեիր Իսրայելի կառավարման աշխատաոճը, ապա կհասկանայիր, որ այդ գումարները ստացվում են գործակալական հզոր ցանցերի շնորհիվ, քանի որ Իսրայելի հատուկ ծառայությունների աշխատաոճը ցունամիի է նմանվում: Չեմ շարունակում, քանի որ դա այլ թեմա է ու խոցելի: Ինչ վերաբերում է քո վերջին տողերին՝ վախենում եմ, որ ավելի շատ մեր այս քրեականացված աշխարհը կդաստիարակվի, քան Հայաստանն այդքան փող կունենա… ու հետեւաբար բարձր սոցիալական ու բժշկական պայմանները մեր ժողովրդի համար կմնան երազանք, ինչպես այսօր: Բա որ էդքան բանը գիտես, էլ ուր ես մտածում էֆթանազիայի խնդրի մասին: Դա այլ գաղափար է եւ անիրականանալի, քանի որ այն անկառավարելի կդառնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել