Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մայիս 21,2011 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասներկուերորդ

ՓՆՏՐԵԼ ԵՎ ԳՏՆԵԼ

Ես էսքան գրելով ու էսքան շարունակելով՝ ոչ միայն առաջանում, այլեւ առողջանում էլ եմ, ընդ որում՝ ոչ թե ֆիզիկական, այլ հոգեկան իմաստով, որովհետեւ էսքան գրելով ու շարունակելով՝ դեռեւս չեմ լճացել՝ ոչ միայն էն պատճառով, որ էս զբաղմունքն ինձ դեռեւս հաճույք է պատճառում, այլեւ էն պատճառով, որ հիմնական ասելիքս դեռեւս չեմ էլ ասել. ավելին. հիմնական ասելիքիս հեչ չեմ էլ մոտեցել ու չէի էլ կարող մոտեցած լինել, որովհետեւ էսքան գրելով ու էսքան շարունակելով՝ դեռեւս հիմնական ասելիքս չեմ էլ պարզել, քանի որ էսքան գրելով ու էսքան շարունակելով՝ ընդամենը հասել եմ անցյալ դարի յոթանասունյոթ թվական ու «Ծիծեռնակ», եւ չնայած մի քանի հատոր առաջ էի հասել անցյալ դարի յոթանասունյոթ թվական ու «Ծիծեռնակ», արդեն մի քանի տարի է՝ էդ յոթանասունյոթի մեջ լռվել ու ոչ մի կերպ չեմ կարողանում կիսատ թողածս տեղից շարունակել, որովհետեւ արձակագրի էս կյանքն սկսելով ու շարունակելով՝ ոչ մի կերպ չեմ հաջողացնում էսօրվա դեպքերը շրջանցել ու հանգիստ խղճով վերադառնալ անցյալ դարի յոթանասունյոթ թվական ու «Ծիծեռնակ», ու հիմնականում էդ է պատճառը, որ ես էս ինքնակենսագրական վեպս սկսելով ու շարունակելով՝ ավելի հաճախ այլոց կենսագրությանն եմ անդրադառնում, քան՝ իմ, եւ դա հիմնականում անկախ ինձանից է ստացվում, որովհետեւ ես ընդամենը սկսնակ արձակագիր լինելով՝ ոչ մի կերպ չեմ կարողանում ժանրի սանձերը ձեռքերումս պահել, մինչդեռ ոմանք, ի բարեբախտություն ինձ, միամտաբար ու մեծահոգաբար կարծում են թե՝ էս անընդհատ շեղումներս գրական տրյուկներ ու նույնիսկ գրական նորարարություն են, ու ոմանք էնքան համոզված են էդպես կարծում, որ երբեմն-երբեմն ինքս էլ եմ սկսում էդպես կարծել, ու երբեմն-երբեմն մեծամտաբար էդպես կարծելով՝ երբեմն-երբեմն նաեւ ենթադրում եմ, որ արվեստի ու գրականության մեջ ուրիշների նորարարություններն էլ են էսպես առաջացել ու կայացել. այսինքն, նորությունն ու նորարարությունն էն է, երբ կյանքը ներխուժելով ստեղծագործություն՝ նախ ժանրին է հաղթում, ապա եւ՝ հեղինակին, կամ, ընդհակառակը, սկզբում հեղինակին է հաղթում, հետո նոր՝ ժանրին, եւ հեղինակի ու ժանրի էդ միասնական պարտությամբ արդեն միանգամայն նոր ժանր ու միանգամայն նոր հեղինակ են գոյանում ու առաջանում, եւ իմ դեպքում էս ասածս ավելի ու ավելի հաճախ է տեղի ունենում՝ էն պարզ ու հասկանալի պատճառով, որ ես մշտապես նախընտրում ու ընդունում եմ կյանքի իշխանությունը՝ ոչ միայն իմ հանդեպ, այլեւ՝ էս գրություններիս, որովհետեւ նույնիսկ Սովետի օրոք, երբ գրական կյանքն ավելի առկա էր՝ քան սովորական մարդկային կյանքը, ես, ի տարբերություն շատ ու շատ գրողների ու մանավանդ բանաստեղծների, կյանքն ավելի էի կարեւորում, քան՝ գրականությունը, եւ եթե ուրիշներին կյանքից օտարացումն էր գրող ու բանաստեղծ դարձնում, ինձ, ընդհակառակը, կյանքն էր ստիպում գրիչ վերցնել, ու հիմա՝ մեր էս օրերում էլ է կյանքն ինձ ստիպում գրիչ վերցնել, մանավանդ որ՝ համակարգչով գրելուն ոչ մի կերպ չեմ ընտելանում, եւ դա իմ ու մանավանդ երեխեքիս բախտից է, որովհետեւ եթե համակարգչին վարժվեի ու էս ամենը համակարգչով գրեի, աղջիկներիս պիտի գործից ու մեր միակ համակարգչից կտրեի, եւ դա որեւէ արդարացում չէր ունենա, որովհետեւ նոր սերունդը, ի տարբերություն նախորդների, ի վիճակի չի կյանքն ու մանավանդ աշխատանքն առանց համակարգչի պատկերացնել, մինչդեռ ձեր խոնարհ ծառան առանց համակարգչի ոչ միայն կարողանում է գրել ու ստեղծագործել, այլեւ բոլորից շատ է գրում ու ստեղծագործում, եւ, որ կարեւորն է, էսքան գրելս ու էսքան ստեղծագործելս կյանքիս ու ապրելուս հաշվին չեն կատարվում ու տեղի ունենում. ավելին. արդեն քանի տարի է՝ էս գրածներիս հաշվին եմ ապրում ու գոյատեւում, եւ, որ ամենակարեւորն է, առաջիկայում էլ եմ էս ոգով շարունակելու՝ քանի դեռ էս գրելս ինձ ոչ միայն կյանքից չի կտրում, այլեւ, ընդհակառակը, օգնում է ապրել, ընդ որում՝ ոչ միայն նյութապես, այլեւ՝ հոգեպես ու բարոյապես, ու ինչքան երկար էսպես շարունակվի՝ էնքան իմ բախտից է, ինչպես նաեւ՝ հատուկենտ ընթերցողներիս բախտից, ու նաեւ Աստծուց ու բախտիցս է, որ էս երկարուձիգ վեպս ընթերցողներ էլ ունի, եւ չնայած էս ընթացքում ընթերցողներիցս ոմանք հեռացան կյանքից ու իմ էս վեպից, մնացողաց առողջություն ու սոցիալական ապահովություն եմ մաղթում, որպեսզի ապրեն ու հանգիստ խղճով շարունակեն հետեւել էս մտավարժանքներիս ու ակամա նորարարություններիս, որովհետեւ սոցիալապես անապահով ու անհանգիստ խղճով մարդիկ ոչ միայն գրել, այլեւ կարդալ էլ չեն կարողանում, եւ եթե ոմանց հաջողվում է անհանգիստ խղճով ինչ-որ բաներ գրել, անհանգիստ խղճով կարդալն ընդհանրապես է բացառվում, իսկ ինչ վերաբերում է անձամբ ինձ, ես էս վերջին տարիներին գրեթե չեմ կարդում, մանավանդ՝ էս տեսակ երկարաբարակ վեպեր եւ մանավանդ՝ ուրիշի գրածը, եւ չնայած ուրիշներն էս տեսակ երկար վեպեր չեն գրում, միեւնույն է, ուրիշների գրածներն արդեն մեծ դժվարությամբ եմ կարդում, որովհետեւ ուրիշների գրած վեպերի մեջ ավելի շատ կեղծիք կա, քան՝ իմ էս վեպի մեջ, որովհետեւ ուրիշներն իրենց վեպերում իրենց ամենաիրական հերոսների իրական անուններն ու ազգանունները փոխելով՝ ինչ-որ հորինովի անուններ ու ազգանուններ են իրենց հերոսներին կպցնում, եւ չնայած սրանց էդ հերոսները գրքում անում են նույն էն բաները՝ որ կյանքում են արել, գրքի մեջ էդ նույնն անում են միանգամայն այլ անունների ու ազգանունների ներքո, եւ չնայած գրողները վաղուց ի վեր մարդասիրության, ազնվության ու բարոյականության դիրքերից են խոսում ու հանդես գալիս, դարեր շարունակ հենց իրենք են մարդասիրության, ազնվության ու բարոյականության նորմերը խախտել ու ոտնահարել՝ իրական մարդկանց գործած մեղքերը վերագրելով միանգամայն այլ անունով ու ազգանունով մարդկանց. ինչ վերաբերում է ինձ, ես ճիշտ հակառակն եմ անում. ես մարդկանց իրական անուններն ու ազգանունները սրբորեն պահպանելով՝ նույն էդ մարդկանց խոսքերն ու գործողություններն եմ հորինում՝ երբեմն-երբեմն հերոսներիս էնպիսի խոսքեր ու արարքներ վերագրելով, որ իրական կյանքում երբեւէ չեն ասել ու չեն արել, եւ ինքնասիրահարվածությունս շարունակելով՝ կարող եմ ասել, որ էս արածս էլ կարելի է գրական նորարարություն ու նորամուծություն համարել, եւ չնայած իմ էս արածն էլ է կեղծիք, եւ չնայած ցանկության դեպքում էս արածս էլ կարելի է մարդասիրության, ազնվության ու բարոյականության նորմերի ոտնահարում համարել, այդուհանդերձ, ես էդպես չեմ համարում, որովհետեւ ես հերոսներիս անուններն ու ազգանունները սրբորեն պահպանելով եւ իրենց չասածներն ու չարածներն իրենց վերագրելով՝ որեւէ վատ բան չեմ անում, որովհետեւ ես հերոսներիս ոչ թե վատ ու բացասական արտահայտություններ ու արարքներ եմ վերագրում, այլ՝ միանգամայն լավ ու դրական, եւ եթե հերոսս իրականության մեջ մի քիչ չար է, վեպիս մեջ ահագին բարիացած է ներկայանում, եւ եթե իրականության մեջ մի քիչ բարի է, վեպիս մեջ ուղղակի անմեղ հրեշտակ է, եւ եթե հերոսներս ու մանավանդ հերոսուհիներս իրական կյանքում արտաքնապես տգեղ են, վեպիս մեջ էդ մասին չեմ էլ ակնարկում, բայց եթե հերոսուհիս իրական կյանքում մի քիչ գեղեցիկ է, գրածիս մեջ ուղղակի գեղեցկուհի է ներկայանում, եւ եթե հերոսս կյանքում մի քիչ սրամիտ ու կատակասեր է, ինձնից կախված ամեն ինչ անում եմ, որ ընթերցողներիս գերագույն ուրախություն պարգեւի, եւ եթե հերոսս կյանքում մի քիչ խելք ունի, գրածներիս մեջ ուղղակի իմաստուն է, եւ եթե հերոսս կյանքում որեւէ հիվանդություն ունի, վեպիս մեջ էդ մասին նույնիսկ չեմ ակնարկում, իսկ մեռածների մասին կամ լավ բաներ եմ գրում, կամ՝ ոչինչ. այսինքն, էս վեպիս մեջ մարդկանց արժանիքները ոչ թե նվազեցնում, այլ, ընդհակառակը, ավելացնում եմ, եւ, փաստորեն, էս վեպիս մեջ բացասական հերոսներ չկան՝ ոչ միայն էն պատճառով, որ ես վատ մարդկանց մասին չեմ սիրում գրել, այլեւ էն պատճառով, որ ես չեմ ուզում հատուկենտ ընթերցողներիս ավելորդ ցավ պատճառել, որովհետեւ ընթերցողներս առանց ինձ էլ վատ բաները նկատում ու տեսնում են, ընդ որում՝ ինձնից լավ են նկատում ու տեսնում, որովհետեւ մարդիկ ու մանավանդ ընթերցողները հակված են առաջին հերթին վատը նկատել ու տեսնել, եւ, ցավոք սրտի, էդ մարդկանց մեջ գրողներ էլ կան, ընդ որում՝ շատ. այսինքն, մարդկանց մեջ շարունակաբար լավը փնտրելն ու հայտնաբերելը ոչ թե գրողների մենաշնորհն է, այլ՝ անձամբ իմը. այսինքն, ես իմ էս անբուժելի ու անբնական լավատեսությամբ ոչ թե գրողի տեսակ եմ, այլ՝ մարդու, եւ, փառք Աստծո, միակը չեմ, ու էս լավատեսությունս է պատճառը, որ էսքան տարի խմբագրություններում աշխատելով՝ ոչ միայն լրագրող չդառա, այլեւ չցանկացա էլ դառնալ, որովհետեւ լրագրողներն առավոտից իրիկուն փողոցում ու ամենուր փիս-փիս բաներ են փնտրում ու հայտնաբերում, ընդ որում՝ ինչքան շատ փիս բան հայտնաբերեն՝ էնքան լավ լրագրող են համարվում, եւ մեղադրելու էլ չի, որովհետեւ եթե որեւէ թերթում մարդկանց ու կյանքի մասին լավ բաներ գրես, էդ թերթին ընդհանրապես փող տվող չի լինի, որովհետեւ մարդ արարածն ընդհանրապես եւ թերթ առնողները հատկապես նախընտրում են կարդալ էնպիսի բաներ՝ որ իրենք լրագրողներից էլ լավ գիտեն, եւ հեռուստացույցով էլ են նախընտրում էդ բաները նայել, եւ վեպերի մեջ էլ են իրենց իմացած էդ փիս բաները փնտրում, ու էդ է պատճառը, որ գրողներն էլ են հիմնականում իրենց ընթերցողներին հրամցնում էնպիսի բաներ, որոնք ընթերցողները գրողներից շատ ավելի լավ գիտեն, եւ սրանք էն գրողներն են, որոնք իրականում ոչ թե գրող են, այլ՝ լրագրող, որովհետեւ լրագրողների պես ընթերցողների իմացածն ու ցանկացածն են ներկայացնում ու հրամցնում, մինչդեռ ձեր խոնարհ ծառան համառորեն փորձում է նկատել ու հայտնաբերել էն մարդկանց, որոնք ոչ միայն չեն նկատվում, այլեւ չեն էլ փնտրվում, ու ես էդ մարդկանց հեշտությամբ եմ գտնում՝ ոչ թե էն պատճառով, որ անընդհատ եմ փնտրում, այլ էն պատճառով, որ էդ մարդիկ ամենուր են ու չափազանց շատ, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում թե՝ ես առավոտից իրիկուն Ամալյանի մրցույթում հաղթած հեռուստաալիքներն եմ նայում, որպեսզի միայն դրական երեւույթներ ու մեդալակիր մարդկանց տեսնեմ. ընդհակառակը. ես միանգամայն ինքնուրույն փնտրում ու հայտնաբերում եմ էն մարդկանց, որոնք երբեւէ մեր հեռուստաէկրաններին չեն հայտնվում, եւ, փառք Աստծո, էդպիսիք դեռեւս կան, ընդ որում՝ շատ, եւ չնայած սրանք սովորաբար չեն նկատվում ու մեդալների չեն արժանանում, այդուհանդերձ, իսկական հերոսներ են, ընդ որում՝ ոչ թե գրական հերոսներ են, այլ՝ միանգամայն իրական ու իսկական, որովհետեւ իսկապես հերոսաբար են դիմանում էս կյանքին ու էս ամենին, եւ չնայած իմ ու էս մարդկանց դիմանալը հերոսություն եմ անվանում, իրականում շատ էլ հեշտությամբ ենք դիմանում, ընդ որում՝ անտրտունջ ու հաճույքով, ընդ որում՝ ուրիշներին էլ ենք հորդորում անտրտունջ ու հաճույքով դիմանալ, որովհետեւ գիտակցում ու հասկանում ենք, որ ինչքան էլ ծանր ու դժվարին՝ մեզ տրված էս կյանքը մեկն ու միակն է, եւ նմանապես գիտակցում ու հասկանում ենք, որ էս էլ կարող էր չլինել, ավելի ճիշտ՝ մենք էս բաները ոչ թե հիմա ենք գիտակցում ու հասկանում, այլ էն գլխից գիտակցած ու հասկացած ենք ծնվել, ու էդ է պատճառը, որ գիտակցողներս ու հասկացողներս ոչ միայն հեշտությամբ եւ նույնիսկ հաճույքով ենք դիմանում կյանք կոչվող էս ամենին, այլեւ ուրիշներին էլ ենք հորդորում դիմանալ, եւ մեր էս հորդորները երբեմն ծիծաղ են առաջացնում, որովհետեւ հասկացողներս ու դիմացողներս երբեմն դիմանալու կոչեր ենք անում մեզանից անհամեմատ լավ ապրողներին՝ ովքեր դիմանալու խնդիր չունեն էլ, եւ չնայած հասկացողներս ու դիմացողներս երբեմն էսպիսի ծիծաղելի վիճակներում ենք հայտնվում, եւ չնայած երբեմն-երբեմն մեր աչքում էլ ենք ծիծաղելի թվում, այդուհանդերձ, դրանք կարճատեւ ու անցողիկ պահեր են, որոնք ի վիճակի չեն ընկճել ու փոխել լավատեսության խորխորատները խրվածներիս, եւ եթե երբեմն-երբեմն ընկճվում էլ ենք, մեր էդ ժամանակավոր ընկճվածությամբ ուրիշներին չենք վարակում. ընդհակառակը. ճգնում ենք հնարավորինս արագ ճողոպրել մեր էդ ժամանակավոր ընկճախտից, եւ չնայած ոչ միշտ է մեր էդ ճողոպուրը հեշտությամբ հաջողվում, այդուհանդերձ, մենք մեզնից կախված ամեն ինչ անում ենք, որպեսզի ընկճախտից դուրս բերենք ոչ միայն ինքներս մեզ, այլեւ ուրիշներին էլ, որովհետեւ արդեն վերջնականապես ենք համոզվել, որ ընկճվածությունն ու շարունակական տրտունջները ոչ միայն ի վիճակի չեն բարելավել մեր ու ձեր կյանքը, այլեւ միանգամայն վնասակար են մեր ու ձեր առողջությանը. այնպես որ, մենք հնարավորինս արագ հաղթահարելով մեր ժամանակավոր ընկճվածությունը՝ շտապով վերստին վերադառնում ու թափանցում ենք մեր հարազատ հուն, եւ ինչքան էլ ոմանց ծիծաղը հարուցենք, դրանից առանձնապես չենք նեղվում ու նեղսրտում, որովհետեւ ուրիշների ծիծաղը մեզ ուրախություն է պատճառում մինչեւիսկ էն դեպքերում՝ երբ էդ ծիծաղն անձամբ մեր դեմ է ուղղված, եւ սա ոչ միայն ծաղրածուի մեր դերի առանձնահատկությունն է, այլեւ՝ ծաղրածուի մեր ճակատագիրը, եւ մեր ու այլոց ծաղրածվության փորձից արդեն գիտենք, որ ծաղրածուներն ավելի շատ ուրախացնել են սիրում, քան՝ ուրախանալ, եւ չնայած ուրիշներին ուրախացնելու պահերին իրենք էլ են ի սրտե ուրախանում, այդուհանդերձ, իրենց հիմնական ու մշտական առաքելությունն ուրիշներին ուրախացնելն է, այլ ոչ թե՝ անձամբ ուրախանալը, եւ չնայած ուրիշներին ուրախացնելով՝ անձամբ իրենք էլ են ուրախանում, աշխատանքից ու իրենց հիմնական առաքելությունից ազատ ժամերին տխրում են էլ, ընդ որում՝ հաճախակի, ընդ որում՝ միայնակ ու մեկուսի՝ հանդիսատեսի ու բոլորի աչքից հնարավորինս հեռու, որովհետեւ սովորական մահկանացուների պես տխրելու իրավունք ունեն, ճիշտ է, բայց իրենց տխրությունը ցույց տալու իրավունք՝ ոչ մի դեպքում, ու էս ասածս վերաբերում է ոչ թե մասնագիտությամբ ծաղրածուներին, այլ նրանց՝ ովքեր էն գլխից գիտեն, որ ծաղրածվությունը ոչ թե մասնագիտություն է, այլ՝ ճակատագիր ու առաքելություն, ու նաեւ գիտեն, որ ծաղրածուները ոչ թե նրանք են՝ ովքեր իրիկունները կրկեսի արենայում ելույթներ են ունենում, այլ նրանք՝ ովքեր ոչ թե ելույթներ են ունենում, այլ պարզապես իրենց կյանքն են ապրում եւ իրենց առաքելությունն են իրականացնում ամենուր ու երբեմն նաեւ կրկեսների արենաներում, եւ քանի որ մեր ժամանակներում արքաներ չկան, պալատական ծաղրածուների գոյությունն էլ է, բնականաբար, բացառվում, եւ չնայած վերջերս կրկեսային արենաներն էլ են կտրուկ պակասել, դա ամենեւին չի նշանակում թե՝ մեր կյանքում ծաղրածուների նշանակությունն ու անհրաժեշտությունն են նվազել, եւ եթե նույնիսկ կրկես կոչվածն ընդհանրապես մեր կյանքից վերանա, ծաղրածուների անհրաժեշտությունը, միեւնույն է, հավերժորեն լինելու ու զգացվելու է, որովհետեւ մարդու մեջ ուրախանալու ցանկությունը հավերժական ցանկություն է, եւ քանի որ մարդկանց ուրախացնելու ցանկությունն էլ է հավերժական, ծաղրածուները կլինեն եւ գոյություն կունենան միշտ ու ամենուր, եւ կրկեսային արենաների քչությունը մարդկությանը կմղի նորանոր արենաների եւ տարածքների հայտնաբերման ու յուրացման, ու էդ տարածքներից մեկն էլ «Առավոտի» շաբաթօրյա էս զույգ էջերն են, որտեղ առայժմ հաջողացնում են թաքցնել բոլոր էն տխուր պահերս, որոնք ապրել ու ապրում եմ բոլորիցդ թաքուն ու մեկուսի, եւ էս զույգ էջերն անձամբ իմ ձեռքբերումն է, որովհետեւ ես էլ եմ նրանցից՝ ովքեր մարդկանց ուրախացնելիս են միայն լիարժեք ուրախանում, եւ տխրում են հատկապես էն դեպքերում, երբ մարդկանց ուրախացնել չեն կարողանում, եւ հատկապես էդ դեպքերում եմ համոզվում, որ ծաղրածվությունը ոչ թե մասնագիտություն է, այլ վերուստ տրված շնորհ ու բախտ, որովհետեւ կրկեսի ծաղրածուներն էլ են անթիվ ու անհամար, բայց նրանցից բացառիկներին է հաջողվել ծաղրածու լինել եւ մարդկանց իսկական ուրախություն պարգեւել, ընդ որում՝ էդ բացառիկները բացառիկ են նաեւ նրանով, որ իրենց հոգիների ուրախության ողջ պաշարներն իրենց հոգիների ներսերից մոլեռանդորեն ու անմնացորդ հանելով եւ մոլեռանդորեն ու անմնացորդ ուրիշներին պարգեւելով՝ մշտապես մոռանում են ուրախության որոշ նշույլներ էլ իրենց պահել, ու էդ է պատճառը, որ իսկական ու մեծ ծաղրածուները կյանքում ու իրականության մեջ ավելի տխուր են լինում, քան՝ սովորականներս, եւ անմնացորդ ուրիշին նվիրաբերվելու մասին ինչքան էլ ասեմ, ավելի լավ չեմ ասի, քան մի քանի բառով էդ արել է ամենանողկալի ժամանակաշրջանի ամենամեծ ծաղրածու Չարենցը՝ «Դու չմրսես ձմռան ցրտում,/ Բոլորը քեզ», եւ չնայած Չարենցից առաջ ու Չարենցից հետո ուրիշներն էլ կարող էին էդ բառերն ասել ու գրել, ուրիշների ասածն ու գրածն էդքան համոզիչ չէր լինի, որովհետեւ Չարենցն էդ ասելուց առաջ էդ ապրել է, եւ չնայած շատերիցս քիչ է ապրել, իրականում բոլորիցս էլ շատ ու բոլորիցս էլ լավ է ապրել, որովհետեւ շատ ապրելն օրերով ու ժամերով են հաշվում միայն չապրողներն ու քիչ ապրողները, իսկ ինչ վերաբերում է լավ կյանքին ու լավ ապրելուն, որեւէ մեծահարուստ չի կարող պարծենալ թե՝ Չարենցից շատ ու Չարենցից լավ է ապրել, որովհետեւ մահկանացուներիս շատ ու լավ ապրելը միայն Բարձրյալին է տեսանելի՝ էն հասկանալի պատճառով, որ Ինքն է որոշում՝ ով ինչքան ու ինչպես ապրի, եւ նմանապես մեծ ծաղրածուների առաքելությունն է Բարձրյալի որոշելիքը, ու էս ասածներիս մեջ ավելի ու ավելի խորանալով՝ սկսում եմ նաեւ հասկանալ, որ ծաղրածուի առաքելությունը ոչ թե ծիծաղեցնելն է, այլ՝ ուրախություն ու ցնծություն պարգեւելը. այսինքն, իսկական ծաղրածուները ոչ թե Կարանդաշն ու Պոպովն են, այլ՝ Չապլինը, ինչպես նաեւ՝ Մոցարտը, եւ Մոցարտն առաջին հերթին. այսինքն, իսկական Ծաղրածուն ոչ թե երգիծանքի ու հումորի հետ է առնչվում, այլ ուղղակիորեն՝ Աստծո, եւ որպեսզի էս բոլոր ասածներս հիմնավորված լինեն, ասեմ, որ էս կյանքում ինձ բախտ վիճակվեց չափազանց մոտիկից տեսնել էդ մեծատառով ծաղրածուներից Ֆրունզիկին, Լեւոն Ներսիսյանին, Շերենցին ու Շառոյան Դանիկին, ինչպես նաեւ՝ Շիրազին, ինչպես նաեւ՝ Չիլոյան Սլավիկին, ու էլի շատերին, որոնց, ցավոք սրտի, մոտիկից չեք տեսել ու չեք ճանաչում, ու էս բոլորն էլ ինձ ու ուրիշներին ոչ թե ծիծաղ էին պարգեւում, այլ՝ ուրախություն, ընդ որում՝ ոչ թե սովորական, այլ՝ շատ մեծ ու բացառիկ ուրախություն, եւ չնայած Լեոնիդ Ենգիբարյանին բավական հեռվից եմ տեսել ու հետը չեմ շփվել, ինքն էլ էր իր ներսի ուրախությունն իր ներսից հանում ու համարյա ամեն Աստծո իրիկուն մեզ նվիրում, որովհետեւ վաթսունականներին Կրկեսի հսկիչը Կարոյենց դուռդռան հարեւան Աստղիկ տոտան էր, եւ մանկության ու պատանեկության երեք ընկերներով՝ ես, Կարոն ու Երոն վաթսունականներին մի քանի տարի Աստծո գրեթե ամեն իրիկուն ուրախ էինք, եւ չնայած մշտապես ամենահեռվի դնովի ու ծալովի աթոռակներին էինք նստում, Ենգիբարյանի հոգուց շարունակաբար բխող ողջ ուրախությունն ամբողջովին ու անմնացորդ էինք կլանում, ու էդ թվերին երեքս էլ բացարձակ երջանիկ էինք, որովհետեւ ցերեկներն էլ «Արարատի» մարզումներն էինք ըմբոշխնում, եւ չնայած դրանք հովիվյանական ֆուտբոլի վերջին եւ հայկական ֆուտբոլի վերաիմաստավորման առաջին տարիներն էին, եւ չնայած էդ վերաիմաստավորման գլխավոր ճարտարապետ Ֆալյանը չափազանց նամռոտ մարդ էր եւ ֆուտբոլիստներին ու ներկաներիս հատկապես մարզումների ժամանակ որեւէ բանով չէր ուրախացնում, այդուհանդերձ, ինքն էլ էր մեծատառով Ծաղրածու, որովհետեւ մարզումների ողջ ընթացքում քթի տակ ռուսերեն դժգոհ մրթմրթում ու քթի տակ ռուսերեն մրթմրթալով՝ անխտիր բոլոր ֆուտբոլիստներին ռուսերեն հայհոյում ու առավել կատաղած պահերին իր մարզակոշիկներից մեկնումեկը հանում ու շպրտում էր ֆուտբոլիստներից մեկի վրա, ու էդ մեկը բոլորը կարող էին լինել՝ բացի Հովիվյան Սաքոյից, որովհետեւ էդ թվերին մի Հայաստան էր՝ մի Հովիվյան Սաքո, եւ Հովիվյանն էլ էր մեծատառով Ծաղրածու, եւ մարզումների ողջ ընթացքում հովին նստում ու համարյա չէր մարզվում, եւ խաղերի ժամանակ էլ էր ամբողջ ժամանակ ստվերում կանգնած, բայց բան էր՝ եթե մի քանի վայրկյանով ստվերից դուրս էր գալիս, հակառակորդի գլխին իսկական փորձանք ու պատուհաս էր դառնում, եւ եթե գլխով գոլ խփելու առիթ էր ունենում, մեծ հաճույքով էր էդ առիթը բաց թողնում՝ գլուխը գնդակից փախցնելով, ու էդ պահերին ֆուտբոլասերները հատկապես էին Հովիվյանին ծափահարում, որովհետեւ ֆուտբոլասերները գիտեին, որ իրենց սիրելի ու պաշտելի Հովիվյան Սաքոն բնածին ու խրոնիկ գլխացավ ունի, եւ բժիշկներն ու մանավանդ «Արարատի» բժիշկը Հովիվյանին խստիվ էին արգելում գլխով խաղալ, եւ հայ ֆուտբոլասերը Հովիվյան Սաքոյի գլխով չխաղալը ոչ միայն հանդուրժում, այլեւ խրախուսում էր. ավելին. երբ Սաքոն հակառակորդի դարպասի դեմդիմաց հայտնվելով եւ գլուխը գնդակից փախցնելով՝ բռնցքամարտիկի պես ուխոդ էր անում, ֆուտբոլասերներն ուրախության ու ցնծության էնպիսի աղմուկ էին բարձրացնում՝ ասես մերոնք գոլ խփած լինեին, ու էդ պահերին միակ չցնծացողն ու միակ չարացողը Ֆալյանն էր, որովհետեւ ճակատագիրն էդ երկու Ծաղրածուներին իրար դեմ էր հանել, եւ Ֆալյանի էդ չարության ու կատաղության պահերին ֆուտբոլասերներն ավելի էին ցնծում, որովհետեւ հայ ֆուտբոլասերի համար ֆուտբոլը ոչ թե սպորտ էր, այլ՝ արվեստ ու կյանք, եւ էդ արվեստում ու էդ կյանքում հայ ֆուտբոլասերը հոգովսրտով Հովիվյան Սաքոյի հետ էր:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել