Լրահոս
Օրվա լրահոսը

Չուբարյաններն ընդդեմ «Ֆանտոմասի թիմի»

Մայիս 26,2011 00:00

Քաղաքապետի անվան տակ սպառնում են քաղաքացիների սեփականությանը

\"\"

Երեկ առավոտյան ժամը 9-ից Նալբանդյան 106 հասցեում՝ անվանի քանդակագործ Ղուկաս Չուբարյանի արվեստանոցում աժիոտաժ էր: Նախօրդ օրը անհայտ անձինք քանդակագործի դստերը՝ գեղանկարչուհի Անուշ Չուբարյանին սպառնացել են, որ ամենաուշը երեկ առավոտյան ժամը 9-ին քանդելու են նրա արվեստանոցը:
Նշենք, որ 106/1 հասցեում, անմիջապես բնակելի շենքերի հարեւանությամբ, «Ավագ Շին» ՍՊԸ-ն բարձրահարկ շենք է կառուցում, ինչի կապակցությամբ բնակիչների եւ ընկերության միջեւ անհամաձայնություններ են առաջացել, որովհետեւ նախկին մանկապարտեզը քանդելուց եւ մի քանի հաստաբուն ծառ հատելուց հետո այժմ մտադրվել են քանդակագործի ընտանիքին պատկանող փոքրիկ այգին էլ քանդել:
Անհանգիստ բնակիչները երեկ առավոտ ծեգից Չուբարյանների ընտանիքի հետ միասին հսկում էին այգին:
Անուշ Չուբարյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենց ընտանիքին նախապես չի զգուշացվել՝ սեփական տարածքը քանդելու մտադրության մասին. «Ինձ ընդամենը երեկ են տեղեկացրել եւ պահանջել, որ քանդակները հանեմ այգուց, որովհետեւ այն քանդելու են այսօր: Սկզբից մայրիկիս են զանգել, ապա բանվորները եկել եւ զգուշացրել են, թե ձեր փասափուսեքը հավաքեք, որ բուլդոզերի տակ չընկնի: Ասում են՝ ձեզ լավություն ենք անում: Ոչ ոք չգիտի՝ ովքեր են. ասես՝ Ֆանտոմասի թիմը լինեն»:
Վաղ առավոտից Չուբարյանների ընտանիքի կողքին էր նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա «քանդողների» ոտնձգությունը որակեց հանցագործություն. «Պատկան մարմինները պետք է գործ հարուցեն, որովհետեւ ոչ ոք իրավունք չունի քաղաքացիներին սպառնալ եւ նրանց սեփականությունը ոչնչացնել, հատկապես, երբ այդ սեփականությունը գնահատված չէ, այսինքն՝ համարժեք փոխհատուցման չափը որոշված չէ: Կառավարությունը հանցավոր որոշում է կայացրել՝ օտարման գոտի ճանաչելով կենսականորեն անհրաժեշտ տարածքները: Այս տարածքները՝ գենպլանով հաստատված, նախատեսված են եղել որպես շենքերի բարեկարգման գոտիներ: Եվ հիմա ուղղակի մանկապարտեզի տարածքից դուրս գալ եւ զավթել նաեւ բակի հարակից շենքերի տարածքները, ուղղակի հանցագործություն է»: Ինչ վերաբերում է Չուբարյանների ընտանիքին սպառնացող վտանգին, Ա. Սաֆարյանն ասաց. «Այսօր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունից ժամանեցին, բայց նրանք պատասխանատվություն չստանձնեցին սպառնացողների մասին տեղեկություն հաղորդել: Նրանց մոտ չկար քանդման նախագիծը: Քաղաքային իշխանությունները խնդիրն ավելի են բարդացնում: Կառուցապատող կոչվածը քանդում է հարակից ամեն բան, ինչ իր տեսադաշտում ընկնում է: Թե ո՞վ է այդ ամենակարող պաշտոնյան, որ կարողացել է կառավարության նիստով անցկացնել նման հյութեղ պատառ՝ բազմաթիվ շենքերով պարփակված, հայտնի չէ: Կառավարության որոշումում գրվում է, որ քաղաքապետն ինքն է պայմանագրային հիմունքներով իրականացնում օտարման գործընթացը, հետեւաբար պարոն քաղաքապետը կամ պետք է ընդունի, որ իր ներկայացուցիչներն են սպառնացել Չուբարյանների ընտանիքին, կամ ինքը միանա մեզ՝ հաղորդում տալով հանցագործության մասին: Թե չէ՝ ստացվում է, որ քաղաքապետի անվան տակ ինչ-որ մարդիկ փորձել են ապօրինի գործընթացներ կազմակերպել: Պետք է պահանջել, որպեսզի հանրային լսումներ կազմակեպվեն այս վայրում՝ հենց այստեղի բնակիչների ներկայությամբ: Թող տեսնեն, թե ո՞րն է հանրային շահը: Պետք է հաղորդում տրվի հանցագործության մասին՝ սպառնալիքի եւ ճնշումների ներքո մարդկանց սեփականության իրավունքից զրկելու կապակցությամբ: Այս առնչությամբ անցած շաբաթ հաղորդագրություն եմ տվել դատախազություն, սակայն վերջինս դեռեւս չի արձագանքել»: Քանդակագործի դուստրը նշեց, որ տան հարակից այգին փաստաթղթերով իր սեփականությունն է. «Հողակտորը մեզ է անցել պապիկիս՝ Հայաստանի առաջին հանրապետության Սահմանադրության հեղինակ, ԵՊՀ իրավաբանական ամբիոնի հիմնադիր Գրիգոր Չուբարյանի կողմից՝ դեռեւս 1920-ական թվականներից: Բայց ոչ ոք չի ընդունում, որ այս հողը մերն է: Ասում են՝ ժամկետները դուրս են եկել, օրենքը փոխվել է, սա բազմաբնակարանային շենք է, եթե դուք սեփական տուն լինեիք՝ ուրիշ հարց էր: Ասում եմ՝ սեփական տուն ենք բոլոր փաստաթղթերով: Ասում են՝ չէ, դուք հարեւաններ ունեք, դա նշանակում է՝ սեփական տուն չեք: Ու հողը պատկանում է պետությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել