Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթություն-բիզնես հարաբերությունների նոր որակ

Մայիս 28,2011 00:00

Երեկ ՀՀ ԿԳ նախարարության, Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի միջեւ ստորագրվեց համագործակցության եռակողմ համաձայնագիր, ըստ որի՝ մայրաքաղաքի 10 ավագ դպրոցների աշակերտների համար կիրականացվեն մասնագիտական կողմնորոշման դասընթացներ:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով, ծրագիրն ուղղված է ավագ դպրոցների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը. «Ապագա մասնագիտության ընտրության հարցում պետք է ստեղծել հնարավորություն, որ ավագ դպրոցի աշակերտները կարողանան ոլորտում համապատասխան կրթություն ստացած եւ փորձ ունեցող մասնագետներին լսել ու կողմնորոշվել, թե ի՞նչ մասնագիտություն ընտրել: Դա կնվազեցնի ժամանակի, ջանքերի եւ նյութական միջոցների անհարկի կորստի հավանականությունը, երիտասարդներին թույլ տալով ընտրել հենց իրենց հետաքրքրություններին, գիտելիքներին եւ հմտություններին համապատասխանող մասնագիտություն եւ իրապես նվիրվել դրան: Բացի այդ, նպատակ ունենք աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման հարցում սոցիալական զգալի դրական ազդեցություն ունենալ այս ծրագրով: Հայաստանի աշխատաշուկայում որոշ մասնագիտություններ բացակայում են: Համագործակցությամբ փորձելու ենք հավասարակշռություն մտցնել: Համաձայնագրի շնորհիվ բոլոր ավագ դպրոցներում կանցկացվեն խորհրդատվական հանդիպումներ, որոնք կիրականացնեն Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մասնագետները»:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի փոխանցմամբ, ԿԳՆ-ը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ արդեն իրականացնում է մի քանի կրթական, գիտական ծրագրեր. «Մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն ընկերության կողմից կատարվող ֆինանսական աջակցությամբ, այլ նաեւ՝ օգնում է բանաձեւել կրթության բովանդակությունը: Սա է կրթություն-բիզնես հարաբերությունների նոր որակի գրավականը, որովհետեւ ապագա գործատուն պետք է այսօրվանից աջակցի կրթական համակարգին՝ պատրաստելու իրականում այնպիսի մասնագետներ, որոնք պահանջված կլինեն աշխատաշուկայում»:
Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանի բնորոշմամբ՝ «Մեկնարկում է մի ծրագիր, որում գործատուն սոցիալական պատասխանատվություն է կրում երեխաների մասնագիտության ընտրության հարցում: Այս համակարգում ունենք շատ լուրջ խնդիր: Երիտասարդների շրջանում բարձր է գործազրկության մակարդակը, մինչդեռ կան աշխատատեղեր, որոնք երկար ժամանակ չեն լրացվում: Ծրագիրը կօգնի ավագ դպրոցի աշակերտներին՝ ուղղորդված կրթություն ստանալու, ընտրելու այն մասնագիտությունները, որոնք պահանջարկ ունեն շուկայում՝ ապահովելով տարիներ հետո իրենց աշխատանքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել