Լրահոս
Օրվա լրահոսը

Մենեջմենթցիները բացահայտ ուժեղ էին

Մայիս 28,2011 00:00

\"\"Երեւանի մենեջմենթի համալսարանում անցկացվեց պաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին Հրազդանի, Երեւանի մենեջմենթի համալսարանի,  Ոսկեվազի, Սպիտակի, Վանաձորի, ԵՊՀ-ի, ՖԻՄԱ-ի,  ՀՊՃՀ-ի, Արտաշատի, Արցախի եւ Էջմիածնի 11 հավաքականները ներկայացնող ավելի քան 90 մարզիկներ:
Առաջնությունն անցկացվեց սեղմում՝ պառկած դիրքից մրցաձեւում, որի ավարտից անմիջապես հետո գլխավոր մրցավար, մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գագիկ Սարոյանն «Առավոտի» հետ զրույցում գոհունակություն հայտնեց թե ցույց տված կիլոգրամներից, թե մասնակից թիմերի աշխարհագրական ընդգրկումից: Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոն դարձան Կարեն Վարդանյանը (Ոսկեվազ)՝ 30 կգ, Արման Նազարյանը՝ 42,5, Անդրանիկ Սարգսյանը՝ 55, Տարոն Մկրտչյանը՝ 70, Հրանտ Դանիելյանը՝ 95, Զարեհ Փանոսյանը՝ 110 (բոլորն էլ՝ Հրազդան), Նանսեն Մելքումյանը՝ 220 կգ, եւ Արկադյա Զաքարյանը՝ 200 (երկուսն էլ՝ Արցախ), Երեւանի մենեջմենթի համալսարանի հավաքականի անդամներ Սուրեն Մաթոսյանը՝ 75 կգ, Մուշեղ Թումանյանը՝ 100, Կարեն Եղիազարյանը՝ 117, Համլետ Հովսեփյանը՝ 140, Սերգեյ Ասատուրովը՝ 200, Կարեն Մարտիրոսյանը՝ 155, Արեն Առուշանյանը՝ 130, Հարություն Զաքինյանը՝ 120: Ընդ որում, 75 կգ քաշային Սերգեյ Ասատուրովը եւ Նանսեն Մելքումյանը զգալիորեն գերազանցեցին հանրապետության ռեկորդը եւ լրացրին միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա:
Թիմային հաշվարկում լավագույն եռյակն ըստ հերթականության կազմեցին Երեւանի մենեջմենթի համալսարանը, Արցախի եւ Հրազդանի հավաքականները:
Մրցումների անցկացման կանոնակարգով անցկացվեց նաեւ վետերանների առաջնություն: 50-60 տարեկանների խմբում 75 կգ քաշային կարգում 120 կգ արդյունքով հաղթեց ԵՊՀ-ի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը, իսկ 72-ամյա Ռազմիկ Այվազյանը 105 կգ արդյունքով հավասարը չունեցավ 82,5 կգ քաշային կարգում:
Գագիկ Սարոյանը տեղեկացրեց նաեւ, որ ուժային եռամարտի Հայաստանի ազգային հավաքականի երեք անդամներ՝ միջազգային կարգի սպորտի վարպետ Սեւակ Մանուկյանը (նա այս առաջնությանը չմասնակցեց), Սերգեյ Ասատուրովը եւ Նանսեն Մելքումյանը նախապատրաստվելու են օգոստոսի 4-6-ը Չեխիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել