Բաքու-Ջեյհանն էլ էինք հեգնում
Հուլիսի 1-ին նոր վարկային համաձայնագիր ստորագրվեց Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի շրջանակներում Վրաստանին 575 մլն դոլար տրամադրելու համար: Ինչպես փոխանցել են վրացական լրատվամիջոցները, նոր վարկը տրամադրվում է 25 տարի ժամկետով՝ տարեկան 5 տոկոս մարման պայմանով: Այդ միջոցները կօգտագործվեն նաեւ Թբիլիսիից Ախալքալաք գործող ճանապարհների վերականգնման համար: Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը նախատեսված է ավարտին հասցնել հաջորդ տարվա վերջում: Ծրագրի շրջանակներում Ադրբեջանը Վրաստանին արդեն տրամադրել է 200 մլն դոլար: Դեռ 2007 թվականի փետրվարի 7-ին Վրաստանի մայրաքաղաքում Հայաստանի չորս հարեւաններից երեքը՝ Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան, ստորագրեցին «Թբիլիսյան հռչակագիրը», որն առնչվում էր միմյանց միջեւ հաղորդակցային եւ էներգետիկ համագործակցության խորացմանը: Այդ պայմանավորվածությամբ նախատեսվում էր կառուցել Թուրքիան (Կարս) Վրաստանին (Ախալքալաք) կապող 98 կիլոմետր ընդհանուր երկարությամբ երկաթգիծ, որից 68 կիլոմետրը՝ թուրքական տարածքում, իսկ 30 կիլոմետրը՝ վրացական տարածքում: Դա Գյումրի-Կարս վերանորոգման կարիք ունեցող երկաթգծի այլընտրանքն էր, որը շրջանցում է Հայաստանը: Նշված նախագծի համաձայն, պետք է արդիականացվեր երկաթգծի վրաց-ադրբեջանական հատվածը: Երկաթգծի թողունակությունը կազմելու է տարեկան 30 միլիոն տոննա բեռնափոխադրություն (Գյումրի-Կարս երկաթգծի դեպքում այդ ցուցանիշը կազմում է 10 միլիոն տոննա)։ 2007 թվականին Ադրբեջանը համաձայնել էր Վրաստանին տրամադրել 200 միլիոն դոլարի վարկ Բաքու-Թբիլիսի-Կարսի վրացական հատվածի կառուցման համար։ Այն ժամանակ նախագիծը գնահատվում էր 600 միլիոն դոլար։ Սակայն երբ օրեր առաջ հայտնի դարձավ, որ նախագիծը կրկնակի թանկացել է՝ հասնելով 1,2 միլիարդ դոլարի, Ադրբեջանը ստիպված եղավ հավելյալ 575 միլիոն դոլարի վարկ տրամադրել Վրաստանին՝ վարկի ընդհանուր գումարը հասցնելով 775 միլիոն դոլարի։
2007-ին, երբ նոր ստորագրվեց այս նախագիծը, հայկական կողմից եւ պաշտոնապես, եւ «պետականամետ» վերլուծաբանների շուրթերով հեգնանքի խոսքեր եւ գնահատականներ էին հնչում այս առիթով: Ի հեճուկս հայկական կողմի բոլոր թերահավատությունների՝ նախագիծն ընթացքի մեջ է եւ կարծես՝ բավականին հաջող: Իսկ այս ընթացքը հիշեցնում է Բաքու-Ջեյհանի շուրջ ստեղծված իրավիճակը: Արդյունքում Հայաստանը հերթական տնտեսական հարվածն է ստանում իր հարեւաններից: ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը սա համարում է «Հայաստանի հերթական տնտեսական պարտությունը»:
Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը զերծ մնալով մեկնաբանություններից՝ ներկայացրեց Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը. «Մենք գտնում ենք, որ այդ ծրագիրը որեւիցե կայունություն չի բերի տարածաշրջանին: Մենք դեմ ենք 21-րդ դարում նոր բաժանարար գծերի ստեղծմանը»: Դիտարկմանը՝ անկախ ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշումից՝ ծրագիրն ընթացքի մեջ է, ավելին, բարեհաջող ավարտ է խոստանում, Բալայանը հիշեցրեց, որ Եվրամիությունը դեռեւս մի քանի տարի առաջ նույնպես բացասական տեսակետ է հայտնել այդ նախագծի կապակցությամբ: Մեր կողմից հիշեցնենք, որ ԱՄՆ-ը նույնպես հրաժարվել էր այս ծրագրի ֆինանսավորումից՝ շեշտը դնելով հայ-թուրքական սահմանի բացման նպատակահարմարության վրա: Բայց կյանքը ցույց տվեց, որ հայ-թուրքական սահմանը բացելու անգամ ԱՄՆ-ի ջանքերը արդյունք չեն տալիս, մինչդեռ «մերժված» Բաքու-Թբիլիսի-Կարսը բարեհաջող կառուցվում է:
Թե ի՞նչ ազդեցություն կունենա գերտերությունների եւ Հայաստանի բացասական վերաբերմունքը արդեն երկաթուղու շահագործման փուլում՝ ապագան ցույց կտա: Միայն հիշեցնենք, որ վերջերս մամուլի ասուլիսում Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին ի պատասխան լրագրողների հարցադրման՝ արդյոք Հայաստանը կկարողանա՞ դրանով բեռներ տեղափոխել՝ նկատի առնելով, որ Ադրբեջանը ցանկանում է այդ երկաթուղու կառուցմամբ Հայաստանին մեկուսացման մեջ գցել, ասել էր, որ Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու կառուցումից հետո Վրաստանը թույլ կտա, որպեսզի Հայաստանը դրանով ապրանքներ տեղափոխի դեպի Եվրոպա. «Մենք ոչ մեր բարեկամներին եւ ոչ էլ թշնամիներին երբեք թույլ չենք տալիս մեզ քաղաքականություն թելադրել: Մենք բացահայտորեն հայտարարել ենք, որ մենք Հայաստանի հետ բարեկամներ ենք, եւ ոչ մի երրորդ երկիր երբեք չի կարող ազդել այդ հարաբերությունների վրա, եւ Հայաստանի մեկուսացման մասին խոսք լինել չի կարող: Մեզ չեն կարող թելադրել, թե ինչպես շահագործել երկաթուղին, որը գտնվում է մեր տարածքում»:


















































