Երեկ Սահմանադրական դատարանում նշվեց Սահմանադրության օրը: Մասնակցում էին վարչապետը, արդարադատության նախարարը, ԱԻՆ նախարարը, ԱԺ փոխնախագահը, գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանը, զինդատախազը: «Սահմանադրության գերակայության երաշխավորման արդի մարտահրավերները» թեմայով զեկուցումով հանդես եկած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նկատեց, որ վերջին 4 տարիների ընթացքում երկրի կառավարությունը ընդամենը 1 անգամ է դիմել ՍԴ, նախագահը չի դիմել, ՏԻՄ-երը ոչ մի անգամ չեն դիմել, դատարանները՝ մատների վրա հաշված անգամներ՝ իրավական փաստաթղթի սահմանադրականության հարցով: «Արդյունքում այդ ամենը սահմանադրականության երաշխավորման խնդրի լուծումը մղում են հետին պլան, եւ կուտակվում է, այսպես կոչված, բացասական հասարակական էներգիան, որը պետք է պարպվի, եթե ոչ իրավաչափ ճանապարհով, ապա այլ ճանապարհով, ինչը շատ վտանգավոր է»,- ասաց ՍԴ նախագահը:


















































