Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ

Հուլիս 07,2011 00:00 Share

Երեկ Երեւանում հրավիրվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունների՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 10-րդ նիստը, որը նախագահում էր Ռուսաստանի թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը: Նիստի հանդիսավոր բացմանը մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, ՀՀ-ում ՀԱՊԿ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները: Քննարկումների ընթացքում ընդգծվեց, որ թմրաշրջանառության վիճակը հետխորհրդային տարածքում բնութագրվում է թմրամիջոցների ապօրինի օգտագործման  շարունակական ընդլայնումով: Թմրաբիզնեսը սերտաճում է կազմակերպված հանցավորության եւ ահաբեկչական կազմակերպությունների հետ, ակտիվանում է միջազգային հանցավոր խմբերի եւ ընկերությունների ներթափանցումը ՀԱՊԿ անդամ պետությունների անլեգալ շուկաներ: Միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրվեց աֆղանական թմրամիջոցների ապօրինի արտադրության, շրջանառության եւ օգտագործման հարցին՝ նպատակ ունենալով փակել աֆղանական մաքսանենգ թմրուղիները,  կասեցնել թմրամիջոցներից ստացված եկամուտների լվացումը:
Համակարգող խորհրդի հերթական նիստը կանցկացվի 2011 թվականի երկրորդ կեսին,  Մինսկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել