Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-Ի ԴԵՐԸ ԱՍԵՂ ԹԵԼԵԼՆ Է

Հուլիս 07,2011 00:00 Share

\"\"Հիմա նա ԿԸՀ կգործուղի ընտրակեղծիքների բազմամյա փորձառություն ունեցողներին եւ դա կանի շատ գեղեցիկ ձեւով՝ «մրցույթով»:

Եվս երկու օր, եւ հունիսի 9-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կհրապարակի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում իր 3 ներկայացուցիչների անունները: Հիշեցնենք, որ «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխությունների համաձայն,  ՀՀ նախագահը նշանակում է ԿԸՀ հանձնաժողովի յոթ անդամներին, որոնցից երեքին՝ ՄԻ պաշտպանի, երկուսին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի եւ եւս երկուսին՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջարկությամբ: ԿԸՀ-ում իր ներկայացուցիչներին ընտրելու համար ՄԻ պաշտպան Կ. Անդրեասյանը միակն էր, որ որոշել է դա անել մրցութային կարգով: Ընդունվել են մրցույթին մասնակցելու հայտեր, սահմանվել է թեկնածուների ընտրության կարգը: Այս վերջինը հիմնականում կրկնում է ԸՕ-ում ամրագրված դրույթները. մասնավորապես՝ կարգի 11-րդ կետով՝ «ԿԸՀ անդամի թեկնածուների ընտրության ժամանակ հաշվի կառնվեն հայտատուների քաղաքական չեզոքությունը, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը նպաստելու հիմնավորված եւ արժանահավատ պատրաստակամությունը»: Իհարկե, ԸՕ-ում այս կետի առաջին հատվածը շատ ավելի մատչելի է գրված. հոդված 37-ի 4-րդ եւ հոդված 40-ի 3-րդ կետերում, համապատասխանաբար՝ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամն աշխատում է մշտական հիմունքներով: Նա չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք՝  բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից, զբաղվել քաղաքական գործունեությամբ», եւ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է լինել ընտրական իրավունք ունեցող ՀՀ այն քաղաքացին, որը հրապարակային հասարակական-քաղաքական գործունեություն չի ծավալում», եւ էլի մի շարք պայմաններ: Սա ամենաուշագրավն ու ինտրիգայինն է ՄԻ պաշտպանի հայտարարած մրցույթի համատեքստում: Բանն այն է, որ ՄԻՊ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, 22 թեկնածուներից առաջին փուլը հաղթահարել են 18-ը, որոնց թվում է ոչ միայն ԿԸՀ նախկին նախագահ Գարեգին Ազարյանը, որը հայտնի է առնվազն երկու կեղծված ընտրություններ՝ 2007-ին եւ 2008-ին, կազմակերպելու տաղանդով եւ որեւէ կերպ չի կարող համարվել «մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը նպաստող», այլեւ ԿԸՀ-ում նրա քարտուղարը՝ Աբրամ Բախչագուլյանը, որը 2003-ից ի վեր ՀՀԿ կողմից ԿԸՀ-ում նշանակված լինելով հանդերձ՝ նաեւ ՀՀԿ անդամ է: Ու եթե Բախչագուլյանն այսօր շարունակում է մնալ թեկնածուների ցանկում, դա արդեն նշանակում է վերը մեջբերված օրենքի համապատասխան կետերի անտեսում, եւ որ ՄԻՊ-ն առնվազն ազնիվ չի խաղում: Իսկ այն, որ Բախչագուլյանը թեեւ իր կենսագրականում ՀՀԿ-ական լինելու մասին չի նշել, բայց հավատարիմ ՀՀԿ-ական է, կամ որ առնվազն չի կարող քաղաքականապես չեզոք լինել՝ փաստում են ոչ միայն նրա ՀՀԿ-ականի կրծքանշանը, որը նա  հպարտությամբ է կրում, այլեւ ՀՀԿ պաշտոնական կայքի առանձին հաղորդագրություններն ու խոսուն լուսանկարները:
Ուրեմն ի՞նչ նպատակ ունի այս հերթական թատրոնը: Ըստ փորձառու «էքսպերտների»՝ 7 հոգանոց ԿԸՀ-ում իշխանությունն իրեն անվերապահորեն հավատարիմ մեծամասնություն պիտի ունենա, եւ այդ գործը գլուխ բերելու համար հարկ է, որ Վճռաբեկ դատարանի երկու թեկնածուներին գումարվի նաեւ ՄԻՊ-ի առաջարկած եւս երկու, ընդ որում՝ ոչ թե «փողոցից» ԿԸՀ եկող, այլ ընտրակեղծիքների եւ նկարչության սովոր փորձառու հանձնաժողովական: Ինչ վերաբերում է մրցույթի մյուս մասնակիցներին, ապա 18 թեկնածուներից երկուսը դե, արդեն ԿԸՀ-ական են, եւս երկուսը ՄԻՊ-ի աշխատակազմից են, չորսը ՄԻՊ-ի ղեկավարած «Դիֆենս» փաստաբանական ընկերության աշխատակիցներ են, մի մասն էլ ընդհանրապես ընտրական պրոցեսներում երբեք ընդգրկված չեն եղել, էլ չենք ասում ԸՕ-ի այս մի պահանջին համապատասխանության մասին՝ «վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 3 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ»: Նրանք էլ այս փուլում դեռ թեկնածուների ցանկում են՝ թերեւս, Ազարյանի եւ Բախչագուլյանի «ֆենոմենը» չեզոքացնելու համար: Ահա եւ ողջ պատմությունը:
Ու թեեւ արդեն պարզ է, թե ովքեր են լինելու ՄԻՊ-ի արդար ու թափանցիկ ընտրության հաղթող թեկնածուները, եւ թե Ազարյանն ու Բախչագուլյանը  հերթական անգամ որքա՜ն ազատ ու արդար ընտրություններ կարող են կազմակերպել, այդուհանդերձ, ԿԸՀ անդամների նշանակման նոր կարգի շուրջ զրուցեցինք ԿԸՀ նախկին անդամ, ընդդիմության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանի հետ:  Նա համոզմունք հայտնեց, որ հասարակությունը վստահություն չի տածում ո՛չ Վճռաբեկ դատարանի եւ ո՛չ էլ ՄԻ պաշտպանի ինստիտուտի հանդեպ, որովհետեւ ո՛չ դատարանները եւ ո՛չ էլ ՄԻՊ-ը երբեք անկախ չեն եղել իշխանությունից, ուստի՝ «որքան էլ նրանք փորձեն արդար ընտրություններ անցկացնել՝ հասարակությունը մեծ հաշվով համոզված է լինելու, որ արդար ընտրություններ չեն եղել»: Նա ընտրական հանձնաժողովները ձեւավորելու 2 արդյունավետ տարբերակ մատնանշեց. «Կամ ընտրական հանձնաժողովներում ներկայացված պիտի լինեին հավասար չափով ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչներ, կամ ընտրությունների կազմակերպումն ամբողջապես պետք է դրվեր մեկ կառույցի վրա, որն ընտրությունների ողջ ընթացքի համար պատասխանատվություն կստանձներ: Օրինակ, ՀԱԿ-ն առաջարկում էր, որ դա ոստիկանությունն անի: Այն կարգով, որով փորձում են հիմա հանձնաժողովներ ձեւավորել, չի կարող վստահություն ներշնչել: Դրանում մենք կհամոզվենք շուտով, երբ ԿԸՀ անդամները նշանակվեն: ԿԸՀ-ում կլինեն մարդիկ, ովքեր մեկ անգամ չէ, որ ներքաշված են կեղծված  ընտրությունների կազմակերպման մեջ»:
Մեր դիտարկմանը, թե՝ ՄԻՊ գրասենյակն ու Փաստաբանների պալատը հասարակության մեջ քիչ թե շատ վստահություն ներշնչող կառույցներ են եւ երբեք մինչ այս ընտրական պրոցեսներում եւ առավել եւս կեղծիքների մեջ ներքաշված չեն եղել, տիկին Թադեւոսյանը հակադարձեց. «Ես չգիտեմ՝ Հայաստանում երբեւէ մարդու իրավունքների պաշտպան եղե՞լ է: Ես դա երբեւէ չեմ տեսել, չեմ զգացել մի կառույցի գոյություն, որն իր հիմնական խնդիրը համարել է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների, շահերի պաշտպանությունը, իսկ հակառակը տեսել եմ: Տեսել եմ, թե ինչպես են ՄԻ պաշտպանները թելել իշխանության ասեղը: Շատ կուզեի հակառակում համոզվել»: Ի՞նչ է կարծում ԿԸՀ նախկին անդամը՝ իր նախկին գործընկերներ Գարեգին Ազարյանն ու Աբրամ Բախչագուլյանը ԿԸՀ-ում նորովի՞ են ընկալելու արդար ու ազատ ընտրությունները կամ այլեւս անելիք ունե՞ն: «Դե,  եթե անող էին, մինչեւ հիմա ո՞վ էր նրանց խանգարում կամ ձեռքը բռնում, որ նորմալ ընտրություններ անցկացնեին: Թող անեին: Կարծում եմ, անելու ժամանակ շատ ունեին»,- ասաց Զ. Թադեւոսյանը՝ ուշադրություն հրավիրելով հենց այն փաստի վրա, որ ԿԸՀ-ում ներկայացուցիչներ նշանակելու համար երեք գերատեսչություններից մրցույթ հայտարարեց միայն ՄԻՊ-ը. «Ուշադիր հետեւեք այս պրոցեսին, եւ ձեզ համար էլ պարզ կլինի, թե նա ինչու որոշեց մրցույթ հայտարարել: Դա ժողովրդավարության վկայությո՞ւն է: Ոչ, իհարկե:  Երբ  հայտնի լինի, թե ՄԻՊ-ն ո՞ւմ է ԿԸՀ-ում նշանակել՝ կհասկանանք, թե դա ինչու արվեց: Պատասխանն ինքը կտա»: Ուզում եք ասել, որ ՄԻՊ-ն իր ներկայացուցիչներին, իբր, մրցույթով ընտրելու շոուն կազմակերպել է նախկինում ընտրակեղծիքներով համեմված ընտրություններ կազմակերպած մարդկանց այդկերպ լեգիտիմացնելո՞ւ համար: «Այո, նպատակը միայն դա է, ուրիշ բան դրանում մի էլ փնտրեք: Դեռ կհամոզվեք՝ ՄԻՊ-ն իր աշխատակիցներին չի վստահելու, վստահելու է այն մարդկանց, ում հրաման է արձակվել, որ պիտի վստահի եւ նորից գործուղի ԿԸՀ»,- եղավ մեր հարցի պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել